«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանին պատկանող, դեռեւս 1997 թվականին ստեղծված «Արսօյլ» ընկերությունը, որը զբաղվում էր ծխախոտի ներկրմամբ, այս տարվա սկզբից չի գործում: Անցած 2014 թվականի արդյունքներով՝ այդ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել էր 13-րդ հորիզոնականը` 6 միլիարդ 709 միլիոն դրամի հարկային վճարումներով: Սակայն խոշոր հարկատուների այս տարվա ցուցակներում «Արսօյլ»-ի անունը բացակայում է: Ավելին՝ գործարար տեղեկատուներում նշվում է, որ «Արսօյլ» ընկերությունը «չի գործում կամ ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը»:
«Ժողովուրդ»-ին օրեր շարունակ չէր հաջողվում զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ, քանի որ վերջինս համառորեն մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում: Երեկ, ի վերջո, մեզ հաջողվեց այս խնդրի հետ կապված մի քանի հարցեր ուղղել պատգամավորին:
-Պարո՛ն Արսենյան, Ձեզ պատկանող «Արսօյլ» ընկերությունը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել, ինչո՞ւ եք այն «փակել», գուցե ընկերությունը Ձեր «ձեռքից» խլե՞լ են:
-Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի դրա տեղը ուրիշ ընկերություն է աշխատում: Այդ հեքիաթային պատկերացումները Ձեզ որտեղից, թե կարող են ինձանից ինչ-որ բան վերցնել, խլել, ինչպես Դուք եք ասում: Մի ընկերության տեղ շարունակում է աշխատել մեկ այլ ընկերություն, հիմա սա չկա, բայց դրա փոխարեն կա ուրիշը: Եթե խոշոր հարկատուների ցուցակն էլ նայեք, ապա կտեսնեք, թե «Արսօյլ»-ի տեղը որ ընկերությունն է զբաղեցնում: Հիմա «Արսօյլ»-ը չի վճարում այդ հարկը, այս մյուս ընկերությունն է վճարում, ես չեմ հասկանում՝ դրանում ի՞նչ տարբերություն եք տեսնում:
-Այսինքն՝ այսուհետ Դուք չե՞ք զվաղվելու ՀՀ-ում ծխախոտի ներկրմամբ, կոնկրետ «Արսօյլ»-ը դադարեցրե՞լ է իր աշխատանքները: Եթե այո, ապա ո՞րն է դրա պատճառը, ի՞նչն է ստիպել նման քայլի դիմել:
-Իհարկե, ներկրմամբ չեմ զբաղվում, այսուհետ լինելու է պահեստից սպառող աշխատանքը, բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել: Մենք որոշել ենք քչացնել մեր ռիսկերը: Դա նշանակում է, որ ես այլեւս չեմ պատրաստվում հայկական արտարժութային տատանումների հետեւանքով վնասներ կրել, երբ որ, օրինակ, քո պահեստում կա, ասենք, մեկ միլիարդի ապրանք, ու ամսվա ընթացքում քո ազգային արժույքը 14 դրամ արժեզրկվում է, եւ դու 140 միլիոն դրամ կորցնում ես: Ընդ որում, տեսնում ես, որ դրանում հիմնավորում չկա, բայց այդ արժեզրկումը եղել է, ինչի համար դու ահռելի վնասներ ես կրում: Դրա համար պետք էր քչացնել ռիսկերը, ինչի մասին ես արդեն նշեցի: Ապրանքը դոլարով ես գնում ու համապատասխան դրան դու այդ գումարները կորցնում ես, իսկ հիմա մենք որոշել ենք այլ մեխանիզմով աշխատել. մենք որոշել ենք հեռու պահել բիզնեսը նմանատիպ բաներից. մեր գործարքներն այլեւս բոլորը դրամով են: Մեր ընկերությունը դրամով է գնում ու դրամով էլ վաճառում: Կարծում եմ՝ ես բացատրեցի այն իրավիճակը, որն այսօր կա:
-Այսուհետ խոշոր հարկատուների ցուցակում Ձեր ղեկավարած ընկերությունը այլ անունո՞վ է լինելու, արդյո՞ք Ձեզ կհաջողվի նույն հորիզոնականներում պահել Ձեր դիրքերը:
-Խոշոր հարկատուների ցուցակում կա երկու ընկերություն՝ «Ջի-Տի Արմենիա» եւ «Յունիկոմ», այսինքն՝ «Արսօյլ»-ը երկու կառույց է դարձել: Ինքն` «Արսօյլ»-ը, դադարեցրել է իր գործունեությունը, որովհետեւ այլեւս ներկրմամբ չի զբաղվելու: Ես կարծում եմ, որ նշված երկու ընկերություններն էլ կվճարեն հարկերն այնպես, ինչպես միշտ եղել է: Ես որեւէ արտառոց բան այստեղ չեմ տեսնում, բնականոն աշխատանքներ են, որոնք կատարվում են: Չի փակվել, չեն խլել, որեւէ բան տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ որեւէ արտառոց բան պետք չի այդտեղ փնտրել:
-Բայց Դուք չեք նշում, թե ովքեր են «մեղավորները», որ Դուք դադարեցրել եք այդ ոլորտում Ձեր գործունեությունը, գուցե ՀՀ Կառավարության վատ աշխատանքի արդյո՞ւնքն է սա:
-Մեզ վրա Կառավարություն չի գալիս, ուղղակի Կառավորության վրա է երկիր գալիս, շատ կառավարություններ օգտվեցին Հայաստանից, բայց Հայաստանը ոչ մի Կառավարությունից չօգտվեց: Խնդրում եմ՝ ինչ-որ ինտրիգներ մի՛ փնտրեք, ինչ կա, կա, ես կարծում եմ՝ պատասխանեցի բոլոր այն հարցերին, որոնք Ձեզ հուզում էին: Ունենք այն, ինչ ունենք: Շնորհակալություն:
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ «ՓԱԿՈՒՄ» ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի մի գերատեսչություն, որը կոչվում է ՀՀ մշակույթի նախարարություն: Այն ղեկավարում է մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանը դեռեւս 2006 թվականից, բայց Հայաստանի մշակութային կյանքում այս տարիների ընթացքում որեւէ փոփոխություն չի կատարվում: Ավելին՝ հանրության համար տեսանելի չէ, թե բացի ճամփորդելուց՝ ի՞նչ է անում Հասմիկ Պողոսյանը հայկական մշակույթի զարգացման համար:
«Ժողովուրդ»-ը օրերս գրել էր, որ Հայաստանում վերջին տարիներին էլ ավելի է արմատավորվում այն «հին ու բարի» ավանդույթը, երբ ամռան ամիսներին ամբողջ գերատեսչություններ աշխատում են, այսպես ասած, «հանգստի ռեժիմով»: Նույն կարգավիճակում է ՀՀ մշակույթի նախարարությունը, մի տարբերությամբ, որ այստեղ նման` հանգստի ռեժիմ է ոչ միայն արձակուրդային շրջանում, այլեւ գրեթե ողջ տարվա ընթացքում: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե վերջին ժամանակահատվածում ինչ գործունեությամբ է զբաղված Հասմիկ Պողոսյանը, քանի որ նրա գերատեսչության մասին հասարակությունը «պատիվ է ունենում» շատ քիչ բան լսելու:
ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախարարությունում իսկապես բարձիթողի վիճակ է: Հասմիկ Պողոսյանի աշխատանքային գործունեության վերջին դրսեւորումը, որը պաշտոնապես լուսաբանվել է, եղել է հուլիսի 29-ին. «ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աշխատանքային այցը ՀՀ Գեղարքունիքի մարզ», բայց այս հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ Հ. Պողոսյանը զբոսաշրջիկի կարգավիճակում այցելել է ՀՀ ու նրան «տարել» են նշված մարզ` տեղի տեսարժան վայրերը ցույց տալու: «ՀՀ Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այցելել է Լճաշենի կիկլոպյան ամրոցի հուշարձանային համալիր, Լճաշենի մանկական արվեստի դպրոց, Գավառի քաղաքային գրադարան, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Ավետ Տերտերյանի ստեղծագործական տուն (գ. Հայրավանք)»,-նշվում է հաղորդագրությունում: Լուսանկարներում էլ երեւում է, որ Պողոսյանը հիացած է այդ կառույցներով, կարծես թե առաջին անգամ է այս 10 տարիների ընթացքում «բացահայտել» դրանց գոյությունը:
Իսկ անցած մեկ շաբաթվա ընթացքում տիկին նախարարի գործունեության մասին որեւէ տեղեկություն չկա` անկախ մշակութային իրադարձություններից: Հարց է առաջանում՝ եթե սույն գերատեսչությունը որեւէ գործունեություն չի իրականացնում, ինչո՞ւ այն չեն «փակում», մի՞թե միայն Հասմիկ Պողոսյանի` ճամփորդական նախասիրություններին տուրք տալու համար պետք է այդ գերատեսչությունը պետական բյուջեից գումարներ վատնի՝ հանրությանը ոչինչ չտալով:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԳՐԱՎՈՐ ԿՊԱՏԱՍԽԱՆԵՆ
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամները երեկ նամակ են հանձնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք նամակում պահանջում են ՀԾԿՀ-ի հրաժարականը: Նախաձեռնությունն այդ նույն պահանջով նախօրեի երեկոյան ստորագրահավաք է սկսել: «Ժողովուրդ»-ը փորձեց նշված հանձնաժողովի մամլո պատասխանատու Մարիամ Ստեփանյանից պարզել՝ արդյոք ՀԾԿՀ ղեկավարությունը պատրաստվում է հրաժարական ներկայացնել: «Իրենք մեզ դիմել են գրավոր, մենք էլ օրենքով սահմանված ժամկետներում կպատասխանենք գրավոր ձեւով»-, պատասխանեց Ստեփանյանը: Նշենք, որ շարժման անդամները չեն բացառում, որ առաջիկայում այլ հրաժարականներ եւս կպահանջեն:
ՄԵԿԻՑ՝ ՄՅՈՒՍԻՆ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը իրեն պատկանող, 2000 թվականի արտադրության, 2 մլն 757 հազար եւ 2003 թվականի արտադրության, 4 մլն 596 հազար դրամ արժեքով «Mersedes-Benz 308 CDI» մակնիշի, հաշմանդամների տեղաշարժման համար հարմարեցված միկրոավտոբուսները կտրամադրի ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Համապատասխան որոշման նախագիծը ներառված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարության «Ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՕԱԿ-ին պատկանող «Գազ-3110» եւ «Հունդաի Տուկսոն» մակնիշի ավտոմեքենաները հատկացնել նախարարության աշխատակազմին: Ի դեպ, ՀՀ արդարադատության նախարարությանը սպասարկող ավտոմեքենաների քանակը ութն է:
ԷՊՈՍԱԳԵՏԸ ՎԱՏ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի առողջական վիճակը վատացել է: Վերջինս պահվում է «Արթիկ» ՔԿՀ-ում: Մեր տեղեկություններով՝ վերջինիս բուժօգնություն են ցուցաբերել բանտախցում եւ որոշել են, որ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը ճշտելու նպատակով զրուցեց Վարդան Սեդրակյանի կնոջ՝ Ռուզաննա Սեդրակյանի հետ: Ըստ էպոսագետի կնոջ՝ Վարդան Սեդրակյանը լյարդի հետ կապված խնդիր ունի: «Ես օրերս եմ իրեն այցելել, բայց իր առողջականի մասին կամ վատանալու մասին ոչինչ ինձ հայտնի չի: Միգուցե նման խնդիր եղել է, բայց ես չգիտեմ»,- ասաց Ռուզաննա Սեդրակյանը: