ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Yerakouyn.com

Yerakouyn.com-ը գրում է. «Առանց տանիքի արդէն մէկ տարի գոյատեւող, Թիֆլիսի կեդրոնին գտնուող Սուրբ Մինաս եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առջեւ: Մտավախութիւնը Հայ առաքելական եկեղեցւոյ Վիրահայոց թեմինն է: Թեմէն կը յայտնեն, որ առանց տանիքի գոյատեւող եկեղեցւոյ պատերը արդէն կը թուլանան, անոր հետեւանքով չի բացառիր, որ եկեղեցին փլուզուի: Այս մասին կը յայտնէ Akhltkha.net-ը»:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ռուսաստանի Դաշնությունից ռուսական մեքենա ենք բերել ՀՀ տարածք: Ձեռք եմ բերել մեկամսյա թույլտվություն՝ մեքենան ՀՀ-ում պահելու համար: Խնդրում եմ ասեք՝ եթե մեկ ամիսը (թույլտվության ժամկետը) լրանա, եւ մեքենան մնա ՀՀ-ում, հնարավոր է տուգանք կիրառվի իմ հանդեպ:

Գարիկ Մանուկյան (43 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մանուկյանի հարցին ի պատասպան՝ տեղեկացնում ենք, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-241-Ն 17.12.2014թ.) 250-րդ հոդվածի համաձայն՝ Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք իրենց անձնական ավտոմեքենաներով ՀՀ սահմանը հատելիս մաքսային մարմիններ են ներկայացնում անձը հաստատող եւ ավտոմեքենայի հաշվառման փաստաթղթերը, որի հիման վրա մաքսային մարմինն ավտոմատ հայտարարագրման համակարգում հաշվառում է դրանց մուտքը ՀՀ տարածք: Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց անձնական ավտոմեքենաները ՀՀ տարածքում կարող են գտնվել այդ ֆիզիկական անձանց՝ ՀՀ-ում գտնվելու՝ օրենքով սահմանված ժամկետը չգերազանցող ժամկետով: Ավտոմեքենաները կարող են ՀՀ տարածքում օգտագործվել բացառապես ավտոմեքենան ներմուծող անձի կողմից, եւ նրա մեկնելու ժամանակ ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն ՀՀ-ից: Սահմանված ժամկետը խախտելու դեպքում Միության անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք կրում են այնպիսի պարտավորություններ, որոնք սահմանված են Միության եւ ՀՀ օրենսդրությամբ՝ ավտոմեքենան ՀՀ ներքին սպառման նպատակով ներմուծելու համար:
շարունակելի

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ներկայումս ՀՀ ներմուծվող բոլոր մեքենաների համար գանձվում է 20% ԱԱՀ, իսկ ոչ ՌԴ-ից ներմուծվածների համար՝ նաեւ 10% մաքսատուրք: Ի դեպ, ԵՏՄ-ում մեքենաների մաքսատուրքերը շատ ավելի բարձր են, սակայն ՀՀ-ի պարագայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներկայիս դրույքաչափերը կշարունակեն գործել եւս 5 տարի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կարող են անձից առգրավել կանխավճարի կրկնակի գումար այն դեպքում, երբ բնակարանի վաճառք չի կատարվել:

Լիլիա Արիստակեսյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղ. օր. 395 հոդվածի կետ 1-ի «կանխավճար է կոչվում գումարը, որը փոխանցվում է համաձայնեցված կողմերից մեկի կողմից մյուսի հաշվին, համաձայն պահանջվելիք վճարումների վերաբերյալ պայմանագրի, որպես պայմանագրի կնքման եւ դրա իրականացման ապահովման ապացույց»: Այդպիսով՝ կանխավճարի անբաժան գործառույթն է հանդիսանում պայմանագրի կնքման ապացույցը: Այսինքն՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է կնքվի: Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղ. օր. 501 հոդվածի կետ 1-ի՝ բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի գույքի գինը: Գնի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Բացի այդ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղ. օր. 570 հոդվածի՝ բնակարանի վաճառքի պայմանագրի էական պայման է հանդիսանում կողմերի ցանկը, ուր նշվում են նաեւ վաճառվող բնակելի տարածքի օգտագործման վերաբերյալ նրանց իրավունքները: Բնակարանի վաճառքի պայմանագիրը ենթակա է պետական գրանցման եւ համարվում է կնքված գրանցման պահից: Պայմանագրի վերաբերյալ բոլոր վերոնշյալ պահանջները չեն բավարարվել, ինչը նշանակում է, որ պայմանագիրը չկնքված է եւ անվավեր: Այդպիսով՝ կանխավճարի վերաբերյալ համաձայնությունը անվավեր է:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս մեր հայրենակիցներին լինել հնարավորինս տեղեկացված եւ մոլորության մեջ չհայտնվելու համար կանխավ ծանոթանալ օրենքի յուրաքանչյուր կետին:




Լրահոս