ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Շիրակի մարզում
Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կողմից ՃԵԿ-ի խախտումները հայտնաբերելու ուղղությամբ հատուկ միջոցառումների անցկացման պլան-գրաֆիկի համաձայն` ՃՈ ուղեկցող վաշտի եւ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները օգոստոսի 4-ին Շիրակի մարզում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Կազմվել է վարչական իրավախախտման 122 արձանագրություն, ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել են նաեւ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Միջոցառումները շարունակական են լինելու:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ Երեւանի քաղաքապետարանը թափառող կատուների դեմ որեւէ գործառույթ իրականացնո՞ւմ է, թե ոչ: Եվ ցանկանում եմ մի խնդրի շուրջ հարց բարձրացնել. բնակվում եմ Սարի Թաղի 19 փողոցում, որտեղ կան բազմաթիվ մեծ, թափառող շներ: Արդեն ինչքան ժամանակ է՝ այդ շները մեզ հետ ապրում են մի փողոցում, ամբողջ գիշեր նրանց աղմուկից ու հաչոցներից քնել չի լինում: Խնդրում եմ որեւէ քայլ ձեռնարկել՝ այս խնդրին լուծում տալու համար:
Ալլա Սարգսյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Սարգսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ թափառող կենդանիների կողմից քաղաքացիներին պատճառվող անհանգստությունների դեպքում անհրաժեշտ է զանգահարել Երեւանի քաղաքապետարանի կամ Երեւանի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի, ինչպես նաեւ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի թեժ գծերին հետեւյալ հեռախոսահամարներով՝ 514-152, 1-08, 57-57-68: Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա տեղեկացնենք, որ ներկայացված խնդրով էլ Սարի Թաղի 19 փողոց կուղարկվի թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցող «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի աշխատանքային խումբը:
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014թ. նոյեմբերի 1-ի դրությամբ հայտնաբերվել է 33.600 թափառող շուն, որից ստերիլիզացվել է 8250-ը, վնասազերծվել՝ 25.400-ը: Նշենք, որ 2013թ. Երեւանի բյուջեի նախագծով շների վնասազերծմանը հատկացվել է 200 մլն դրամ, 2012թ.` 220 մլն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքե՞ր ունեն սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ կցանկանայի տեղեկանալ, թե ովքե՞ր կարող են անցնել մասնակի կենսաթոշակի:
Հերմինե Հարությունյան (59 տարեկան, բժշկուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:
Միաժամանակ հայտնում ենք, որ մասնակի կենuաթոշակի իրավունք ունեն՝
1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողները` 55 տարին լրանալու եւ մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում.
2) թատերական եւ թատերահանդիuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները՝ 50 տարին լրանալու եւ մինչեւ 2003թ. օգոստոսի 1-ը առնվազն 12 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ձեռք բերած լինելու դեպքում:
Ընդ որում, մասնակի կենuաթոշակի իրավունք տվող մաuնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում, եւ այն նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: