ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՆԳԱՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՆ ԵՆ ՆՎԱԶԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում աշխատատեղերը, կամ ավելի կոնկրետ՝ աշխատողների թիվը շարունակում է կրճատվել: Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի թվով 2 հազար 567 արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թիվը կազմել է 80 հազար 825 մարդ: Անցած տարվա առաջին կեսի տվյալներով՝ արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների թիվը եղել է 83 հազար 21 մարդ: Այսինքն՝ միայն արդյունաբերական ձեռնարկությունների մասով վերջին մեկ տարում տեղի է ունեցել շուրջ 2 հազար 200 աշխատատեղի կրճատում:

Սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական վիճակագրության մեջ ներառված ձեռնարկությունների թիվն անցած տարի մոտ 500-ով պակաս է եղել: Այսինքն՝ ստացվում է, որ այս տարի, անցած տարվա համեմատ, ձեռնարկությունների թիվը չնայած ավելացել է, բայց դրանցում զբաղված մարդկանց թիվն, այնուամենայնիվ, պակասել է:
Ի դեպ, նույն երեւույթին ենք հանդիպում նաեւ առեւտրի ոլորտի պաշտոնական վիճակագրությունն ուսումնասիրելիս: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ մանրածախ առեւտուրը Հայաստանում իրականացրել են 12 հազար 547 առեւտրի կետեր, որոնցում զբաղված մարդկանց թիվը կազմել է 35 հազար 636 մարդ: Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին կեսին մանրածախ առեւտրով զբաղվող խանութների թիվը եղել է 11 հազար 965, որոնք ունեցել են 36 հազար 474 աշխատող: Փաստորեն, վերջին մեկ տարում խանութների թիվն ավելացել է 582-ով, բայց դրանցում աշխատող մարդկանց թիվը նվազել է 838-ով:
Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս երեւույթն ունի իր բացատրությունը: Բանն այն է, որ վերջին մեկ տարում առեւտրի շրջանառությունը անընդհատ իջնում է, եւ միջին մեծության խանութներն ու սուպերմարկետներն իրենց աշխատողների թիվը զգալի կրճատել են: Ասենք՝ սուպերմարկետները, որոնք 31 մարդուց ավել աշխատակիցներ ունեն, անցած տարի եղել են 154 հատ եւ ունեցել են 11 հազար 892 աշխատող: Այս տարվա առաջին կեսին սուպերմարկետները դարձել են 191-ը, բայց նրանց ընդհանուր աշխատողների թիվը նվազել եւ կազմել է 10 հազար 827 մարդ: Անցած տարվա առաջին կեսի արդյունքներով սուպերմարկետների շրջանառությունը կազմել է 249 միլիարդ 339 միլիոն 100 հազար դրամ, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 217 միլիարդ 280 միլիոն 700 հազար դրամ: Այսինքն՝ միայն սուպերմարկետների մոտ առեւտուրը, անցած տարվա համեմատ, նվազել է 32 միլիարդ 58 միլիոն դրամի չափով:
Նշենք, որ այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալներում գործազրկության ամենաթարմ ցուցանիշը 17,6 տոկոս է, որը 2014 թվականի ամփոփ թիվն է: Սակայն ուշագրավ է այն փաստը, որ այս տարի հրապարակված տվյալներով Հայաստանի տնտեսապես ակտիվ բնակչության թիվը (խոսքը գործունակ բնակչության մասին է) կազմել է 1 միլիոն 375 հազար 700 մարդ: Սա այն դեպքում, երբ անցած տարվա առաջին եռամսյակի արդյունքներով տնտեսապես ակտիվ բնակչության թիվը եղել է 1 միլիոն 429 հազար 600 մարդ: Առեղծված է, թե ինչպես է տնտեսապես ակտիվ բնակչության թիվն ընդամենը մի քանի ամսում 53 հազար 900 նվազել: Բայց այդ նվազեցման պատճառը հստակ հասկանալի է: Բանն այն է, որ զբաղվածների, կամ այլ կերպ ասած՝ աշխատանք ունեցողների թիվն անցած տարի եղել է 1175 հազար 800, իսկ այս տարի դարձել է 1 միլիոն 133 հազար 500: Այսինքն՝ աշխատողների թիվը վերջին մեկ տարում նվազել է 42 հազար 300-ով: Այնուհետեւ պաշտոնական վիճակագիրները, չգիտես թե ինչպես, նվազեցրել են նաեւ գործազուրկների թիվը. անցած տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այն եղել է 253 հազար 900 մարդ, իսկ այս տարվա երկրորդ կիսամյակի ամփոփ տվյալներում այն դարձել է 242 հազար 100: Այս բոլոր թվախաղերի նպատակը եղել է մեկը, որպեսզի վերջնարդյունքում տոկոսային արտահայտությամբ գործազրկության ցուցանիշը շատ չբարձրանա եւ հնարավորինս մեղմվի: Հակառակ դեպքում կարող էր պարզվել, որ Հայաստանում պաշտոնապես գործազրկությունը 20 տոկոսից ավել է կազմում:
Ի դեպ, նույն այդ «մեղմված» պաշտոնական տվյալների՝ այս տարվա առաջին կեսի արդյունքներով գործազրկության ամենամեծ մակարդակը Երեւանում է` 26,9 տոկոս, հաջորդը Կոտայքի եւ Շիրակի մարզերն են՝ համապատասխանաբար 22,8 եւ 20,8 տոկոս ցուցանիշներով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

