ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՈՒԶԱԾ ՊԱՀԻՆ ՓՈԽԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրության նախագիծն ավելի խայտառակ փաստաթուղթ է, քան մինչ օրս բոլորը պատկերացնում էին: Այդ փաստաթղթի հմայքները պարզվեցին երեկ, այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվեց նոր Սահմանադրության ամբողջական նախագիծը: Ըստ այդմ, պարզվում է, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են ներդնել մի համակարգ, որի պայմաններում Սահմանադրության կոնկրետ գլուխներում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ չի լինի հանրաքվե կազմակերպել: Նաեւ խորհրդարանը հնարավորություն կունենա երկու երրորդով փոփոխություններ կատարել: Մասնավորապես, առանց հանրաքվեի ԱԺ-ի կողմից փոփոխման ենթակա կարող են լինել ԱԺ-ի, նախագահի, Կառավարության, Դատախազության եւ քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի, վերահսկիչ պալատի եւ կենտրոնական բանկի վերաբերյալ գլուխները: Այսինքն՝ երբ ՀՀ իշխանությունները նոր Սահմանադրությունը ընդունել կտան հանրաքվեի միջոցով, իրավական ուժ կունենա, այդուհետ կարող են իրենց ցանկությամբ փոփոխել Հայաստանի ողջ կառավարման համակարգը: Ասենք՝ կարող են մեկ կամ երկու տարի հետո որոշել, որ Հայաստանը անցնում է կառավարման նախագահական համակարգին, եւ այդ նախագահին էլ նշանակում է հանրապետական կուսակցությունը, իսկ ինչու ոչ: Մի խոսքով, այս համակարգը ներդնելով՝ Հայաստանի ներկա իշխանությունները լիակատար ազատություն կստանան, եւ այլեւս նույնիսկ ձեւական հանրաքվե կազմակերպելու անհրաժեշտություն չի լինի:

 

 

 
Երեւան-Սեւան մայրուղում` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանին պատկանող «Սարանիստ» գործարանի հարեւանությամբ, նոր գազալցակայան է կառուցվում: Ներկայումս ընթանում են գազալցակայանի շինարարական աշխատանքները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գազալցակայանը կապվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Վարդան Հարությունյանի անվան հետ: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով դիմեցինք «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանին, որը ասաց. «Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը»: Ի դեպ, Շուշան Սարդարյանից միաժամանակ փորձեցինք պարզել, թե Հայաստանում գործող որոշ գազալցակայաններն ինչու են գազը երկու խողովակով ստանում, երբ թույլատրելին մեկն է, ու դրա համար էլ գազալցակայաններում տարբեր գներ են սահմանված: Ի պատասխան՝ Սարդարյանն ասաց. ««Գազպրոմ Արմենիա»-ն ապօրինի գազ չի վաճառում, եւ բոլոր գազալցակայանները աշխատում են օրինական դաշտում»:

 

 

 
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ լուրերի՝ Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է ձեռք բերել եւ փորձել է դրանք «տնօրինել»: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Առաքելյանն իբր այդ տեսանյութերը չտարածելու դիմաց գումար է պահանջել ՀՀԿ-ական պատգամավորներից: Ինչեւէ, պաշտոնապես հայտնի է, որ Առաքելյանը կալանավորված է շորթման մեղադրանքով, եւ վերջ: «Ժողովուրդ»-ին երեկ լուրեր հասան, որ խնդրո առարկա տեսանյութերով անցնող ՀՀԿ-ականներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն է: Վերջինս այդ լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ո՛չ Տիգրան Առաքելյանը եւ ո՛չ իր տարածած տեսանյութերը, ու ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել նման տեղեկությունները: Ո՞վ է ընդհանրապես այդ Տիգրան Առաքելյանը»:

 

 

 

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռեւս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, պարզվում է՝ այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը` 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է: Ավելին՝ գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»: Այս փաստն ինքնին տարօրինակ է, քանի որ, ըստ վճարած հարկերի, ընկերության գործերը հաջող են ընթացել: «Ժողովուրդ»-ն արդեն մի քանի օր է՝ փորձում է կապվել Գուրգեն Արսենյանի հետ` պարզելու համար, թե իրեն պատկանող ընկերության գործունեությունը դադարեցնելու պատճառը որն է եղել, սակայն ապարդյուն. պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում:

 

 

 

 

ԱՆԼՐՋԱՑՐԻՆ

Այս օրերին առավել շատ քննարկվող թեման Սերժ Սարգսյանի վերարտադրության հնարավորությունն է, որը առաջին հերթին կապվում է Սահմանադրության փոփոխության հետ: Իհարկե, առաջարկվող նախագծով ընձեռնվում է դրա իրագործման միանգամից մի քանի տարբերակ, որոնցից յուրաքանչյուրի դեպքում էլ Սերժ Սարգսյանը, այսպես թե այնպես, ապահովելու է իր իշխանության երկարաձգումը: Սակայն դեռ մեծ հարց է` արդյոք ՀՀԿ ղեկավարին կհաջողվի կրկնել իր նախորդի` Ռոբերտ Քոչարյանի կողմից անցկացված 2005 թվականի «ուրվականների հանրաքվեի» փորձը եւ կյանքի կոչել Սահմանադրության` ներկայացված խայտառակ նախագիծը: Իրականում անցած տասը տարիներին շատ բան է փոխվել, եւ այսօր ՀՀԿ-ի համար նույնքան հեշտ չի լինելու կեղծել հանրաքվեի արդյունքները:
Իսկ դրա թիվ մեկ խոչընդոտը ներկայումս քաղաքացիական նախաձեռնություններն են: Ուստի եւ քաղաքական ուժերին վնասազերծելու փետրվարյան օպերացիան հաջողությամբ ավարտելուց եւ «քաղաքական չարիքից» ձերբազատվելուց հետո Սերժ Սարգսյանի թիմը ձեռնամուխ է եղել քաղաքացիական հատվածի պառակտման եւ վարկաբեկման գործընթացին:
Հենց Բաղրամյան 26-ի կողմից գործադրված ջանքերի համատեքստում պետք է դիտարկել այն, ինչի ականատեսն ենք հունիսի 28-ից սկսած, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը, ըստ էության, նահանջեց եւ հուսախաբ արեց իրեն հավատացած համակիրներին, իսկ նրան փոխարինելու եկած նոր համակարգողներն էլ նոր քայլերի դիմելու անկարողության արդյունքում հոգնեցրին Բաղրամյանում մնացած ցուցարարներին:
Սակայն, ըստ էության, չբավարարվելով դրանով եւ փորձելով վերջնականապես վարկաբեկել ընդդեմ էլէկտրաէներգիայի թանկացման պայքարող այդ շարժումը` փորձ արվեց վերաձեւավորել այն ձախողակ քաղաքական գործիչների առաջնորդությամբ եւ Հանրապետության հրապարակում սկսել այնպիսի մի անհաջող «ներկայացում», ինչի արդյունքում արդեն հանրային համակրանքի այն հսկայական կապիտալը, որը շարժմանը հաջողվել էր կուտակել Բաղրամյանում, գրեթե ամբողջովին փոշիացավ:
«Կլոունադայի» վերածված բռնոցին ոստիկանների հետ եւ այս օրերի անհասկանալի հայտարարություններն ու գործողությունները, կարելի է ասել, ոչ միայն շեշտակիորեն նվազեցրին էլէկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջին հետամուտ լինելու` շարժման քաղաքական ռեսուրսները, այլեւ, առհասարակ, անլրջացրին քաղաքացիական պայքար հասկացությունն ինքնին:
Դժվար է ասել` արդյոք շարժման ներկայիս դերակատարները դրան գիտակցելով գնացին, թե պարզապես տրվեցին ստեղծագործ գաղափարների բացակայությամբ պայմանավորված դատարկությանը, սակայն հստակ է, որ Սերժ Սարգսանին քայլ առ քայլ հաջողվում է վնասազերծել նաեւ «քաղաքացիական չարիքը»` ի կատարումն Սահմանադրության փոփոխությամբ երաշխավորվող իր իշխանության երկարաձգման գերնպատակի:




Լրահոս