Armlur.am-ը երեկ անդրադարձել էր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` Անդրանիկ Նիկողոսյանին պատվո մեդալից զրկելու նախաձեռնությանը և ներկակացրել, թե վերջինիս մեդալներ շնորհած գերատեսչություններն ինչ են մտածում պատգամավորի առաջարկի մասին:
Արդեն ներկայացրել էինք, որ քաղաքապետարանից և ոստիկանությունից հրաժարվել էին այս մասով որևէ մեկնաբանություն տալ, իսկ Ազգային ժողովից էլ պատասխանել էին, որ խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանն արձակուրդում է և արձագանքը կլինի նրա վերադարձից հետո:
Մշակույթի նախարարությունից արձագանքել էին, որ «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենք»-ի համաձայն պարգևներից կարող են զրկվել միայն դատական կարգով, իսկ Պաշտպանության նախարարությունից պատասխանել էին, որ ստեղծված իրավիճակում իրենք չեն կարող տրված մեդալները ետ վերցնել, քանի որ օրենքով սահմանված նման ընթացակարգ չկա:
Պետք է ընդգծել, որ այսպիսի սկզբունք կա, ըստ որի, ով տվել է կոչումը, նա էլ կարող է ետ վերցնել: Ըստ այդմ, եթե Աժ նախագահը որոշում է կայացնում մեդալ տալ, նա էլ կարող է որոշել չեղյալ և անվավեր համարել նախորդ որոշումը, որով էլ մեդալը շնորհվել է: Իրականում սա հեշտ գործընթաց է, սակայն մեր պետական գերատեսչությունները, չգիտես ինչու, չեն ցանկանում այդ կերպ վարվել և ամեն կերպ փորձում են մեկնաբանել, որ այդպիսի ընթացակարգ չկա:
Ամենահետաքրքիրն այն է, որ Մշակույթի նախարարությունը մեջբերել է «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին ՀՀ օրենք»-ը, սակայն ընդգծենք, որ սա միայն նախագահի կողմից տրվող պետական պարգևներին է վերաբերվում և ոչ մի կապ չունի ԱԺ նախագահի, Մշակույթի նախարարի, ՊՆ-ի, Երևանի քաղաքապետի կամ այլ գերատեսչությունների կողմից տրված պարգևների հետ: Եվ մեդալ տվողը կարող է ետ վերցնել իր որոշումը` անվավեր ճանաչելով կամ փոփոխություն կատարելով նախորդ որոշման մեջ: Ավելին, նշենք, որ դրանք կարգավորվում են իրենց ներքին կանոնակարգերով:
Եթե իսկապես այս ամենն այդքան հեշտ է, ապա մեր պետական գերատեսչություններին ինչն է խանգարում տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանին մեդալազրկել, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ նա լկտիաբար նույնիսկ հայտարարում է, որ իր վատ վարքի հետևանքով ՊՆ-ն նախապես տված նվերները ետ չի վերցրել: