Դեբեդի հովտում տեղացած կարկուտի վնասները կփոխհատուցվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին Դեբեդի հովտում տեղացած կարկուտի պատճառած վնասները մեծ են հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս, Լճկաձոր գյուղերում եւ Այրում քաղաքում: Կարկտահարությունից հետո բնական տարերքից տուժած բնակավայրերում ստեղծվել են տեղական հանձնաժողովներ, որոնք հաշվարկել են պատճառված վնասների չափերը:

Ըստ տեղական հանձնաժողովների կատարած հաշվարկների՝ Արճիսում կարկտահարության պատճառած վնասը 244 միլիոն, Լճկաձորում՝ 40, Այրումում՝ 15 միլիոն դրամի չափ է: Այդ 3 բնակավայրերում հավի ձվի մեծության կարկուտի հարվածներից բազում տների տանիքների ազբոշիֆերներ, տների եւ ավտոմեքենաների ապակիներ, ջերմոցների ծածկեր են ջարդվել: Սակայն դրանց գումարները նշված չեն կարկտահարության վնասների մասին վերոհիշյալ ակտերի մեջ:

Բացի այդ` Լճկաձորում եղել է 1000-ից ավել մեղվաընտանիք: Կարկտահարության պատճառով դրանցից մեղուները դուրս են եկել եւ ամբողջությամբ ոչնչացել: Լճկաձորում ոչնչացել է նաեւ 600 քառակուսի մետր մակերեսով ջերմոց: Կարկտահարությունից գրեթե 2 ամիս է անցել, սակայն տարերքից տուժած գյուղացիներին օգնություն չի ցուցաբերվել:

Արճիսի գյուղապետ Սեյրան Միկիչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Արճիսում կարկտից ջարդված ազբոշիֆերների, պատուհանների եւ այլնի վնասի գումարը կազմում է մոտ 12 միլիոն դրամ, սակայն իրենք չգիտեն՝ այն փոխհատուցելու համար պետական աջակցություն կլինի՞, թե՞ ոչ:

Ս. Միկիչյանի վկայությամբ՝Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ասել է, որ կարկտահարված այգիների, ցանքատարածությունների համար գյուղացիների վճարելիք հողի հարկի գումարի չափ՝ շուրջ 4 միլիոն դրամ, ավելացվելու է պետական բյուջեից Արճիս համայնքին տրվող գումարի չափը: Այդ կերպ գյուղացիները կազատվեն կարկտահարված, բերքից ամբողջությամբ զրկված այգիների, ցանքերի համար հողի հարկ վճարելուց, համայնքի բյուջեն էլ այդ չափով կհամալրվի:

Մեր հարցին՝ իսկ կորսված բերքի համար գյուղացիներին ոչ մի փոխհատուցում կամ աջակցություն չի՞ լինելու, գյուղապետը պատասխանեց. «Հայաստանում որտե՞ղ են ոչնչացված բերքի համար գյուղացիներին փոխհատուցել, որ Արճիսում փոխհատուցեն»:

Արճիս համայնքի ղեկավարը հայտնեց, որ Դեբեդի հովտում արդեն հակակարկտային կայաններ են տեղադրվել: Բագրատաշենի, Դեղձավանի եւ Պտղավանի տարածքում տեղադրվել են «Զենիթ» տեսակի 5 հակակարկտային կայաններ, առաջիկայում նման 2 կայան կտեղադրվի նաեւ Արճիսում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս