ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ ՀՀ սփյուռքի նախարարության կայքից
Երեկ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է «Ռադիո ԱՅԳ»-ի (ԱՄԷ) հիմնադիր Շաքե Մանգասարյանին, նրա քույրեր Սեդա, Լուսին Մանգասարյաններին եւ ռադիոյի խորհրդի մյուս անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կանադայի Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ ազգային շաբաթօրյա վարժարանի սաները՝ դպրոցի փոխտնօրեն Արա Տեր-Հարությունյանի գլխավորությամբ: Հ. Հակոբյանը բարձր է գնահատել «Ռադիո ԱՅԳ»-ի գործունեությունը հայապահպանության եւ ազգային արժեքների տարածման գործում:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ աշխատանքից ազատվելու դեպքում ո՞րն է համարվում սոցիալական փաթեթի դադարեցման ամիս:
Գայանե Մխիթարյան (32 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքի դադարման ամիս է համարվում աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող ամիսը, եթե աշխատողը չի օգտվել սոցիալական փաթեթի ծառայություններից կամ օգտվել է, սակայն չունի որեւէ պարտավորություն: Այս դեպքում սոցիալական փաթեթի գումարը դադարում է փոխանցվել աշխատողի սոցփաթեթի հաշվին աշխատանքից ազատվելու ամսվան հաջորդող երկրորդ ամսվանից: Իսկ այն դեպքում, երբ աշխատողն օգտվել է սոցիալական փաթեթի ծառայությունից եւ աշխատանքից ազատվելու օրվա դրությամբ ունի փոխանցման ենթակա պարտավորություններ, ապա անկախ աշխատանքից ազատվելու հանգամանքից՝ սոցիալական փաթեթի գումարները շարունակվում են փոխանցվել աշխատողի սոցիալական փաթեթի հաշվին` պարտավորությունների մարման նպատակով, բայց ոչ ավելի, քան ընթացիկ տարվա առաջին գումարի փոխանցման ամսվանից հաշված մեկ օրացուցային տարին լրանալը (օրինակ, եթե աշխատողի սոցիալական փաթեթի առաջին գումարը փոխանցվել է սոցփաթեթի հաշվին ապրիլին եւ աշխատողն աշխատանքից ազատվում է սեպտեմբերին, ապա այդ ընթացքում նրա հաշվին փոխանցվել է 6 ամսվա գումար, որից, օրինակ, 4 ամսվա գումարը նա արդեն փոխանցել է հանգստի ապահովման ծառայությանը, իսկ մնացած գումարը փոխանցել է առողջության ապահովագրության ծառայության համար եւ ունի վճարման ենթակա պարտավորություն այդ ծառայության համար: Այս դեպքում նա շարունակելու է ստանալ սոցիալական փաթեթի գումարների փոխանցում իր սոցփաթեթի հաշվին առավելագույնը մինչեւ հաջորդ տարվա մարտը ներառյալ` այդ ծառայության պարտավորությունը կամ դրա մի մասը մարելու նպատակով): Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը պարտավոր է դրա մասին 10-օրյա ժամկետում տեղեկացնել տվյալ անձի սոցիալական փաթեթի հաշիվն սպասարկող բանկին: Աշխատանքից ազատվելու դեպքում սոցփաթեթի հաշվում մնացած գումարի օգտագործման ուղղությունները մնում են նույնը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Կառավարության որոշմամբ սոցփաթեթի շահառուներին տրամադրվում է հավաստագիր, որը պարունակում է նրա անձնական տվյալները, եւ անհրաժեշտության դեպքում քաղաքացին կարող է այն ներկայացնել նշված բուժհիմնարկ:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե օտարերկրյա քաղաքացին ցանկանում է ՀՀ-ում ամուսնանալ, ապա ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Սիլվա Միրզոյան (37 տարեկան, նկարչուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
1. ամուuնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
2. ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով («APOSTILLE») հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ.
3. նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուuնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ.
4. անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է 853 օտարերկրացի, որոնցից 434-ը ստացել են մշտական գրանցում: