Երեւանի «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ը հերթական անգամ հայտնվել է դատարանում: Այս անգամ բուհը խնդիրներ ունի արդեն իսկ սնանկացած «Բաղդոյան-շին» ընկերության հետ:
Նախ` նշենք, որ «Բաղդոյան-շին» ընկերության գործունեության հիմնական տեսակներն են՝ շինարարությունը, ճանապարհների ասֆալտապատումը եւ երկաթ-բետոնյա կոնստրուկցիաների արտադրությունը: Նախորդ տարի, սակայն, «Բաղդոյան-շին»-ը սնանկացել է, եւ հիմա ընկերության գույքը աճուրդի է հանված:
Իսկ մինչ այդ` դեռեւս 2010թ-ին, «Բաղդոյան-շին» ընկերությունը դիմել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջել «Խ. Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարան» ՊՈԱԿ-ից բռնագանձել 37 մլն 188 հազար 500 դրամ: Այնուհետեւ նույն դատարանի որոշմամբ՝ վարույթ էր ընդունվել բուհի հակընդդեմ հայցն ընդդեմ «Բաղդոյան-Շին» ընկերության: Սակայն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով բավարարվել էր ընկերության հայցն ընդդեմ բուհի:
Իսկ որտեղից էր առաջացել գումարային այդ վեճը: Բանն այն է, որ «Բաղդոյան-Շին» ՍՊԸ-ն պետք է իրականացներ բուհի հին մասնաշենքի սպորտային դահլիճի վերնահարկի՝ ընթերցասրահի վերանորոգման աշխատանքները, որոնք սկսվել են պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո եւ պետք է ավարտվեին մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 30-ը: Պայմանագրի գինը կազմում է 184 մլն 398 հազար 600 դրամ, որը ներառում է կապալառուի կողմից իրականացնող բոլոր ծախսերը:
Սակայն շինարարական աշխատանքների սկզբում տանիքի ապամոնտաժման եւ սպորտային դահլիճի քանդման աշխատանքներն իրականացնելիս պարզվել է, որ շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, եւ կրող սյուների վրա հնարավոր չէ կառուցել երկրորդ հարկ: Առաջարկվել է կատարել իրականացվող աշխատանքների ծավալային եւ նախագծային փոփոխություններ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 269 մլն 237 հազար 560 դրամ:
Ըստ «Բաղդոյան-շին»-ի՝ շինարարությունը սկսելուց հետո բուհի տնօրինությունը սկսել է խախտել իր պայմանագրային պարտավորությունները: Նախ՝ միակողմանիորեն իջեցրել է մրցույթում շահած, սահմանված ապրանքների եւ աշխատանքների գինը, որի հետեւանքով «Բաղդոյան-շին»-ը կրել է շուրջ 29 մլն դրամի վնաս: Այնուհետեւ անհարկի` մինչեւ 2010 թվականի մարտ ամիսը, ձգձգել եւ օրենքով սահմանված ժամկետում չի ներկայացրել փոփոխված նախագծերը:
Բացի այս՝ «Բաղդոյան-շին»-ը վստահեցնում է, որ բուհի ճարտարագետի սխալ ցուցումների եւ ներկայացված շիննորմերի խախտումներով արված նախագծերի հետեւանքով մարզադահլիճի ծածկը ճկվել է, որի պատճառով անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել աշխատանքները, կատարել լրացուցիչ ծախսեր եւ շինարարական աշխատանքներ: Արդյունքում «Բաղդոյան-շին»-ը կրել է մեծ վնասներ եւ չի կարողացել կատարել իր հարկային պարտավորությունները, ինչի պատճառով հարկային ծառայությունը դատական կարգով արգելանք է դրել ընկերության գույքի, դրամական միջոցների վրա: Այս ամենից հետո, ըստ «Բաղդոյան-շին» ընկերության, բուհը, առանց պայմանագիրը լուծելու, աշխատանքների կատարումը հանձնել է մեկ այլ շինարարական կազմակերպության:
Սա կատարվածի` ընկերության ներկայացրած տարբերակն է, իսկ, ահա, բուհը հակառակ ապացույցներ է բերում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բուհը «Բաղդոյան-շին»-ի բանկային հաշվին, 2009-2010 թվականներին ընդհանուր հաշվով, փոխանցել է 134 մլն 75 հազար 320 դրամ եւ ունի սա փաստող համապատասխան փաստաթղթեր: Ավելին՝ բուհը պնդում է, որ «Բաղդոյան-շին» ընկերությունն է իրենց պարտք եւ համալսարանին պետք է վերադարձնի ավել փոխանցված 12 մլն 593 հազար 578 դրամը: Այս պատճառաբանությունը նշված է բուհի վերաքննիչ բողոքում, որը ներկայացրել է ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Նշենք, որ բուհի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013 թվականի ապրիլի 30-ի վճիռը մասնակիորեն բեկանվել է. բուհից հօգուտ «Բաղդոյան-շին» ընկերության բռնագանձվել է 37 մլն 188 հազար 500 դրամ գումար: Այսպիսով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բեկանվել է, եւ քաղաքացիական գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Բաղդոյան-շին» ընկերության հետ, սակայն մեր ձեռքի տակ առկա բոլոր հեռախոսահամարներին ոչ ոք չպատասխանեց: Այնուամենայնիվ, կապվեցինք «Բաղդոյան-շին»-ի սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Բաղդասարյանի հետ, որը ակնհայտ ագրեսիվ տոնով զայրացած հայտարարեց, թե հրաժարվում է մեր հարցերին պատասխանել եւ սպառնաց մեզ դատի տալ, եթե իր անունից որեւէ բան գրենք: Իսկ բուհի իրավաբան Էլեոնորա Տարախչյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս գործով վճիռը կհրապարակվի օգոստոսի 7-ին: «Խնդիրն այն է, որ առաջին ատյանի դատարանները թերի փաստաթղթերի պատճենների հիման վրա որոշում է, որ հօգուտ ընկերության մանկավարժական համալսարանից գումար բռնագանձել 37 մլն 188 հազար 500 դրամ»,- ներկայացրեց Տարախչյանը: Իրավաբանը հայտնեց նաեւ, որ նշված փաստաթղթերում կողմերի ստորագրությունները, անձանց անունները, ամսաթվերը գրված չեն եղել. «Մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել: Վերաքննիչ դատարանը հստակ նշել է, որ ապացույցները պետք է պատշաճ վավերացված լինեն՝ պատճենների տեսքով»:
Ի դեպ, ընկերության եւ բուհի միջեւ վեճն այսքանով դեռ չի ավարտվելու, որովհետեւ սնանկության գործերով դատարանում կա նաեւ քննվելիք գործ: Մեր զրուցակիցը նշեց, որ ընկերությունը բուհին դեռ պետք է վերադարձնի ավելի քան 12 մլն դրամ, քանի որ պայմանագրով տրված կանխավճարների դիմաց աշխատանք չի կատարվել:
«Իսկ քանի որ տվյալ ընկերությունը սնանկացած է, մեր հայցը կարճվել է: Սնանկության գործերով դատարանից մեզ մերժեցին այն հիմքով, որ դեռեւս վեճ կա մեր եւ ընկերության միջեւ: Վեճը կավարտվի, եւ մենք կրկին կդիմենք սնանկության գործերով դատարան եւ կպահանջենք մեր գումարը»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՕԳՈՍՏՈՍԻ 1-ԻՑ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը: Մասնավորապես օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում եւ «Եվրոթերմ» ՓԲԸ-ի Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում: Օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաեւ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն եւ «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում:
ՀՂԻ ԿԻՆԸ ՄԱՀԱՑԱՎ
Նախօրեին՝ առավոտյան, «Շենգավիթ» ԲԿ-ից ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկան կինը մահացել է: «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանի փոխանցմամբ` հղին իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր վիճակում, 35 շաբաթական հղիությամբ. նրա մոտ եղել է HELLT համախտանիշ եւ երկկողմանի թոքաբորբ: «Էրեբունի»-ում կատարվել է կեսարյան հատում: «Կնոջ վիճակն անհուսալի է եղել: Հակառակ դեպքում առաջատար մասնագետները նրա կյանքը կփրկեին»,-վստահեցրել է Շ. Հունանյանը: Նշենք, որ նորածնի վիճակը ծանր է:
1600 ԹԵՔԱՀԱՐԹԱԿՆԵՐ
Ավելի հարմարավետ Երեւան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաեւ թեքահարթակների կառուցման գործընթացը: Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այլեւ մասնավոր ընկերությունները: Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Հուսանք, որ ծրագիրը կունենա իր շարունակությունը, եւ թեքահարթակներով կապահովվեն ոչ միայն Երեւանի կենտրոնի, այլեւ ծայրամասերի շենքերն ու անցումները:
ԸՆԴԴԵՄ ՇՈԳԻՆ
Առողջապահության նախարարությունը նույնպես արձագանքել է հիդրոմետի կանխատեսումներին՝ առաջիկա օրերի աննախադեպ բարձր ջերմաստիճանի վերաբերյալ: Նախարարությունը հորդորում է հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ: Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն ջերմատվության եւ արյան շրջանառության բարելավման համար: Չի կարելի չարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները` թե՛ տաք, թե՛ սառը վիճակում: Նախարարությունը խորհուրդ է տալիս նաեւ չգնել արեւի ճառագայթների անմիջական ազդեցության ներքո պատրաստվող եւ վաճառվող սննդամթերք, ինչպես նաեւ՝ տեղում պատրաստվող, լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ եւ հյութեր: Պետք է նաեւ արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար: