ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԵՂՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ հանրությունը չէր հասցրել համակերպվել 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան հետ, օրեր անց այդ դեպքին հաջորդեց 23-ամյա ծննդկան Ջուլիետտա Գասպարյանի մահը:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին մահացավ 26-ամյա Մերի Մարգարյանը, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում էր հաշվառված: Պտտվող լուրերի համաձայն՝ Մերի Մարգարյանը մի քանի անգամ դիմել է «Շենգավիթ» ԲԿ՝ հայտնելով, որ իրեն լավ չի զգում, ջերմություն ունի, սակայն ջերմ իջեցնող տալուց հետո նրան տուն են ուղարկել՝ պատճառաբանելով, թե որեւէ խնդիր չկա:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Մ. Մարգարյանը 4 օր շարունակ ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել եւ չի կատարել իր պարտականությունները: Ցուցաբերված անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով Մ. Մարգարյանը 2015 թվականի հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ վերջինիս նորածին դուստրը:
Իսկ, ահա, 23-ամյա ծննդկան Ջուլիետտա Գասպարյանի մոտ ախտորոշվել էր բակտերիալ էնդոկարդիտ (սրտի բորբոքում), պլեւրիտ, սրտի երկփեղկ փականի 3-րդ աստիճանի անբավարարություն, ինչպես նաեւ՝ սրտային անբավարարություն 4-րդ աստիճանի: Նրա հղիությունը ժամանակից շուտ ընդհատվել էր, սակայն բժիշկները չէին կարողացել փրկել կյանքը:
«Շենգավիթ» ԲԿ-ում տեղի ունեցած դեպքից հետո «Ժողովուրդ»-ի խմբագրությունը չի դադարում ահազանգեր ու բողոքներ ստանալ՝ կապված բժշկական կենտրոնների, հատկապես՝ ծննդատների հետ: Նշենք, որ բողոքների մեծ մասը վերաբերում է «Շենգավիթ» ԲԿ-ին: Օրինակ՝ մեզ դիմած քաղաքացիներից մեկի՝ Աննա Կարապետյանի (անունը փոխված է) բողոքը նույնպես կապված է Շուշանիկ Բախշյանի աշխատանքային գործունեության հետ: «Իր աշխատասենյակի մոտ մշտապես հերթեր են, եւ եթե հստակ ժամ էի պայմանավորվում իր հետ, ապա նա կա՛մ տեղում չէր լինում, կա՛մ էլ շատ ուշ էր ընդունում: Անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերել իմ նկատմամբ: Երբ զանգում էի, որպեսզի հետաքրքրվեմ՝ որտեղ է եւ երբ կմոտենա, պարզվում էր, որ քաղաքում չէ: Բայց ամենասարսափելին այն էր, որ ինձ մի անգամ դեղային նշանակումներ արեց, ես սկսեցի խմել այդ դեղը, հետո գնացի կոնսուլտացիայի, նայեց իր նշանակած դեղը եւ ասաց, թե վայ, քեզ շփոթել եմ մեկ այլ հիվանդի հետ եւ ուրիշ դեղ եմ նշանակել, ու արգելեց շարունակել խմել դեղը»,- պատմեց մեզ դիմած քաղաքացին:
Բացի այս՝ նրա պատմելով՝ Շուշանիկ Բախշյանը իր նկատմամբ կոպիտ վերաբերմունք է դրսեւորել: «Կարճ, կոնկրետ էր խոսում, չէի կարողանում իմ գանգատների մասին հարցեր տալ: Իսկ երբ դեղ էր նշանակում, հետաքրքրվում էի, թե դա ինչ դեղ է, եւ ինչի համար պետք է այն օգտագործեմ: Շատ անտարբեր տոնով հարցնում էր՝ դու ինձ չես վստահում, եթե դա եմ նշանակում, ուրեմն խմիր ու հինգ օրից կգաս: Գնում էի, բայց այնտեղ չէր լինում»,- հիշեց Աննան:
Իհարկե, մենք փորձեցինք կապվել Շուշանիկ Բախշյանի հետ՝ պարզաբանելու, թե ինչու են իր աշխատաոճից մշտապես դժգոհում այցելուները, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Տեղի ունեցած դժբախտությունները առիթ տվեցին սոցիալական ցանցերում բուռն քննարկումների եւ քննադատությունների՝ ուղղված ծնունդ ընդունող բժիշկներին եւ ընդհանրապես առողջապահության ոլորտում այդ մասնագիտացմամբ աշխատողներին: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության հայտնած տվյալների համաձայն՝ ծննդօգնությունը՝ բնականոն եւ կեսարյան ճանապարհով, ինչպես հերթապահ, այնպես էլ հրավիրված բժիշկների կողմից իրականացվում է բացառապես անվճար: Ավելին՝ նախարարությունը տարածած հայտարարությամբ հայտնել է, որ բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել նախարարության ներկայացուցչին, որը ԲԿ-ի առաջին հարկում է:
Սակայն ՀՀ քաղաքացիներից մեկը համացանցում գրել է. «Երբ ես դիմեցի նախարարություն՝ ասելով, որ Շենգավիթում նախարարի հրամանը հաշվի չի առնվում, եւ վճարովի պալատներում երկու ծննդկան են լինում, ինձ, այ, այսպիսի ցուցակներ (նկատի ունի հայտարարության լուսանկարը) ցույց տվեցին ու ոչ մի ավել բան չձեռնարկեցին՝ չնայած իմ բազում խնդրանքների, որ միջամտեն հարցին: Այնպես որ, սա էլ այդ հերթական ցուցակներից է: Հենց Շենգավիթում էլ նման լիքը ցուցակներ կգտնեք, բայց հստակ գնացուցակ ունեն, իհարկե, չփակցված, որ գործում է: Բողոքելուց հետո ով ռիսկ կանի այդ բժշկի մոտ ծննդաբերի: Համ էլ բողոքել էի, էլի ոչ մի բանի չհասա ու ես մենակ չէի, որ տեղեկացնում էի նախարարությանը»: Այնուհետեւ նույն օգտատերն ավելացնում է. «Շենգավիթ ԲԿ-ում 200 հազար դրամ եմ վճարել»:
Որոշ օգտատերեր էլ նշել են, որ բժիշկներ կան, ովքեր 100 հազար դրամ են պահանջել ծննդկանից եւ պարտադրել «կասայով» վճարել, սակայն համապատասխան կտրոն չեն ստացել: Իսկ մյուս օգտատերերն էլ բողոքում են վատ վերաբերմունքից, որին հանդիպում են Երեւանի տարբեր հիվանդանոցներում. «Ընկերուհիս պլանի գլխի ծննդատանն էր, ահավոր էր. ո՛չ մոտեցել էին, ո՛չ երեխային են կշռել, գնացել, ասում եմ՝ դուք մոտեցե՞լ եք, ասե՞լ եք ոնց կրծքին դնի, որ վերքեր չառաջանա: Ասումա՝ էդ էլ ես պետք է ասեմ»:
Ահա թե ինչ է կատարվում մեր հիվանդանոցներում եւ բժշկական կենտրոններում, եւ ահա թե ինչպես են վերաբերվում ծննդկաններին: Ու դեռ մեր երկիրը՝ իր Կառավարությունով, հռչակել է ծնելիության խթանման քաղաքականություն: Մինչդեռ իրականում շատ են գումար շորթելու, հղիների ու ծննդկանների նկատմամբ կոպիտ վերաբերմունք դրսեւորելու դեպքերը:
Իսկ ՀՀ առողջապահության նախարարը, որի ուղղակի գործառույթն է առողջապահության ոլորտում առկա խնդիրների լուծումը, լավագույն դեպքում «հետին թվով» է արձագանքում: Նախարարը պետք է այդ դեպքերի առիթով օպերատիվ խորհրդակցություն հրավիրեր, հրահանգեր ոլորտի մասնագետներին արագ քննարկել խնդիրը եւ եզրակացություն տալ, որպեսզի հասարակական հետաքրքրությունն ու զայրույթը մեղմվեր: Բայց Արմեն Մուրադյանն ընդամենը ձեւական կողմը պահելով՝ հանձնաժողով է ձեւավորել, եւ նրանք դեռ քննում են ու քննում:

 

 

 

ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԿԻՆ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

ՀՀ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում օգոստոսի 23-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար կպայքարեն հինգ հոգի՝ Գյուլվարդ Սահակյանը, Միքայել Բաղդասարյանը, Ալեքսան Խաչատրյանը, Հարություն Հարությունյան եւ Ավետիք Մխիթարյանը: Ընտրությունների թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, առաջադրված թեկնածու Գյուլվարդ Սահակյանի հետ:

-Տիկի՛ն Սահակյան, գյուղում նախընտրական ի՞նչ մթնոլորտ է: Թեկնածուների միջեւ լարվածություն կա՞:
-Բնական է, որ լարված է, բայց ընդհատակից, լեգալ տեսքով է: Թե չէ արտառոց ոչինչ չկա:
-Այս տարիների ընթացքում առաջին անգամ եք առաջադրում Ձեր թեկնածությունը:
-Արդեն 24 տարի է՝ աշխատում եմ գյուղապետարանում աշխատակազմի քարտուղար: Նախկինում չեմ փորձել, հիմա եմ հարմար գտել առաջադրել թեկնածությունս: Զգացի, որ պահն է, եւ եթե չառաջադրվեմ, ճակատագրական մեծ սխալ կլինի իմ կողմից:
-Ճակատագրական ո՞ւմ համար:
-Ժողովրդի առաջ ունեմ պարտավորություն: Տուն առ տուն տեսնում եմ, գիտեմ բոլորի հոգսերն էլ, խնդիրներն էլ:
-Ինչպե՞ս եք «համոզելու», որ Ձեզ ընտրեն:
-Ես իրենց համոզելու կարիք չունեմ: Այսքան երկար տարիների աշխատանքը, փորձը իրենք տեսել են: Իրենք իրենց խոսքով են ասել, առաջարկել, որ առաջադրվեմ:
-Գյուղում առաջին անգա՞մ է կին առաջադրվում: Ինչպե՞ս են դրան վերաբերվում գյուղացիները:
-Այո՛: Կին եմ, ռիսկային գործոնը կա, բայց ժողովրդի կամքին հակառակ չեմ կարող գնալ: Գյուղացիները հարգում են ինձ ու ճանաչում: Մյուս թեկնածուների հետ նորմալ հարաբերություններ ունեմ, չեմ կարող ոչ մեկին թերագնահատել:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Ես չեմ ուզում գերագնահատել ուժերս, բայց ժողովրդի վերաբերմունքից վստահ եմ, որ անցնելու եմ: Թեեւ ով էլ որ գա, թող բարով գա: Ինքս սեւ փիառով չեմ զբաղվում, միայն ուզում եմ, որ գյուղը զարգանա:
-Ընտրվելուց հետո ի՞նչ եք անելու գյուղացիների համար:
-Առաջին հերթին սերմացուների հարցերը պետք է լուծեմ: Քանի որ ցորենի սերմացուի հայտարարությունը տվել եմ, բայց դեռ չկա: Առաջին հերթին այս հարցով կզբաղվեմ:

Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 
ԱՊՏԱԿԵԼ Է
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղում օգոստոսի 1-ին հրդեհ է եղել: Լուսաձորի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ հրդեհը հանգցնելու համար Իջեւան քաղաքից ժամանել է հրշեջների խումբ: Տեղում վեճ է բռնկվել: Լուսաձորի ավագանու անդամներից մեկը ապտակել է հրշեջ խմբի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Մելիքսեթյանին: Ըստ Լուսաձորից ստացված տեղեկությունների՝ վերջինս հավաքված բազմաթիվ լուսաձորցիների ներկայությամբ ասել է, որ այդ հարվածից վնասվել է իր ականջի թաղանթը: «Ժողովուրդ»-ը Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանից փորձեց պարզել կատարվածի մանրամասները: Ըստ նրա՝ ոմանք ասում են, թե հարված եղել է, ոմանք ժխտում են: Կատարվածի վերաբերյալ զանգահարեցինք Տավուշի մարզի փրկարար վարչության պետ Վաղինակ Հովսեփյանին, ով հրաժարվեց պատասխանել: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի իրավապահներից տեղեկացանք, որ փոխգնդապետին հարվածելու դեպքի կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ իրավապահների` լուսաձորցին հրշեջների հրամանատարից պահանջել է թողնել տվյալ տարածքում հրդեհի մարումը եւ սկզբում կրակից փրկել իր արտը: Մերժում ստանալուց հետո լուսաձորցին ֆիզիկական ուժ է գործադրել:

 

ՓԱԿԵԼ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Օգոստոսի 5-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը ոստիկանության Իջեւանի բաժնի նախկին պետ Անդրանիկ Ազիբեկյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քր. օր. 308 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 5 տարի ազատազրկման:
Դատարանը նույն հոդվածով մեղավոր է ճանաչել նաեւ Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանին եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Դատարանը ՀՀ քր.օր. 258 հոդվ. 4-րդ մասով մեղավոր է ճանաչել Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանին եւ նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման: Սույն քրգործը վերաբերում է 2014թ. ապրիլի 1-ի գիշերը Իջեւանի «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի մոտ հնչած կրակոցներին եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը կեղծելուն: Ա. Ազիբեկյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի համարել: Դատարանի վճիռը առաջացրել է Ազիբեկյանի հարազատների վրդովմունքը, որոնց համոզմամբ սույն քրգործի քննությունը ոչ օբյեկտիվ է կատարվել: Օգոստոսի 5-ին՝ ժամը 14-ի սահմաններում, սահմանամերձ Կոթի, Ոսկեվան գյուղերի, Նոյեմբերյան, Իջեւան քաղաքների բազմաթիվ բնակիչներ Բաղանիս գյուղում փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում ավտոմեքենաների խցանում է առաջացել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ փակված ճանապարհահատված են ժամանել ոստիկաններ եւ լրագրողներ: Ճանապարհը փակողները պահանջում են ազատ արձակել Կոթիի բնակիչ Ա. Ազիբեկյանին: Նրա եղբայրը` Արմեն Ազիբեկյանը, Նոյեմբերյանի ՆԳ բաժնի 14 աշխատակիցների թվում 1991թ. մայիսի 6-ին զոհվել է Ոսկեպարի անտառում, երբ մեկնում էր սահմանը պաշտպանելու:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս