ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից

Երեկ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշին: Կառավարության ղեկավարը կարեւորել է շվեյցարահայ բարերարի ֆինանսավորմամբ «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, որի կյանքի կոչման համար ներդրվելու է շուրջ 150 մլն դոլար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանում եւ Արցախում նախատեսվող ներդրումային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ՀՀ երկքաղաքացիներն ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն: Եվ ցանկանում եմ տեղեկանալ, թե ի՞նչ կարգով է լուծվում ՀՀ երկքաղաքացիների զինապարտության հարցը:

Մանվել Կիրակոսյան (37 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:
Ինչ վերաբերում է զինապարտությանը, ապա նշենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած պետությունների: Միաժամանակ հայտնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից՝ ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ: Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջերս ԱԺ-ում քննարկվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենքը տարածվում է 1992-ի աշնանային զորակոչից մինչեւ 2013-ի դեկտեմբերի 1-ը զինծառայություն չանցած քաղաքացիների վրա, իսկ Կառավարությունն առաջարկում է, որ ժամկետը երկարաձգեն, եւ այն տարածվի մինչեւ 2014-ի դեկտեմբերի 31-ը զինծառայություն չանցածների վրա, որպեսզի 27 տարեկանը լրացածները կարողանան համապատասխան վճարումները, տույժ-տուգանքները կատարել եւ խնդիրը կարգավորել: Ավելացնենք, որ 800 մարդ այս օրենքից օգտվել է, եւ ՊՆ-ի հատուկ հաշվին վճարվել է մոտ 800 մլն դրամ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ինքնակամ կառույցը, եւ, ընդհանրապես, ինչպե՞ս է կատարվում վերջինիս օրինականացման գործընթացը:

Գրիգոր Կարապետյան (52 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինքնակամ կառույց է համարվում oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամաuում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, Կառավարության սահմանած կարգով:
Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ եթե պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում օրինականացվել է ինքնակամ կառույց, այդ կառույցն իրականացրած անձն անհայտ է, եւ կառուցը որեւէ անձի կողմից չի օգտագործվում, ապա օրինականացված կառույցն ու դրա համար առանձնացված հողամասը տնօրինվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:




Լրահոս