ՉԻ ԳՆՈՒՄ, ՆՈՐ Է ԵԿԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրված հերթական «դիսպեչերականի» ժամանակ Արմեն Աշոտյանը բավական խիստ տոնով զգուշացրել է վարչության պետերին ու ստորաբաժանումների ղեկավարներին, թե մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ինքը մոտ ժամանակներս տեղափոխվելու է այլ աշխատանքի, չհավատան ու հանգիստ աշխատեն: ՀՀ ԿԳ նախարարությանը մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հաղորդում են, որ Աշոտյանը պահանջել է իր ենթականերից սկսել աշխատել այնպես, կարծես ինքը նոր է նշանակվել, ու բոլորը պետք է աշխատեն ապացուցել իրենց լավ կադր լինելը:

 

ՀՀԿ-Ն ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Բոլոր ՀՀԿ-ականներին հանձնարարվել է սկսել սահմանադրական հանրաքվեի անցկացման համար շտաբներ հիմնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներին հանձնարարվել է, այսպես ասած, «իրար գլխի հավաքվել» եւ պատրաստվել սահմանադրական հանրաքվեին:

 

ԹՈՒՆԵԼԻ ՀԱԿՈԲԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին, ըստ նրա՝ 2014 թվականի հայտարարագրի, կազմել են 26 մլն 700 հազար դրամ եւ 132 հազար դոլար: Անցած տարի Հակոբյանը 23 մլն դրամով վաճառել է իր «Mercedes-Benz E300 D» մակնիշի ավտոմեքենան: Բացի այս՝ պատգամավորն անցած տարի ստացել է 101 մլն 789 հազար դրամի շահաբաժին: Նշենք, որ պատգամավորի մանդատը ստանձնելիս նա ունեցել է 9 միավոր հողամաս, 3 անավարտ շինություն, 3 միավոր հողին ամրակայված անշարժ գույք եւ 1 առանձնատուն: Բացի այս՝ նա բաժնեմաս ունի 4 տարբեր ընկերություններում, այդ թվում՝ «Բազենք» ՓԲԸ-ում եւ «Արփա-Սեւան» ԲԲԸ-ում: Մարտունեցի պատգամավորը բաժնետոմսեր ունի նաեւ «Դիլիջանի առողջարան» ԲԲԸ-ում եւ «Բազալտ» ԲԲԸ-ում:

 

ՉԿԱ ՄԱՐԴ, ՉԿԱ ՀԱՑ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ այս տարվա առաջին կեսի արդյունքներով հացի արտադրության ծավալները կրկին անգամ նվազել են 1.8 տոկոսով: Իսկ ինչպես հայտնի է՝ հացի արտադրության ծավալների նվազումը ենթադրում է սպառողների նվազում, կամ այլ կերպ ասած՝ արտագաղթի փաստացի ապացույցն է: Այս տարվա վեց ամիսների ընթացքում արտադրվել է 143 հազար 500 տոննա հաց՝ նախորդ տարվա 146 հազար 200-ի դիմաց: Այսինքն՝ եթե հացի 1.8 տոկոսի նվազումը համամասնությամբ տարածենք նաեւ բնակչության թվի վրա, ապա կստացվի, որ հացի սպառողների թիվն անցած տարվա համեմատ նվազել է առնվազն 50 հազարով:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԵԹԵ ՉԵՆԹԱՐԿՎԵԻՆՔ
«Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է միշտ լինեն ամենաբարձր մակարդակի վրա: Առաջին հերթին մենք պետք է շատ շնորհակալ լինենք Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ հայ համայնքն այնտեղ ունի առավելագույն արտոնություններ»,-երեկ հայտարարել է դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը` ընդգծելով, որ եթե մենք 1988 թվականից սկսեինք երկաթգծի կառուցումը՝ չենթարկվելով որոշ արտաքին ուժերի ճնշմանը, ապա այժմ կունենայինք այդ երկաթգիծը:

 

ԿԻՐԱՌՄԱՆ ԽՆԴԻՐ Է
«Ներկայիս Սահմանադրությունն իրականում իր ձեւակերպումներով եւ երկիմաստությամբ միտված է նրան, որ սահմանափակվեն մարդկային իրավունքները»,-նման գնահատական է հնչեցրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը` նկատելով, որ նոր Սահմադրությունը չի հիմնավորում, թե ինչն է Հայաստանի քաղաքական կյանքում փոխվելու, եթե երկիրը նախագահական, կիսանախագահական կառավարումից անցնի խորհրդարանական կառավարման: «Ներկա պահին Հայաստանի խնդիրները ոչ թե Սահմանադրության բնույթի, այլ Սահմանադրության կիրառման բնույթի մեջ են»,-ասել է նա:

 

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ
Ռազմավարական պլանավորման հարցեր քննարկելու նպատակով հուլիսի 28-30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունը: Այդ ընթացքում կողմերի աշխատանքային խմբերի միջեւ փորձագիտական խորհրդատվություն է անցկացվել Հայաստանի զինված ուժերի զորային կառույցի փոփոխությունների տարբերակների եւ պլանավորման ղեկավար փաստաթղթերի մեջ դրանց կիրառման վերաբերյալ:

 

ԲԱՑ ԴՌՆԵՐ
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը հայտարարել է` չի բացառում, որ առաջիկայում կմիանա ՕԵԿ-ի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն այս հարցի հետ կապված: Վերջինս նշեց, որ իրենց կուսակցության դռները բաց են բոլորի առջեւ, եթե միայն ազնիվ, հայրենասեր մղումներով են դիմում: «Բազմիցս արտահայտել ենք, որ մեր հիմնական նպատակն է բոլոր շահագրգիռ ուժերի համատեղմամբ հասնել լուրջ, ակնառու բարեփոխումների ՀՀ-ում: Անի Զախարյանը, ինչ ճամապարհ էլ կապի մեզ հետ, չեմ կարծում, որ մենք դրան դեմ արտահայտվենք»,- նշեց Մոսինյանը: Նա հավելեց` շարունակում են բանակցություններ վարել բոլորի հետ, ովքեր հետաքրքրություն են ցուցաբերում նախաձեռնության նկատմամբ: «Ոչ միայն Անի Զախարյանը, նաեւ բազմաթիվ այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ շարունակելու են բանակցությունները «Հայկական վերածնունդ»-ի հետ: Միավորման գործընթացը նոր թափ է հավաքել, եւ կարծում եմ` սեպտեմբերից արդեն ավելի մեծ թափերով շարժումը կծավալվի»,- եզրափակեց նա:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Մինչ օգոստոսի 9-ին կայանալիք հանրահավաքը «Ոտքի՛, Հայաստան»-ի անդամները միայն հրապարակում նստացույցով չեն սահմանափակվի: Այսօր «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը նամակ է տանելու է ՀԾԿՀ, նամակի հիմնական բովանդակությունը լինելու է հանձնաժողովի հրաժարականի պահանջը:




Լրահոս