Խնդիրների հայտնաբերման դեպքում, ամենայն խստությամբ օրենքի ուժ կկիրառվի. Արմեն Մուրադյանը` ծննդկանների մահվան դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծննդկանների մահվան վերջին երկու չարաբաստիկ դեպքերը պետք է քննարկվեն իրավապահ մարմինների կողմից: Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծննդկաններ Մերի Մարգարյանի և Ջուլիետա Գասպարյանի մահվան դեպքերին, այս մասին նշեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

«Ստեղծված հանձնաժողովներն աշխատելու են մի քանի ուղղություններով: Հիմնական սկզբունքը լինելու  է անաչառ, արհեստավարժ  և հետևողական», – նշեց նա:

Նախարարը հայտնեց, որ ինքը հանդիպել է միայն Մերի Մարգարյանի ընտանիքի անդամներին: «Ես հանդիպել եմ ըստ ցանկության», – նշեց նախարարը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ մարզային բուժհաստատությունների նկատմամբ դժգոհությունները դեռևս շատ են և մարդիկ բուժման համար շարունակում են մայրաքաղաք այցելել, նախարարն ընդգծեց. «Ամբողջ հանրապետությունով մեկ ծրագրեր են իրականացվում: Մենք իրականացնում ենք ընդհանուր քաղաքականություն` ինչպիսին պետք է լինի»:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ շատերը բողոքում են, թե ծննդօգնությունն անվճար է, սակայն իրականում բժիշկներին մեծ գումարներ են տրվում, Մուրադյանը նշեց, որ նախարարությունը ներքին ինֆորմացիաներով չի զբաղվում, և եթե կան պաշտոնական հայցեր, ապա անշուշտ իրենք միանգամից արձագանքում են: «Հավաստագիրը ներդնելուց հետո այդ խնդիրը պրակտիկորեն լուծված է: Կարծես թե ծնունդների թիվն ավելացավ: Մայրական մահացության դեպքերի նվազումը ցույց  է տալիս ներդրված ծրագրերի արդյունավետությունը», – հավելեց նա:

Արմեն Մուրադյանը նաև ընդգծեց, որ վերջին օրերին ծննդկանների մահվան դեպքերի ֆոնին բժիշկների հանդեպ նեգատիվ վերաբերմունք է առաջացել:

«Երկրում տարեկան գրանցվում է 53 հազար հղիություն, որից 43 հազարը ծննդաբերությամբ է ավարտվում, 7 հազարն աբորտներն են, իսկ մնացածն ինքաբերաբար հղիության ընդհատումներն են: Տարեկան 18 հազար հղիության պատալոգիա է գրանցվում Հայաստանում, որոնցից 1-2 տոկոսը կյանքին ուղիղ սպառնացող վտանգներն են: Այդ բոլոր դեպքերի լուծումն ուղղված է, որ մայրական մահացության դեպքերը նվազեն և փաստացի թվերը վկայում են նվազման մասին: Նրանցից յուրաքանչյուր դեպքը մեզ և հասարակության համար ողբերգություն է:  Մենք չենք դիտարկում սա որպես վիճակագրություն, և մենք ամբողջ համակարգի աշխատանքը չենք կարող դիտարկել այդ մի քանի դեպքերի հետ կապված: Եթե այս դեպքերի վերաբերյալ կլինեն խնդիրներ, կարծում եմ` իրավապահները կներկայացնեն դատարան և մենք առաջինը կլինենք, որ օրենքի խստություն կկիրառենք», – եզրափակեց նա:




Լրահոս