Ինչ է կատարվում Հայաստանի տնտեսությունում. հարկերի և տուրքերի մասով թերակատարում կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ պետական բյուջեն՝ հարկերի և տուրքերի հավաքագրման մասով, լուրջ թերակատարվել է: Օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները՝ հարկերի եւ տուրքերի մասով, կազմել են 501 միլիարդ 472 միլիոն 300 հազար դրամ: Անցած տարվա առաջին կեսին հավաքագրված հարկերը եւ տուրքերը կազմել են 499 միլիարդ 965 միլիոն 100 հազար դրամ: Այսինքն՝ այս տարի պետբյուջե մուտք եղած հարկերը եւ տուրքերն աճել են ընդամենը 0,3 տոկոսով:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե վիճակն այդքան էլ վատ չէ, ամեն դեպքում հարկերի եւ տուրքերի հավաքագրման աճ է արձանագրվել, թեկուզ եւ չնչին: Բայց իրականում այս ցուցանիշի տակ շատ լուրջ խնդիր է թաքնված: Բանն այն է, որ 2015 թվականի պետական բյուջեի պլանով այս տարվա առաջին կիսամյակում հարկեր եւ տուրքերի գծով եկամուտները պետք է կազմեին 523 միլիարդ 559 միլիոն 792 հազար դրամ: Այսինքն՝ հարկերի եւ տուրքերի գծով պետական բյուջեի թերակատարումն այս տարվա առաջին կեսին կազմել է 22 միլիարդ 87 միլիոն 492 հազար դրամ: Տոկոսային արտահայտությամբ պետական բյուջեի եկամուտների կիսամյակային պլանը թերակատարվել է 4,2 տոկոսով:

Թերեւս ոչ մեկը չի կասկածում, որ Հայաստանի հարկային ծառայության աչքից ոչ մի լումա չի վրիպում: Եթե հարկ կա, ապա հարկայինը հաստատ այն «կտանի»: Բայց այս իրավիճակը նշանակում է, որ տնտեսվարողները նախատեսվածից պակաս հարկեր եւ տուրքեր են վճարում, ապա նշանակում է՝ նրանք ի վիճակի չեն ավելին վճարելու: Ստեղծված իրավիճակն ուղղակի ապացուցում է, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան պլանավորված է եղել անցած տարվա վերջին: Տնտեսության ոչ բարենպաստ վիճակի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ տնտեսության երկու հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի եւ շահութահարկի գծով պետբյուջեի մուտքերն այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են: Մասնավորապես, այս տարի հավաքագրվել է 192 մլրդ 641 մլն դրամի ԱԱՀ՝ անցած տարվա 204 մլրդ 557 մլն դրամի դիմաց, անկումը կազմել է 5,8 տոկոսով: Շահութահարկի գծով այս տարվա վեց ամիսներին հավաքագրվել է 59 մլրդ 737 մլն դրամ, անցած տարի՝ 62 մլրդ 31 մլն դրամ, անկումը կազմել է 3,7 տոկոս:

Նշենք, որ հարկեր եւ տուրքերի գծով բյուջեի եկամուտներն այս տարի անցած տարվա ցուցանիշից ավել են մեկ հարկատեսակի՝ մաքսատուրքերի գծով արձանագրված կտրուկ աճի շնորհիվ: Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների մաքսատուրքերը կազմել են 30 մլրդ 355 մլն դրամ՝ անցած տարվա 24 մլրդ 425 մլն դրամի դիմաց: Բնականաբար, ընդհանուր հարկատեսակների վճարումների նվազման, ներմուծման ծավալների 27,2 տոկոս անկման պայմաններում մաքսատուրքերը չէին կարող աճել, սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի մաքսատուրքերն այժմ գոյանում են ոչ թե մեր երկիր ներկրված ապրանքներից գանձումների հաշվին, այլ Եվրասիական տնտեսական միության բյուջեից մեր երկրին հասանելիք մասնաբաժնի հատկացմամբ: Հայաստանի սահմանին գանձվող մաքսատուրքը ՀՀ պետբյուջե չի գնում, այն փոխանցվում է ԵՏՄ բյուջե, որտեղից հետագայում Հայաստանը ստանում է իրեն հասանելիք մասնաբաժինը, որը փաստացի ավելի շատ է ստացվում, քան մեր սահմանին գանձված գումարը: Այլ կերպ ասած՝ մաքսատուրքերի մոտ 6 մլրդ դրամի աճը կապ չունի մեր տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետ: Բայց կարեւորն այն է, որ այդ գործոնը նպաստել է, որպեսզի այս տարվա հարկերը եւ տուրքերը անցած տարվանից պակաս չլինեն:

Ի դեպ, 2015 թվականի պետբյուջեյում դոլարի փոխարժեքը սահմանված է 411 դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ հարկերի եւ տուրքերի պետբյուջեի պլանով նախատեսված 523 մլրդ 559 մլն դրամը կազմում է 1 մլրդ 273 մլն 868 հազար դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված 501 մլրդ 472 մլն դրամի հարկերը եւ տուրքերը դոլարի ներկայիս 480 դրամ փոխարժեքով կազմում են 1 մլրդ 44 մլն 733 հազար դոլար: Այսինքն՝ դոլարային արտահայտությամբ պետբյուջեի թերակատարումը կազմել է մոտ 230 մլն դոլար: Անցած տարվա վերջին 2015 թվականի պետբյուջեն կազմելիս ենթադրվել է, որ այս տարվա ընթացքում ինչ-որ թվով խնդիրներ պետք է լուծվեն, սակայն ներկա արդյունքները փաստում են, որ կիսամյակի արդյունքներով պետբյուջեի միջոցներով լուծվելիք խնդիրների ծավալը 230 մլն դոլարի չափով պետք է նվազեցվի, որովհետեւ ակնկալվող եկամուտներն այդքանով պակաս են ստացվել: Պետբյուջեի եկամուտների հավաքագրման թերակատարումը ներկա փուլում իրեն զգացնել չի տա, այս գործոնի բացասական ազդեցությունը կզգացվի արդեն տարեվերջին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս