Օրերս Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան պուրակում բացվեց «Սրբացյալ ընտանիքներ» խորագրով քանդակագործության երկրորդ միջազգային սիմպոզիումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Տասը քանդակագործներ` Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից, երեք շաբաթների ընթացքում նոր մոտեցմամբ համադրել են տեղական տուֆ քարն ու մետաղը: Արդյունքում, նոր ստեղծված քանդակագործական աշխատանքներով կձեւավորվի հերթական պուրակը: Քանդակագործ-մետաղագործ Հովհաննես Մնոյանը, ով եւս իր աշխատանքն է ներկայացրել սիմպոզիումին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ փորձի նման փոխանակման կարիք իրենք շատ ունեն. «Իրարից շատ բան սովորեցինք, թեման էլ սրտներիս մոտ էր: Ես ներկայացրել եմ հայ կնոջ կերպարը` ձուլելով այն սեւ մետաղից, Ցեղասպանության անմեղ զոհերից մեկին եմ անմահացրել»,-ասաց նա:
Քանդակագործն աշխատանքների տեղաբաշխման վերաբերյալ հայտնեց իր ցանկությունը. «Ճիշտ կլիներ, եթե արձանները քաղաքի տարբեր մասերում տեղադրեին: Նախորդ սիմպոզիումի աշխատանքները խմբով էին տեղադրել, կուզենայի՝ այս անգամ այդպես չլիներ»: Հ.Մնոյանին գրավել է բելգիացի գործընկերոջ քանդակը. «Պատկերել էր կիսված Հայաստանի խորհրդանիշը` քարի միջոցով, այն կիսել էր երկու մասի` արեւելյան եւ արեւմտյան: Գաղափարական առումով լավ գործ էր»,-նկատեց նա: Քանդակագործի խոսքով` իր մասնագիտության տեր անձիք նման միջոցառումներում դրսեւորվելու հնարավորություն ստանում են, սակայն մեծ մասամբ նրանք իրենց գործով զբաղվելու հնարավորություն չունեն.
«Մարդիկ չեն կարողանում ստեղծագործել, քանի որ դրա համար միջոցներ են պետք: Այսօր ով ընտանիք ունի, քանդակագործությամբ զբաղվելու ժամանակ չունի…Քանդակագործը բազարում ձմերուկ է ծախում…Ինքս էլ մշտական կերպով չեմ զբաղվում իմ գործով, քանի որ դրանով չեմ կարողանում ընտանիք պահել»,-անկեղծացավ Հ.Մնոյանը: Նա նաեւ խոստովանեց, որ կուզենար` իր քաղաքում տեղադրված որոշ քանդակներ անմխիթար վիճակում չտեսնել. «Այս խնդիրն էլի ֆինանսի հետ է կապված: Օրինակ` քանդակի համար անհրաժեշտ նյութն այնքան թանկ է, որ էժանագին քարից են քանդակը ստեղծում, որն էլ շատ շուտ քայքայվում-գնում է»,-եզրափակեց նա:
Լուսանկարը` Հովհաննես Մնոյանի ֆեյսբուքյան էջից:
Աննա Բաբաջանյան