ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՄՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ պետական բյուջեն՝ հարկերի եւ տուրքերի հավաքագրման մասով, լուրջ թերակատարվել է: Օրերս հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները՝ հարկերի եւ տուրքերի մասով, կազմել են 501 միլիարդ 472 միլիոն 300 հազար դրամ: Անցած տարվա առաջին կեսին հավաքագրված հարկերը եւ տուրքերը կազմել են 499 միլիարդ 965 միլիոն 100 հազար դրամ: Այսինքն՝ այս տարի պետբյուջե մուտք եղած հարկերը եւ տուրքերն աճել են ընդամենը 0,3 տոկոսով:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե վիճակն այդքան էլ վատ չէ, ամեն դեպքում հարկերի եւ տուրքերի հավաքագրման աճ է արձանագրվել, թեկուզ եւ չնչին: Բայց իրականում այս ցուցանիշի տակ շատ լուրջ խնդիր է թաքնված: Բանն այն է, որ 2015 թվականի պետական բյուջեի պլանով այս տարվա առաջին կիսամյակում հարկեր եւ տուրքերի գծով եկամուտները պետք է կազմեին 523 միլիարդ 559 միլիոն 792 հազար դրամ: Այսինքն՝ հարկերի եւ տուրքերի գծով պետական բյուջեի թերակատարումն այս տարվա առաջին կեսին կազմել է 22 միլիարդ 87 միլիոն 492 հազար դրամ: Տոկոսային արտահայտությամբ պետական բյուջեի եկամուտների կիսամյակային պլանը թերակատարվել է 4,2 տոկոսով:
Թերեւս ոչ մեկը չի կասկածում, որ Հայաստանի հարկային ծառայության աչքից ոչ մի լումա չի վրիպում: Եթե հարկ կա, ապա հարկայինը հաստատ այն «կտանի»: Բայց այս իրավիճակը նշանակում է, որ տնտեսվարողները նախատեսվածից պակաս հարկեր եւ տուրքեր են վճարում, ապա նշանակում է՝ նրանք ի վիճակի չեն ավելին վճարելու: Ստեղծված իրավիճակն ուղղակի ապացուցում է, որ Հայաստանի տնտեսությունը ներկայումս գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան պլանավորված է եղել անցած տարվա վերջին: Տնտեսության ոչ բարենպաստ վիճակի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ տնտեսության երկու հիմնական հարկատեսակների՝ ավելացված արժեքի եւ շահութահարկի գծով պետբյուջեի մուտքերն այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են: Մասնավորապես, այս տարի հավաքագրվել է 192 մլրդ 641 մլն դրամի ԱԱՀ՝ անցած տարվա 204 մլրդ 557 մլն դրամի դիմաց, անկումը կազմել է 5,8 տոկոսով: Շահութահարկի գծով այս տարվա վեց ամիսներին հավաքագրվել է 59 մլրդ 737 մլն դրամ, անցած տարի՝ 62 մլրդ 31 մլն դրամ, անկումը կազմել է 3,7 տոկոս:
Նշենք, որ հարկեր եւ տուրքերի գծով բյուջեի եկամուտներն այս տարի անցած տարվա ցուցանիշից ավել են մեկ հարկատեսակի՝ մաքսատուրքերի գծով արձանագրված կտրուկ աճի շնորհիվ: Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների մաքսատուրքերը կազմել են 30 մլրդ 355 մլն դրամ՝ անցած տարվա 24 մլրդ 425 մլն դրամի դիմաց: Բնականաբար, ընդհանուր հարկատեսակների վճարումների նվազման, ներմուծման ծավալների 27,2 տոկոս անկման պայմաններում մաքսատուրքերը չէին կարող աճել, սակայն ողջ խնդիրն այն է, որ Հայաստանի մաքսատուրքերն այժմ գոյանում են ոչ թե մեր երկիր ներկրված ապրանքներից գանձումների հաշվին, այլ Եվրասիական տնտեսական միության բյուջեից մեր երկրին հասանելիք մասնաբաժնի հատկացմամբ: Հայաստանի սահմանին գանձվող մաքսատուրքը ՀՀ պետբյուջե չի գնում, այն փոխանցվում է ԵՏՄ բյուջե, որտեղից հետագայում Հայաստանը ստանում է իրեն հասանելիք մասնաբաժինը, որը փաստացի ավելի շատ է ստացվում, քան մեր սահմանին գանձված գումարը: Այլ կերպ ասած՝ մաքսատուրքերի մոտ 6 մլրդ դրամի աճը կապ չունի մեր տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների հետ: Բայց կարեւորն այն է, որ այդ գործոնը նպաստել է, որպեսզի այս տարվա հարկերը եւ տուրքերը անցած տարվանից պակաս չլինեն:
Ի դեպ, 2015 թվականի պետբյուջեյում դոլարի փոխարժեքը սահմանված է 411 դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ հարկերի եւ տուրքերի պետբյուջեի պլանով նախատեսված 523 մլրդ 559 մլն դրամը կազմում է 1 մլրդ 273 մլն 868 հազար դոլար: Այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված 501 մլրդ 472 մլն դրամի հարկերը եւ տուրքերը դոլարի ներկայիս 480 դրամ փոխարժեքով կազմում են 1 մլրդ 44 մլն 733 հազար դոլար: Այսինքն՝ դոլարային արտահայտությամբ պետբյուջեի թերակատարումը կազմել է մոտ 230 մլն դոլար: Անցած տարվա վերջին 2015 թվականի պետբյուջեն կազմելիս ենթադրվել է, որ այս տարվա ընթացքում ինչ-որ թվով խնդիրներ պետք է լուծվեն, սակայն ներկա արդյունքները փաստում են, որ կիսամյակի արդյունքներով պետբյուջեի միջոցներով լուծվելիք խնդիրների ծավալը 230 մլն դոլարի չափով պետք է նվազեցվի, որովհետեւ ակնկալվող եկամուտներն այդքանով պակաս են ստացվել: Պետբյուջեի եկամուտների հավաքագրման թերակատարումը ներկա փուլում իրեն զգացնել չի տա, այս գործոնի բացասական ազդեցությունը կզգացվի արդեն տարեվերջին:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
60 ՀՈԳՈՒ ԱԶԱՏԵ՞Լ ԵՆ
Սյունիքի մարզում գտնվող «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ 60 հոգու աշխատանքից ազատել է: Նշենք, որ այս ընկերությունը զբաղված է հանքերի հետազոտման աշխատանքով: Ըստ Սյունիքում տարածված լուրերի՝ ընկերությունը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, եւ այն ժամանակին ղեկավարել է ինքն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Վերջին շրջանում Մաքսիմ Հակոբյանը «հրաժարվել» է այդ ընկերությունից, ու այն գտնվում է Սուրիկ Խաչատրյանի միանձնյա տնօրինման տակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներին ազատելը տնօրինությունը պատճառաբանել է ֆինանսական խնդիրներով: «ԼԵՌ-ԷՔՍ» ընկերության տնօրինության հետ զրուցելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պաշտոնանկ է արվելու, եւ ինչպես նախկին նախարարներից շատերի դեպքում, ինչ-որ երկրում նշանակվելու է Հայաստանի դեսպան: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունը ճշտել հենց Հրանուշ Հակոբյանից: Սակայն նրան մեր հարցը զայրացրեց: «Ովքեր որ նման տեղեկություններ են տարածել, նրանցից էլ հարցրեք, ինչու եք ինձ հարցնում, դրանք տարածվող կեղծ լուրեր են»,- պատասխանեց նախարարն ու անջատեց հեռախոսը:

 

ԽՈՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Նախօրեին սիբիրյան խոցի դեպքերի վերաբերյալ Հայաստանի առողջապահության նախարարության հրապարակած հայտարարությունը խիստ մտահոգել է մսամթերքի տեղական արտադրողներին: Բանն այն է, որ վերջին օրերին ռուսական լրատվամիջոցները պարբերաբար հրապարակում են ՀՀ ԱՆ-ի սիբիրյան խոցի դեպքերին վերաբերող հայտարարությունը: Տեղեկացնենք, որ 7 տարվա դադարից հետո նախորդ տարվա վերջին Հայաստանը դեպի ՌԴ եւ ԵՏՄ երկրներ մսամթերք արտահանելու թույլտվություն ստացավ: Իսկ մինչ այդ հայկական մսամթերքի արտահանման հիմնական շուկան Վրաստանն էր: Եվրոպական երկրներում հայկական մսամթերքը չի ընդունվում, քանի որ Հայաստանը համարվում է խոցելի այնպիսի հիվանդությունների նկատմամբ, ինչպիսիք են խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ դաբաղը: Նախկինում նաեւ ռուսական կողմն էր պնդում, որ Հայաստանում ընտանի կենդանիների շրջանում դաբաղի առկայություն կա, մինչդեռ հայ մասնագետների հավաստիացմամբ՝ այդ հիվանդությունը ՀՀ-ում վաղուց չկա:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Հայաստանի մսամթերք արտահանողների միության նախագահ, «Ա. Բիլյան» ՍՊԸ-ի տնօրեն Արամայիս Բիլյանի հետ, որը հավաստիացրեց, թե մտահոգվելու առիթ չկա, քանի որ վարակը եկել է Վրաստանից:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՈՒՄ
Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 9-րդ օրը նստացույց անող «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության` ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով ստորագրահավաքին 4 ժամվա ընթացքում հավաքվել է 600-ից ավել ստորագրություն: Այս մասին NEWS.am-ին ասել է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը: Նա նշել է, որ ստորագրահավաքը շարունակվելու է նաեւ օգոստոսի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

 

 

ԴՈՒՔ ԷԼ ԳԱՅԹԱԿՂԵՔ
Բաց երկնքի քաղաքականությունն ազատ դաշտ է ստեղծում ավիափոխադրողների համար, բայց այս պահին արդյունքը գոհացուցիչ չէ: Երեկ նման խոստովանություն է արել քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Այն դիտարկմանը, որ ավիաընկերությունները հեռանում են Հայաստանից, եւ գերադասում աշխատել Վրաստանում, Ա. Մովսեսյանն արձագանքել է, որ բաց երկնքի քաղաքականությունը Վրաստանում վարվում է արդեն 10 տարի, իսկ ՀՀ-ում՝ միայն 2 տարի: «Վրաստանը կարող է մշտապես էժան լինել, քանի որ այնտեղի ճանապարհն ավելի գայթակղիչ է, բայց չի նշանակում, որ մենք պետք է համեմատենք դա»,- ասել է նա` այդպես էլ չպարզաբանելով, թե ինչպես կարող է Վրաստանի օդային ճանապարհն ավելի գայթակղիչ լինել հայկականից: Հավանաբար, սա մի այնպիսի «նոու հաու է», որին հասու են միայն Մովսեսյանի նման բացառիկ «պրոֆեսիոնալները»: Իսկ իրականում Վրաստանն ավելի գայթակղիչ երկիր է ավիաընկերությունների համար, քանի որ այդ երկրում թե՛ օրենսդրությունը եւ թե՛ իշխանությունների վարած քաղաքականությունն անհամեմատ ավելի բարենպաստ միջավայր են ստեղծում քաղավիացիայի զարգացման համար:

 

ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆ
Aravot.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 22-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Միխայիլ Լինկի հետ հանդիպման ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ն աշնանը ակտիվ գործողություններ է ձեռնարկելու, հասարակության լայն զանգվածներին կրկին փողոց է դուրս բերելու` սահմանադրական բարեփոխումները տապալելու համար: Այս կապակցությամբ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը լրատվամիջոցին ասել է.«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մենք հայտարարություն արել ենք, որտեղ սպառիչ գրված է մեր մոտեցումն այս գործընթացի նկատմամբ: Երկրորդ` մենք երբեք ոչ մի առիթ բաց չենք թողնելու այս փոփոխությունների, իսկ իրականում սահմանադրական հեղաշրջման նախագիծը տապալելու եւ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու հարցում»:

 
ԱՆՁՐԵՎ ԿԳԱ
Օգոստոսի 6-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավային, 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում` 7-8 աստիճանով:




Լրահոս