Բնապահպանության նախարարը, իրավիճակից անտեղյակ, բնությունը պահպանում է միայն թղթերով. մասսայական ծառահատումներ են (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործող Կառավարությունը մի կողմից պետբյուջեի միջոցներից միլիոնավոր դրամներ է հատկացնում անտառպահպանական ծառայությունների համար, մյուս կողմից թույլտվություններ տրամադրում՝ անհիմն ծառահատումներ անելու համար: Երեկ «Ժողովուրդ»-ը դա ապացուցող ահազանգ ստացավ ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի բնակիչներից, ովքեր պատմեցին, որ այդ տարածքում գտնվող անտառում արդեն երեք օր է, ինչ ծառեր են հատվում: Նշենք, որ այդ անտառը պատկանում է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:

11880585_1662900537329230_1147861579346291010_n

«Ժողովուրդ»-ը գնաց ահազանգի հետքերով: Նախ կապ հաստատեցինք «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրեն Վահե Գուլանյանի հետ: Պարզվեց` այստեղ տեղյակ են ծառահատումների մասին: «Դա բնապահպանության նախարարության կողմից թույլատրվել է եւ պաշտպանության նախարարության պահանջով է: Ծառահատումները տեղի են ունենում կոնկրետ զորամասի ներսում, եւ դրանք գերհասուն ծառեր են: Ծառերի հատման կարիք ունեցել է պաշտպանության նախարարությունը, որովհետեւ դրանք խանգարում են ռազմական որոշ տեխնիկայի աշխատանքներին: Նույնիսկ վերջերս էլ դեպք տեղի ունեցավ. ուժգին քամու պատճառով ծառը շուռ էր եկել այդ սարքերի վրա»,- ներկայացրեց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գիտության գծով տնօրենը:

11056599_1662900507329233_854278606669993062_n

Մեր զրուցակցի խոսքերով՝ հատվում են հիմնականում չիչխան, բարդի տեսակի ծառերը: «Իհարկե, ցավալի է, որ դրանք հատվում են, բայց ինչ արած: Կոնկրետ դա հատվում է զորամասի տարածքի ներսում»,-շեշտեց Վահե Գուլանյանը՝ եւս մեկ անգամ հավաստիացնելով, որ ծառահատումներն անօրինական չեն, դրանց վերաբերյալ առկա է մասնագիտական եզրակացություն, բացի այդ՝ անտառահատման տոմս կա դուրս գրված: Նա նաեւ նշեց, որ ծառերն ամբողջությամբ հաշվառվել են. «Ավելի քան 100 ծառ է հատվելու»:

11846775_1662903307328953_2101803735931468614_n

Իսկ, ահա, ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, լսելով ահազանգը, համոզված նշեց, որ եթե ծառահատումները ռազմական նշանակության նպատակով են կատարվել, ապա դա պետք է արված լինի միայն համապատասխան դիմումների եւ որոշումների հիման վրա: «Տարվա ընթացքում վառելափայտը պահեստավորելու համար օրինական կարգով դիմում ենք պետությանը, որպեսզի փայտ ստանանք: Երբ մեծ ծավալի վառելափայտ ենք կուտակում, դրա դիմաց, իհարկե, բոլոր օրինական մուծումներն անում ենք: Բայց մենք տարեկան հազարավոր մետր քառակուսի ծառ ենք տնկում ե՛ւ շաբաթօրյակներին, ե՛ւ պլանային տնկումների ժամանակ»,- արդարացավ ՊՆ մամլո խոսնակը:

11822418_1662903337328950_1951289796736884078_n

Մենք, այնուամենայնիվ, փորձեցինք բնապահպանության նախարարությունից էլ ճշտել՝ արդյոք օրինական են այդ ծառահատումները: ԲՆ-ից ի պատասխան մեր հարցմանը՝ փոխանցեցին, որ սանիտարական էտի թույլտվություն ունեն հենց զորամասի տարածքում: Բացի այս՝ նախարարությունից հայտնեցին, որ դրանք թեքված, ճկվող ու չոր ծառեր են: Թեեւ բնապահպանության նախարարությունից եւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդում են, որ ծառահատումներն իրականացվում են զորամասի ներսում, սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք կատարվում են զորամասի դիմացի տարածքում, իսկ հատված ծառերն էլ չոր չեն: Այս ամենը փաստող լուսանկարներն էլ կան:

11061202_1662903143995636_8671139091173786470_n

Ի դեպ, ստացված ահազանգի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Շուշանիկ Դանիելյանին: Ինչից հետո տեղի ունեցածի կապակցությամբ փոխանցեց հետեւյալը. «Օմբուդսմենի Գավառի արագ արձագանքման խումբը տեղում է եղել եւ հանդիպել է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Վահե Գուլանյանի եւ Կարճաղբյուրի զորամասի հրամանատարական կազմի հետ: Առեւերույթ փաստաթղթերն առկա են եղել, բայց օմբուդսմենը վարույթ կհարուցի՝ մանրամասները ճշտելու համար»:

11885296_1662903147328969_3570718009363345109_n

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Կառավարությունն այս տարի «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին հատկացրել է 267 մլն 861 հազար 700 դրամ՝ «Սեւան ազգային պարկի» պահպանության, պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների կատարման ծառայություններ» ծրագրի իրագործման համար: Իսկ, ահա, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ին Կառավարությունն այս տարի տրամադրել է 1 մլրդ 201 մլն 229 հազար 900 դրամ՝ անտառպահպանական ծառայություններ ծրագրի իրականացման նպատակով: Այսքանից հետո անիմաստ է հարց հնչեցնել, թե ինչի վրա են ծախսվում պետական միջոցները. անտառը ոչ թե պահպանում են, այլ հատում:

Без имени-1

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս