Ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ իր ներկայացումներով անցած տարի մասնակցել է միանգամից երկու միջազգային փառատոնի` մեկը Լիտվայում` «Աղախինները» ներկայացմամբ, մյուսը Գերմանիայում` «Փսիխոզ 4.48» ներկայացմամբ: Ի դեպ, Լիտվայի փառատոնի մասնակցությունն ամբողջովին ֆինանսավորվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Գերմանիայի դեպքում նախարարությունը կրկին օգնել է, բայց մասամբ: «Փսիխոզ 4.48»-ը բացառիկ ներկայացում է, մինչ Գերմանիայի փառատոնը մասնակցել է 13 միջազգային փառատոների ու բոլորից վերադարձել մրցանակներով:
-Ժամանակին Սունդուկյան թատրոնում էիք աշխատում, իսկ հիմա՞:
-Այսօր Սունդուկյան թատրոնում ռեժիսորներ չեն աշխատում ընդհանրապես: 3-4 տարի թատրոնը չուներ գեղարվեստական ղեկավար, միայն` տնօրեն: Նախորդ տարվա սկզբին նշանակվեց գլխավոր ռեժիսոր, բայց ռեժիսորի հաստիք այնտեղ չկա: Իրականում ես չեմ աշխատում Սունդուկյան թատրոնում, իմ ներկայացումներն այնտեղ մերթընդմերթ գնում են:
-Իսկ ինչո՞ւ «Փսիխոզ 4.48» ներկայացումը չեն խաղում Սունդուկյան թատրոնում:
-Անցած տարվա հունվար ամսից թատրոնի գլխավոր ռեժիսորի հետ նամակագրության մեջ եմ, եւ վերջապես նա 2 ամիս առաջ պատասխանեց ինձ: Ի դեպ, մինչեւ Գերմանիա մեկնելը նույն ներկայացումը հրավիրվել էր Չեխիա: Պրահայում կար թատերական փառատոն, բայց չկարողացանք մեկնել, որովհետեւ Սունդուկյան թատրոնում անընդհատ ձգձգում էին հեղինակային իրավունքների տրամադրման հարցը: Քանի որ ներկայացումը 4 տարի չէր խաղացվել, հեղինակային իրավունքը մենք ձեռք չէինք բերել: Ես հեղինակից կրկին իրավունք ստացա 2 տարի խաղալ այդ ներկայացումը: Հասավ նրան, որ ես տարա օրենքը թատրոնի գլխավոր ռեժիսորին, որ ինքը, ինչպես յուրաքանչյուր պետական հիմնարկ, պարտավոր էր պատասխանել իմ նամակներին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Թատրոնը վերջապես որոշեց քննարկել ներկայացման խնդիրը, գեղխորհրդում դրեցին վերականգնելու հարցը, ու ինձ պատասխանեցին, որ գեղխորհուրդը որոշել է այն խաղացանկում չընդգրկել, բայց եթե ինձ փորձասենյակ է պետք, նրանք պատրաստ են տրամադրել:
Հետո ինձ նամակ եկավ, որտեղ տեսա, որ Ազատ Գասպարյանն էլ դեմ է եղել: Երբ նրան պատահական տեսա փողոցում, ինձ պաշտոնապես ասաց, որ ինքն այդ քննարկմանը նույնիսկ չի մասնակցել ու ինձանից է իմանում այդ ամենի մասին: Ինձ համար անհասկանալի է՝ գեղխորհուրդ առհասարակ եղել է, թե ոչ, եւ ինչու ոչ: Ուզում եմ հավելել, որ «Փսիխոզ 4.48» ներկայացումն Արմեն Էլբակյանը հրավիրել էր իր թատրոնում խաղալու, ուղղակի այդ թատրոնը շատ փոքր է, բայց մարդը, ինձ իմանալով, ներկայացումը դիտել է ու անշահախնդիր հրավիրել:
-Ինչի՞ մասին է ներկայացումը, ո՞րն է մեխը:
-Ժամանակակից մարդու պրոբլեմն աշխարհի հետ, միայնակության խնդիրը, թե ինչքան է մարդ իր խնդիրներով միայնակ: Տարբեր քննարկումներ են տեղի ունեցել այս ներկայացման շուրջ. մարդիկ, ովքեր ելք չեն գտնում ու ինքնասպանությամբ են լուծում հարցը: Պետք է փոխել աշխարհը, եթե մենք շարունակենք այսպես ապրել, աշխարհը, երկրագունդը չի դիմանալու ու մի օր պայթելու է:
-Իսկ ինչո՞ւ հայաստանյան թատրոնները բեմ չեն տալիս այդ ներկայացմանը:
-Ի դեպ, Սունդուկյանի տնօրենը դեմ չէր, նա գիտի ներկայացման պատմությունը, բայց գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը կտրականապես դեմ է, ասում է՝ մենք դրա ժամանակը չունենք: Ես էլ ի պատասխան ասացի, որ ժամանակ ունեն նրանք, ովքեր մասնակցում են այդ ներկայացման մեջ: Նրանք պատրաստ են օրուգիշեր աշխատել, որպեսզի ներկայացումը վերականգնենք ու մեկնենք փառատոնի: Պատճառաբանվում էր, որ թատրոնը պետք է նշի իր 90-ամյակը, բայց ես այդպես էլ չտեսա, որ թատրոնը նշեր իր 90-ամյակը: Պատճառաբանվում էր, որ խիտ գրաֆիկով ներկայացումներ ունեն, բայց դեկտեմբերին ընդհանրապես ներկայացումներ չեմ տեսել թատրոնում:
-Գուցե անձնակա՞ն խնդիր է:
-Այո՛, ես վստահ եմ` անձնական խնդիր է, գուցե մասնագիտական նախանձ է: Գեղխորհրդում մարդիկ են, որ այս ներկայացման մեջ զբաղված չեն, միգուցե խանգարեն, որ մենք չգնանք: Ես, այդ ամենի վրա թքած ունենալով, ասացի՝ ինչ ուզում եք մտածեք: Այս անգամ մշակույթի նախարարությունն իմ կողմն էր, բավական աջակցեց: Որովհետեւ իրենք հասկանում են, որ հայ թատրոնը պետք է ներկայացնել միջազգային բեմերում, փառատոներին: Այլ բան է, որ թատրոնի գլխավոր ռեժիսորն իր գեղարվեստական խորհրդի կազմով մտածում է, որ պետք չէ՝ ներկայացումը գնա այստեղ կամ այնտեղ: Իրենց թվում է, որ հրավերը գալիս է պետությանը, ու ինձ են ասում՝ դու գնա: Միջազգային փառատոներին ներկայանալու կանոնակարգ կա, քեզ այստեղ կամ այնտեղ տեսնում են, լուրջ միջազգային ժյուրի է դատում, հրավիրվում են եզակի ներկայացումներ ամբողջ աշխարհից: Այդ ամենը չհասկանալով կամ էլ լավ հասկանալով՝ փորձում են խոչընդոտել:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