Ադրբեջանը որպես պատերազմող երկիր շատ թույլ է. Վահան Շիրխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացվում էր ադրբեջանական հերթական դիվերսիայի կանխման մասին:

Պաշտպանության նախարարությունը վերստին ագրեսոր Ադրբեջանին հորդորում է պահպանել հրադադարի ռեժիմը: «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Եվրոպական խաղերից անմիջապես հետո մշտապես ապակայունացնում է իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում: Հրադադարի ամենօրյա խախտումները իրականացվում են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, ինչպես նաեւ՝ 60 եւ 82 մմ-ոց ականանետերից: ՀՀ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր ներկայացնում է խախտումների վիճակագրությունը: Օգոստոսի 11-12-ի գիշերը միայն 82 մմ-ոց ականանետերից ադրբեջանական ԶՈւ-երը արձակել են 109 ական: Նույն ժամանակահատվածում ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից ձեռնարկվել է սահմանագոտի ներթափանցելու երկու ձախողված փորձ:

Հայկական կողմը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը բազմիցս զգուշացրել է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ձգտումներն ու հայտարարություններն ինքնախաբեություն են, իսկ այդ տրամաբանությամբ ձեռնարկվող սադրանքները Ադրբեջանի բանակի համար հղի են անկանխատեսելի հետեւանքներով: ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին կարեւորում է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եւ այդ նպատակով ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման, փոխվստահության միջավայրի ձեւավորման, ինչպես նաեւ՝ հրադադարի խախտումների միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ` պարզելու համար՝ արդյոք առաջիկայում հնարավոր է լարվածության էսկալացիա եւ Ադրբեջանի կողմից լոկալ դիվերսիոն հարձակումներից անցում դեպի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:

-Պարո՛ն Շիրխանյան, Ադրբեջանն ակտիվացրել է սահմանային գնդակոծություններն ու դիվերսիոն հարձակումները, նախօրեին ՀՀ ՊՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը: Արդյո՞ք ադրբեջանական ագրեսիան առաջիկայում կարող է վերածվել ավելի մեծ պատերազմական գործողությունների:

-Դա, իհարկե, պատերազմ չէ, բայց որ Ադրբեջանն առաջին գծում լարվածությունն օր օրի բարձրացնում է՝ դա ակնհայտ է, փաստ է, իրողություն է: Բայց ես չեմ կարծում, որ դա կարող է վերածվել պատերազմական իրավիճակի, չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան հիմարացած վիճակում կլինի, որ պատերազմ կսկսի: Այդ գործողություններն, ընդհակառակը, մեր բանակին ստիպում են լինել ավելի աչալուրջ, ուշադիր, ավելի կենտրոնացած խնդիրների վրա: Դրանք մեզ դրդում են լինել ավելի մարտունակ վիճակում, իսկ պատերազմ սկսողը, ընդհակառակը, կթողներ այնքան, որ մենք կորցնեինք մեր աչալրջությունը, ավելի հանգիստ լինեինք, հետո նոր ինքը հանկարծակի կսկսեր. սկսողն այդպես կաներ: Սա մի կողմից մեր բանակին է մշտապես պահում մարտունակ վիճակում, մյուս կողմից՝ ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է իր մշտական ռազմաքաղաքական գիծը, այն է՝ աշխարհին ստիպել, համոզել, որ նրանք քայլեր ձեռնարկեն խնդրի ադրբեջանամետ լուծման համար:

Նպատակը դա է, սա ազդակ է, ոչ թե մեզ, այլ՝ արտաքին աշխարհին, որ ես պատերազմ սկսեմ, դուք էլ այստեղ պրոբլեմներ կունենաք, քանի շուտ է՝ ավելի լուրջ զբաղվեք խնդրի կարգավորմամբ:

-Բայց կարծեք թե արտաքին աշխարհը չի արձագանքում ադրբեջանական ագրեսիային, ինչի արդյունքում, ի վերջո, տուժում է հայկական կողմը. մենք սահմանին ունենում ենք անթույլատրելի շատ զոհեր: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են գերտերությունները հանդուրժում ադրբեջանական «հիստերիան»:

-Համանախագահողների, մեծ տերությունների ղեկավարների կողմից բազմաթիվ անգամ է հնչել, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն քաղաքական լուծում, հիմա նրանք իրենց այդ հայտարարություններից հետ չեն կանգնել: Հիմա ամեն մի գնդակ արձակելուց հետո նույնը կրկնելը, կարծում եմ, ադրբեջանցի չհասկացողների շրջանում որեւէ բան չի փոխի: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե այնտեղ լինեին ներկայացուցիչներ, որոնք կփաստեին, որ Ադրբեջանն է միշտ խախտում հրադադարի ռեժիմը կամ ինչ-որ կերպ հավատային ինֆորմացիային ու փորձեին սանձել ադրբեջանական կողմին: Բայց այդ բոլորը մեզ՝ հայերիս, ասում է մեկ բան, որ համախմբվենք, թիկունք կանգնենք մեկս մյուսին ու ամբողջ ժողովրդով թիկունք կազմենք հայոց բանակին: Ոչ մեկ չի կարող ասել վերջում պատերազմ լինելու է, թե՝ ոչ:

Այսօր ես կարող եմ ասել, որ այժմ չի լինելու, քանի որ դրա համար համապատասխան գործողություններ չկան: Հին խոսք է՝ պատերազմին միշտ պատրաստ եղիր, եթե չես ուզում կերակրել օտարի զինվորին: Սա մեզ հուշում է, որ պետք է համախմբվենք, մեր խնդիրը հիմա սա է, եթե մենք դա կարողանանք անել, ապա որեւէ վախենալու բան չկա: Ադրբեջանը՝ որպես պատերազմող երկիր, շատ թույլ է. նավթով հարուստ է, բայց պատերազմելու կարողությամբ` աղքատ, իսկ մեզ մնում է համախմբվել բանակի շուրջ, աջակցել ամեն ինչով ու պատրաստ լինել զարգացմանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս