Որքանով են խոշոր հարկատուները հարստացրել պետբյուջեն. նրանց վճարած հարկերը նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների վճարած հարկերը, անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ, 917 միլիոն 685 հազար դրամով նվազել են: Այս տարի խոշոր հարկատուներն ընդհանուր վճարել են 325 միլիարդ 15 միլիոն 86 հազար դրամի հարկ` անցած տարվա 325 միլիարդ 932 միլիոն 772 հազար դրամի դիմաց:

Խոշոր հարկատուների ցուցակն այս տարվա առաջին կեսի արդյունքներով, ինչպես միշտ, գլխավորում է «Գազպրոմ-Արմենիան», որը 24 մլրդ 616 մլն 391 հազար դրամի հարկ է վճարել` անցած տարվա 23 մլրդ 966 մլն 906 հազար դրամի դիմաց: Խոշոր հարկատուների ցուցակի մնացած կազմը, անցած տարվա համեմատ, էապես փոխվել է:
Այսպես, «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարի երկրորդն է 9 մլրդ 759 մլն դրամի հարկային վճարումներով: Մինչդեռ անցած տարի այս ընկերությունը եղել է ցուցակի 5-րդ հորիզոնականում 6 մլրդ 21 մլն դրամի հարկային վճարումներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում այս տարի երրորդն է, իսկ անցած տարի եղել է 7-րդը: ՀԷՑ-ի վճարած հարկերն անցած տարի եղել են 5 մլրդ 477 մլն դրամ, իսկ այս տարի աճել են մինչեւ 8 մլրդ 833 մլն դրամի: ՀԷՑ-ի վճարած հարկերի ավելացումը պայմանավորված է սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագին անցած տարվա օգոստոսի 1-ից բարձրացնելու փաստով:

Հիշեցնենք, որ անցած տարվա առաջին կեսին էլէներգիան սպառողին մատակարարվում էր 1 ԿՎտ/ժ-ը ցերեկային սակագնով 38 դրամ, իսկ գիշերային սակագնով՝ 28 դրամ, իսկ արդեն նույն տարվա օգոստոսի 1-ից 1 ԿՎտ/ժ-ի սակագինը դարձավ համապատասխանաբար 42 եւ 32 դրամ:

«Ալեքս Գրիգ» ընկերությունը, որն անցած տարի զբաղեցրել էր խոշոր հարկատուների ցուցակի 3-րդ հորիզոնականը` 9 մլրդ 606 մլն հարկային վճարումներով, ապա այս տարի այդ ընկերությունը մեկ տողով նահանջել եւ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նշենք, որ «Ալեքս Գրիգի» հարկային վճարումներն այս տարի նվազել եւ կազմել են 8 մլրդ 624 մլն դրամ: Անկումը կազմել է 772 մլն 475 հազար դրամ:
Անցած տարվա համեմատ՝ շեշտակի նվազել է նաեւ բջջային կապի ծառայություն մատուցող «Ղ-Տելեկոմ» ընկերության (ապրանքանիշը «Վիվասել») վճարած հարկերը:

Այս ընկերությունն անցած տարվա առաջին կեսի արդյունքներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը` 10 մլրդ 239 մլն հարկային վճարումներով: Իսկ այս տարի «Վիվասել»-ը վճարել է ընդամենը 4 մլրդ 282 մլն դրամի հարկ եւ խոշոր հարկատուների ցուցակում հանգրվանել է 9-րդ հորիզոնականում: Տեղեկացնենք, որ «Վիվասել»-ի վճարած հարկերն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են 5 միլիարդ 956 մլն դրամով: Խոշոր հարկատուների ցուցակի առաջին քսանյակում տեղի ունեցած տեղաշարժերն առավել հասկանալի դարձնելու համար ստորեւ ներկայացնում ենք այս տարվա եւ անցած տարվա առաջին կիսամյակների քսանյակի ցուցակները:

2015 թվական

1. «Գազպրոմ Արմենիա» 24 մլրդ 616 մլն 391.7 հազ.
2. «Զանգեզուրի պ/մ կոմ.» 9 մլրդ 759 մլն 582.7 հազ.
3. ՀԷՑ 8 մլրդ 833 մլն 991.4 հազ.
4. «Ալեքս Գրիգ» 8 մլրդ 624 մլն 073.8 հազ.
5. «ԱրմենՏել» 7 մլրդ 760 մլն 419.9 հազ.
6. «Գրանդ-տոբակո» 7 մլրդ 442 մլն 159.8 հազ.
7. «Ֆլեշ» 5 մլրդ 945 մլն 819.2 հազ.
8. ՀԱԷԿ 4 մլրդ 604 մլն 055.7 հազ.
9. «Ղ-տելեկոմ» (Վիվասել) 4 մլրդ 282 մլն 217.2 հազ.
10. «Սիփիէս օիլ քորփորեյշն» 4 մլրդ 68 մլն 502.7 հազ.
11. «Ինտերնեյշնլ մաս. տաբ.» 3 մլրդ 798 մլն 480.2 հազ.
12. «Ջեյ թի այ Արմենիա» 3 մլրդ 549 մլն 430.8 հազ.
13. «Ամերիաբանկ» 3 մլրդ 444 մլն 511.9 հազ.
14. «Ֆիլիպ մորիս Արմենիա» 3 մլրդ 85 մլն 685.9 հազ.
15. «Տրանսգազ» 2 մլրդ 944 մլն 861.3 հազ.
16. «Երեվան ՋԷԿ» 2 մլրդ 828 մլն 367 հազ.
17. «Ռենկո Արմէստեյտ» 2 մլրդ 826 մլն 808.8 հազ.
18. «Թեղուտ» 2 մլրդ 513 մլն 418.3 հազ.
19. «Օնիրա քլաբ» 2 մլրդ 383 մլն 547.9 հազ.
20. «Էյչ-էս-բի-սի բանկ» 2 մլրդ 322 մլն 468.5 հազ.

2014 թվական

1. «Գազպրոմ Արմենիա» 23 մլրդ 966 մլն 906.8 հազ.
2. «Ղ-Տելեկոմ» (Վիվասել) 10 մլրդ 239 մլն 036.4 հազ.
3. «Ալեքս Գրիգ» 9 մլրդ 606 մլն 466.9 հազ.
4. «ԱրմենՏել» 8 մլրդ 599 մլն 681.3 հազ.
5. «Զանգեզուրի պ/մ կոմ.» 6 մլրդ 21 մլն 288.5 հազ.
6. «ֆլեշ» 5 մլրդ 615 մլն 052.6 հազ.
7. ՀԷՑ 5 մլրդ 477 մլն 699.8 հազ.
8. «Գրանդ-տոբակո» 4 մլրդ 563 մլն 875.6 հազ.
9. «Սիփիէս օիլ քորփորեյշն» 4 մլրդ 420 մլն 204 հազ.
10. «Երեվանի կոնյակի գործ.» 3 մլրդ 677 մլն 697 հազ.
11. ՀԱԷԿ 3 մլրդ 60 մլն 353.9 հազ.
12. «Ֆիլիպ մորիս Արմենիա» 2 մլրդ 948 մլն 786.5 հազ.
13. «Ինտերնեյշնլ մաս. տաբ.» 2 մլրդ 919 մլն 907.1 հազ.
14. «Արսօյլ» 2 մլրդ 896 մլն 311.9 հազ.
15. «Տրանսգազ» 2 մլրդ 739 մլն 851.4 հազ.
16. «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» 2 մլրդ 703 մլն 592.5 հազ.
17. «Էյչ-էս-բի-սի բանկ» 2 մլրդ 472 մլն 251.1 հազ.
18. «Օրանժ Արմենիա» 2 մլրդ 458 մլն 934.9 հազ.
19. «Ամերիաբանկ» 2 մլրդ 415 մլն 642.6 հազ.
20. «Դանդի փրիշս մեթալս» 2 մլրդ 373 մլն 583.6 հազ.
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս