ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՉՈՐՍ ԳՅՈՒՂ՝ ՀԵՂԵՂՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Հայկավան, Ողջի, Ախուրիկ եւ Ոսկեհասկ գյուղերի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ «Ոռոգում» ՓԲԸ-ն փորձում է ապամոնտաժել Ողջի գյուղի վարչական տարածքում վերը նշված 4 գյուղերի համար կառուցված սելավատարի խողովակները: Սակայն գյուղերի բնակիչները մեծ աղմուկ են բարձրացրել, քանի որ այդ խողովակները իրենց գյուղերի համար մեծ նշանակություն ունեն. սելավատար չլինելու դեպքում հորդառատ անձրեւների հետեւանքով գյուղերի բնակարանները կջրալցվեն:

Շիրակի մարզի Հայկավանի գյուղապետ Սամվել Մխոյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ «Ոռոգում» ՓԲԸ-ից երբեւէ որեւէ ներկայացուցիչ չի դիմել գյուղապետարանին եւ չի տեղեկացրել սելավատար խողովակների հնարավոր ապամոնտաժման մասին: Նշենք, որ Հայկավան, Ողջի, Ախուրիկ եւ Ոսկեհասկ գյուղերի բնակիչները վճռական են տրամադրված եւ մտադիր են պայքարել մինչեւ վերջ: Իսկ եթե ընկերությունը, այնուամենայնիվ, ապամոնտաժի այդ խողովակները, ապա նրանք պահանջում են, որ մեկ այլ սելավատար կառուցեն:
«Ժողովուրդ»-ը Շիրակի մարզպետարանից տեղեկացավ, որ այս պահին ապամոնտաժման աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են:
«Մենք նախապես տեղեկացված չենք եղել ապամոնտաժման մասին, իսկ երբ իմացանք, անմիջապես ահազանգեցինք ու աղմուկ բարձրացրեցինք: Այդ սելավատարի խողովակների ապամոնտաժումը ողբերգական կլինի մարզի չորս՝ Ախուրիկ, Ոսկեհասկ, Ողջի եւ Հայկավան գյուղերի համար: Այս չորս գյուղերը սելավատարի շնորհիվ հորդառատ անձրեւների ժամանակ պաշտպանվում են հեղեղումներից: Այդ սելավատարը ինչ-որ մեկի սեփականությունն է հանդիսանում, իսկ նա էլ փորձում է տնօրինել իր ունեցվածքը: Բայց սելավատարը մեզ համար մեծ նշանակություն ունի, այն պահպանում է մեր անվտանգությունը արտակարգ իրավիճակներում»,- ներկայացրեց Հայկավանի գյուղապետ Մխոյանը:
Զրույցի ընթացքում գյուղապետը հիշեց, որ այդ սելավատարը տեղադրվել է 90-ականներին՝ Ողջի գյուղի վարչական տարածքում: «Դրանից առաջ մեծ հեղեղումներ էին լինում այս չորս գյուղերում: Եւ ինժեներական միտքը պրպտեց եւ գտավ, որ այստեղ սելավատար կառուցվելու դեպքում այդ չորս գյուղերը հեղեղումներից կպաշտպանվեն: Ու այդպես էլ եղավ: Իսկ հիմա այն ինչ-որ մի ընկերություն փորձում է քանդել: Թե ով է քանդում, մեզ դա չի հետաքրքրում, կարեւորը սելավատարը մնա ու շարունակի գործել»,- հավելեց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանի հետ, ով հայտնեց, որ իրենց գյուղը լրացուցիչ սելավատար ունի, որն էլ իրենց կպաշտպանի հեղեղումներից:
Ինչպես Ողջիի եւ Հայկավանի, այնպես էլ Ոսկեհասկի բնակիչները մտահոգված են սելավատարի խողովակների ապամոնտաժմամբ: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանի հետ. «Խողովակների ապամոնտաժումը վատ հետեւանք կունենա մեր գյուղերի բնակիչների համար, որովհետեւ դրանք հանողը հաստատ չի բերելու նորից դնի: Գոնե ինչ-որ ձեւով սելավատար կառուցվի: Դրանք որ քանդեն, փոխարինող չեն դնի: Չեն հասցրել հանել, որովհետեւ հայկավանցիները լուրջ դիմադրություն են ցուցաբերել, բայց սա ժամանակավոր է, որովհետեւ իրենք իրենցը համառորեն շարունակում են պնդել»:
Ոսկեհասկի գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ «Ոռոգում»-ՓԲԸ-ն դեռեւս 2007 թվականին սնանկ է ճանաչվել եւ այժմ իր գույքն է օտարում: «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Ոռոգում» ՓԲԸ-ի սնանկության գործերով կառավարիչ Սուրեն Վարդանյանի հետ, սակայն մեզ դա չհաջողվեց:
Նշենք, որ օրեր առաջ Սուրեն Վարդանյանը «Գալա TV»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ Կառավարության որոշմամբ՝ սելավատարը փոխանցվել է ընկերության հաշվեկշիռ, եւ հիմա գույքն ապամոնտաժում են՝ խողովակները վաճառելու եւ ստացված գումարները պետբյուջե մուտքագրելու համար: «Սելավատարը հողալցված է, մասնագետների կողմից ուսումնասիրվել է, հենց այնպես չի սկսվել ապամոնտաժումը, դա արվել է, քանի որ հողալցված էր, նպատակին չէր ծառայում: Հիմա ապամոնտաժման աշխատանքը դադարեցված է, եւ ես մարդ եմ ուղարկել, որպեսզի գնան, լսեն գյուղաբնակների դժգոհությունները: Խողովակների մեջ լիքը հող կա, որը չի թողնում ջուրը տանել: Մեր նպատակն այդ խողովակների ապամոնտաժումն ու վաճառքն է, քանի որ գույքը, որը հանձնվել է մեզ, վաճառում ենք ու գումարներն ուղղում պետական բյուջե»,- լրատվամիջոցի հետ զրույցում փոխանցել է նա:
Թեեւ ընկերությունը հաստատակամ է տրամադրված սելավատար խողովակները ապամոնտաժելու հարցում, այնուամենայնիվ, վերը նշված գյուղերի բնակիչները պնդում են, որ իրենք էլ պակաս հաստատակամ չեն եւ շարունակելու են իրենց պայքարը մինչեւ վերջ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Վերջին շրջանում ինքնասպանությունների դեպքերի աճին զուգընթաց նկատելի է միտում, երբ իրենց կյանքին հրաժեշտ տալու որոշում կայացրած քաղաքացիները իրենց հետ փորձում են անդունդը տանել նաեւ սեփական երեխաներին:

Օրերս հայտնի դարձավ, որ 2015-ի առաջին եռամսյակում ինքնասպանության 54 դեպք է գրանցվել, ինչը 10 դեպքով ավել է 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ հիմնական դրդապատճառը, որպես կանոն, սոցիալականն է: Եվ, ահա, ինքնասպանության փորձի հերթական դեպքը: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրերս իր կյանքին փորձել է վերջ տալ Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի բնակիչներից մեկը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կինը ինքնասպանության դիմելուց առաջ նամակ է գրել ժամկետային զինծառայող որդուն: Նամակում մայրը, դիմելով որդուն, ասել է, թե ֆինանսական ծանր պայմանների մեջ է հայտնվել, չի կարողանում մարել պարտքերը եւ այլեւս չի կարող ապրել, պատրաստվում է թույն խմել եւ իր կյանքին վերջ տալ: Բարեբախտաբար, թույն խմած կնոջ կյանքը հաջողվել է փրկել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեղակերտ համայնքի ղեկավար Սերյոժա Առաքելյանը հայտնեց, որ ինքնասպանության փորձ արած կնոջ վիճակն այս պահին լավ է, առողջական որեւէ խնդիր չունի: Ինչ վերաբերում է ինքնասպանության դիմելու դրդապատճառին, ապա գյուղապետը կարծիք հայտնեց, որ ֆինանսական վատ դրության պատճառով այդ կինը նման քայլի չէր գնա. «Հնարավոր է` այլ մութ հարցեր լինեն: Եթե ֆինանսական դրությունը լիներ պատճառը, գյուղի 60-70 %-ը պետք է նման քայլի դիմեր: Գյուղում չկա մեկը, որ բանկերում պարտքեր, վարկեր չունենա: Այդ կնոջից ֆինանսապես ավելի վատ վիճակում գտնվողներ կան: Նա էլ բոլորի պես ելակի առեւտրով է զբաղվում, իսկ այս տարի, փառք Աստծո, բերքը լավ է եղել»:
Գյուղապետից տեղեկացանք նաեւ, որ ինքնասպանության փորձ կատարած կինն ամուսնալուծված է եւ որդու հետ եղբոր ընտանիքի հետ է ապրում. «Տունը կիսել են, ապրում են: Անձնական խնդիրներ էլ կարող էին լինել: Եղբայրն էլ մահացել է, այս դժբախտությունն էլ մի կողմից: Համենայնդեպս, որքանով ես եմ ճանաչում այդ կնոջը, նա ֆինանսական խնդիրների պատճառով նման քայլի չէր գնա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

 

 

 
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը հանդիպել է Ռուսաստանի ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայության ղեկավար Իգոր Չույանի հետ: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային խմիչքների արտահանմանն ու ներմուծմանը, ինչպես նաեւ՝ շուկայի կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ Կառավարության նախորդ նիստում որոշվել էր «Հայկական կոնյակների եւ հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված հայկական կոնյակի իսկության հավաստումը եւ նույնականացումը վերապահել սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը»,- ասված է ծառայության հաղորդագրությունում:

 

 

 

ԿԴԻՄԵՆ ԴԱՏԱՐԱՆ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները թեեւ ստացել են աշխատավարձերը, սակայն շարունակելու են իրենց պայքարը գործարանի վերագործարկման համար: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նաիրիտ»-ի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Եթե Կառավարությունը շարունակի հիմք ընդունել համաշխարհային բանկի վերջին աուդիտը եւ հայտարարի, որ «Նաիրիտ»-ը պիտի լուծարվի, պիտի փակվի, եւ այն աշխատեցնելը տնտեսապես անիմաստ է, ապա բողոքի ակցիաները շատ ավելի բուռն կլինեն»: Հարությունյանի խոսքով՝ պայքարի նոր փուլը կսկսվի սեպտեմբերի կեսերից: «Վերջին անգամ ԱԺ-ում հայտարարությամբ հանդես էր եկել նախարարը եւ ասել, որ սեպտեմբերին կլինեն ավելի լուրջ լսումներ «Նաիրիտ»-ի հետ կապված: Այս լսումների արդյունքը կպայմանավորի մեր գործողությունների սկիզբը»,-ասել է նախկին մամուլի խոսնակը:
Նա նաեւ նկատել է, որ այսօր «Նաիրիտ»-ի հետ կապված դատական համակարգին դիմելու խնդիրներ կան, եւ չդիմելու դեպքում դրանք կարող են նորից կրկնվել: «Մեզ ստիպեցին ստորագրել պայմանագրեր «Նաիրիտ 2»-ի հետ, որ մենք մեր տույժ-տուգանքները ստանալու իրավունքը փոխանցում ենք «Նաիրիտ 2»-ին: Սա ես գնահատել եմ շանտաժ պետության կողմից, եւ քանի որ արդեն ավարտվել է սոցիալական խնդիրը՝ աշխատավարձի ստացումը, մենք իրավաբանների հետ կզրուցենք, կդիմենք դատարան, դատախազություն, ոչ թե տույժ ու տուգանքները վերադարձնելու, այլ շանտաժի մասով»,-եզրափակել է նա:




Լրահոս