«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալի կողմից ներկայացված փաստերը իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՎ հանրային կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որով պարզաբանում է «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը՝ կապված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալից ստացված ահազանգի հետ:

«Հրապարակ» օրաթերթի` 2015 թվականի օգոստոսի 8-ի՝ «Պատիժ չէ, այլ` խոշտանգում» վերտառությամբ հրապարակման համաձայն` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը (անունը չի նշվում) զանգահարել է խմբագրություն և հայտնել, թե իբր «իրենք անմարդկային պայմաններում են ապրում, քնելու տեղերը մոտ երկու անգամ պակաս են` հերթով են քնում, լողանալու հնարավորություն էլ չկա»:

Քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ վերոնշյալ լրատվամիջոցում դատապարտյալի կողմից ներկայացված փաստերը իրականությանը չեն համապատասխանում:

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աստիճանական համալրմանը զուգահեռ այսօր արդեն տասնյակ տարիներ գոյություն ունեցող խնդրին լուծում է տրվել, ինչի արդյունքում էականորեն նվազել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գերբեռնվածությունը:

Կալանավորված անձանց և դատապարտյալների լոգանք ընդունելն իրականացվում է օրենքով սահմանված կարգով` շաբաթը մեկ անգամ, սակայն, ելնելով ներկայիս շոգ եղանակային պայմաններից, այն իրականացվում է ավելի հաճախակի:

Ըստ հրապարակման` «Բուժմասի զուգարանում «խոլերիա» կարելի է ընկնել, անկողինները կեղտոտ են, տառականները վխտում են»

Հիշյալ մեջբերմանն ի պատասխան` հայտնում ենք, որ իրականացվող վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջովին վերանորոգվել են հիմնարկի բուժմասը, բաղնիքն ու սանհանգույցները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ պետի կարգադրությամբ, սկսած 2015թ. սկզբից, քրեակատարողական բոլոր հիմնարկներում պարբերաբար իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բազմաբնույթ գործողություններ: Մասնավորապես՝ «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, պարբերաբար իրականացրել են քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ: Նշված աշխատանքների իրականացմանը զուգահեռ հիմնարկների ճաշարաններում, խոհանոցներում և բուժմասերում հաճախակի կատարվում են նաև միջատների վերացմանն ուղղված, ինչպես նաև բազմաբնույթ ախտահանման աշխատանքներ, ուստի «վխտացող տառականների» գոյության մասին պնդումները ևս չեն կարող համապատասխանել իրականությանը:

Ինչ վերաբերում է «կեղտոտ անկողիններին», ապա նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի համաձայն` յուրաքանչյուր կալանավորված անձ կամ դատապարտյալ պատասխանատու է իր բնակելի խցի մաքրության պահպանման համար, պետք է հետևի իրեն, ունենա կոկիկ տեսք և մաքուր քնելատեղ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ ամենն իրականացնելու համար կալանավորված անձանց և դատապարտյալներին ապահովում է համապատասխան միջոցներով, այդ թվում` հիմնական մաքրող միջոցներով և նյութերով ու չնայած աշխատանքային գերծանրաբեռնված գրաֆիկին` ամենօրյա հետևողական աշխատանք է իրականացնում խցերում մաքրությունը հավուր պատշաճի պահելու համար:

Ավելացնենք նաև, որ ծավալուն շինարարական աշխատանքներ են իրականացվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մասնավորապես՝ խցերի սանհանգույցներում, կարճատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում և այլ տեղամասերում:

Շինարարական աշխատանքներն այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:




Լրահոս