ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ parliament.am-ից

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: ՀՀ ԱԺ նախագահն իր աջակցությունն է հայտնել դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերի հարցում: Դեսպանը նշել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում ինքն ունի մեծ փորձ եւ հավաստիացրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կձգտի սպառել այն ներուժը, որն առկա է երկու երկրների միջեւ: Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների մասին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Վերջերս ճանապարհային ոստիկանն ինձ կանգնեցրեց եւ ասաց, որ պետք է արձանագրություն կազմի, քանի որ ոստիկանական մեքենայի տեսանկարահանող սարքը ֆիքսել է, որ ես ղեկին հեռախոսով խոսել եմ: Փոքր-ինչ վիճաբանելուց հետո նա ասաց, որ պարտադիր չէ, որ սարքը նկարահանած լինի, ինքն անձամբ իր աչքով տեսել է, եւ դա բավական է՝ արձանագրություն կազմելու համար: Ես, իհարկե, չստորագրեցի կազմած արձանագրությունը: Եվ որոշ ժամանակ անց վարչական իրավախախտում ստացա: Ես դեռ այն չեմ վճարել եւ ցանկանում եմ բողոքարկել: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ:

Կարեն Ենոքյան (34 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ արձանագրությունը չստորագրելը դեռեւս չի նշանակում վարչական որոշման հետ համաձայն չլինել: Տվյալ պարագայում Դուք պետք է արձանագրության համապատասխան բաժնում գրեիք Ձեր անհամաձայնության մասին, այնուհետեւ ստորագրեիք եւ ստանայիք Ձեր որոշումը, որից հետո ձեռնամուխ կլինեիք Ձեր իրավունքների պաշտպանությանը: Քանի որ Դուք արձանագրությունը չեք ստորագրել, ապա վարչական որոշում փոստային առաքումով կստանաք խախտումն արձանագրելուց մի քանի օր անց: Որոշումը ստանալուց հետո արդեն ձեռնամուխ կլինեք Ձեր իրավուքների պաշտպանությանը:

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն մեզ դիմած քաղաքացին կարող է բողոքարկել եւ հնարավորության դեպքում պաշտպանել իր իրավունքները:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ մրցութային հավասար միավորներ հավաքելու դեպքում ո՞ր խմբերին է ըստ հերթականության առավելություն տրվում:

Սիլվա Հունանյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում.
ա) բոլոր տարիների մեդալակիր-դիմորդներին,
բ) արվեստի գծով միջազգային եւ հանրապետական մրցույթների հաղթողներին:
գ) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին,
դ) բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դիմորդների համար մրցութային 1-ին քննություն է համարվում դիմում-հայտում նշված առաջին քննությունը,
ե) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին,
զ) տվյալ մասնագիտությանը համապատասխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար ցանկանում ենք նշել, որ անցած՝ 2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Ստացվում է, որ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով: Թերեւս ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով:




Լրահոս