«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով: Այս օրերին նախարարը հանդիպում է ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում տիրող անարդարության մթնոլորտի վերաբերյալ, դժգոհում երկրի տնտեսական վիճակից եւ այդկերպ փորձում շոշափել առկա ընդհանուր տրամադրությունները, որպեսզի հասկանա, թե մարդկային ինչպիսի ռեսուրսներ է պետք ընդգրկել իր ապագա թիմում: Օհանյանի հետ հանդիպումների մասնակիցներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ՊՆ նախարարն անձամբ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա լիազորություններով: Նոր Սահմանադրության նախագծին Օհանյանի դեմ լինելու վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամսի 16-ին հավաքակայանում հայտնեց իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին: ՀՀ ՊՆ-ում որեւէ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ, նախարարը երբեք նման քննարկում չի արել, լինելու դեպքում մենք կտեղեկացնենք»:
Արդեն մեկ տարուց ավել է` Երեւանի դատարանների նախագահները, դատական գործերը ստանալիս, այլեւս իրավունք չունեն ինքնուրույն մակագրել այս կամ այն դատավորին: Նրանց փոխարեն դատավորին ընտրում է համակարգիչը: Նոր համակարգը ներդրվել է գործերը «արդար» բաժանելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս նորամուծության «մեղավորը» Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն է: Ըստ լուրերի՝ գործերը ստանալիս նա դրանք մակագրել է այն ժամանակ, երբ դատավորներից որեւէ մեկը «խնդրել» է գործն իրեն տալ, կամ էլ հայցվորն է «դիմել»: Նկատենք, սակայն, որ այս նորամուծությունից հետո շատ հաճախ այնպես է ստացվում, որ տնտեսական հայցերը քննում է այնպիսի դատավոր, որը թվերից, մեղմ ասած, «գլուխ չի հանում»: «Ժողովուրդ»-ը Ուզունյանից հետաքրքրվեց՝ ճիշտ է, որ իր սուբյեկտիվ գործելաոճի արդյունքում է նոր համակարգը ներդրվել, ինչին նա պատասխանեց. «Ձեր հարցի մեջ պրովոկացիա կա, եւ դրա համար չեմ պատասխանում»:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ այս տարվա համընդհանուր տեսչական եւ հարկային ստուգումների արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում նորմալ գործել: Երեկ տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր հանձնարարականով հաստատել է, որ ստուգումներն արդեն դարձել են անտանելի, եւ տնտեսվարողներին թույլ չեն տալիս բնականոն գործել: Վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է «տեսչություններ ունեցող պետական մարմինների ղեկավարների հետ քննարկել մինչեւ 2015 թ.-ի ավարտը ստուգումների կասեցման հնարավորությունը»: Առավել ուշագրավ է Աբրահամյանի հետեւյալ միտքը. «Կարծում եմ՝ մենք պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին եւ այս իրավիճակում մենք ամեն ինչ պետք է անենք` բացառելու անհարկի միջամտությունները եւ նվազագույնի հասցնենք բոլոր կարգի ստուգումները»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության ձեռքբերման մրցույթ հայտարարել: Համապատասխան որոշման նախագիծը կհաստատվի հուլիսի 27-ին կայանալիք նիստում: Ըստ որոշման նախագծի կից հավելվածի՝ մրցույթի առիթը Սերժ Սարգսյանի` հունիսի 27-ին հնչեցրած հանձնարարականն է: Խոսքն այն ելույթի մասին է, որով ենթադրվում էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աուդիտ պետք է անցկացվի: Ընտրված խորհրդատուն երեք փուլով պետք է եզրակացություններ ներկայացնի, որոնք վերնագրված են. «1. Շուկայի (խոսքը էներգետիկայի շուկայի մասին է) կառուցվածքի վերլուծությունը եւ խնդիրների վերհանումը: 2. Սակագների օպտիմալացման տարբերակների վերլուծությունը: 3. Երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հնարավոր հետագա մշակումը եւ դրա շուրջ խորհրդատվությունը»: Առավել հավանական է, որ այս որոշումից հետո ՀԷՑ-ի աուդիտի թեման փակված կհամարվի:
ԿՀԱՆԴԻՊԵՆ
Այսպիսով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին շրջանում գործադրած ջանքերը կարծես թե տվեցին իրենց արդյունքը. չնայած երկուստեք հնչեցված փոխադարձ սուր քննադատությանը եւ միմյանց լեգիտիմությունը կասկածի տակ դնող հայտարարություններին` այնուամենայնիվ, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտնել են իրենց պատրաստակամությունը առաջիկա ամիսներին հանդիպելու շուրջ:
«Նախագահները հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին շարունակել աշխատանքը համանախագահների հետ նախագահական գագաթնաժողովի օրակարգի շուրջ»,- երեկ հայտարարել են տարածաշրջանային այցը ավարտած համանախագահները: Թե կոնկրետ երբ կկայանա այդ հանդիպումը եւ որտեղ, առայժմ հայտնի չէ, սակայն արդեն իսկ այն փաստը, որ ներկայիս խիստ սրված հռետորաբանության եւ սահմանային լարվածության ֆոնին երկու երկրների նախագահները քննարկում եւ համաձայնություն են տալիս հետագա հանդիպման վերաբերյալ, կարելի է ասել` դրական դինամիկա խոստացող փաստ է:
Առաջիկա հանդիպումը կարող է նշանակալի առաջընթաց խոստանալ հատկապես Իրանի շուրջ՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ընթացքից ելնելով, քանզի կասկածից դուրս է, որ Իրանի վերադարձը համաշխարհային քաղաքական եւ տնտեսական գերտերությունների ակումբ լիովին վերաձեւելու է տարածաշրջանում գերտերությունների ունեցած ազդեցության եւ հավակնությունների չափաբաժինները: Եվ դա առաջին հերթին վերաբերելու է Ադրբեջանի մեծ եղբորը` Թուրքիային:
Իհարկե, նույն Իրանի գործոնը կարող է հակառակ` զսպիչ նշանակություն ունենալ Ռուսաստանի Դաշնության դեպքում, սակայն դատելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի` վերջին օրերին արված հայտարարություններից, թե ներկայումս ստեղծվում են լուրջ հիմքեր հակամարտության մոտալուտ լուծման համար, կարելի է ենթադրել, որ այս փոլում Ռուսաստանն առանձնապես չի նյարդայնանում Իրանի ռեաբիլիտացիայից:
Ինչեւէ: Առայժմ համանախագահները մտահոգված են սահմանային լարվածության էսկալացիայից եւ կոչ են անում կողմերին` «քայլեր կատարել հրադադարը պահպանելու ուղղությամբ»: Արդյոք այդ կոչերը լսելի կլինեն մինչ առաջիկա հանդիպումը, թե հենց լարվածության էսկալացիան կարագացնի նախագահների հանդիպումը, ինչպես անցած տարի հենց այս օրերին, պարզ կդառնա առաջիկայում: