ԶԱՎԵՇՏԱՊԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ըստ «Ազատության», ասել է, որ իրեն դուր չի գալիս այն դրույթը, թե Արցախի ճակատագիրը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, քանի որ այն պաշտպանել են ոչ միայն արցախցիները, այլեւ Հայաստանն ու սփյուռքը. «Եվ դա նշանակում է, որ մեր կամքն էլ պետք է հաշվի առնեն»: Ս. Սարգսյանի այս հայտարարությունը, մեղմ ասած, տարակուսելի է, քանի որ իր իսկ նախընտրական ծրագրի հիմնադրույթներից մեկը հետեւյալն է. «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է»: Եվ հիմա Ս. Սարգսյանն ասում է, որ իրեն դուր չի գալիս սեփական ծրագրի այդ հիմնադրույթը` պարզաբանելով. «Այսինքն՝ այնպես չէ, որ վաղը ղարաբաղցիները որոշեցին` մնում են Ադրբեջանի կազմում, մենք ձեռքներս ծալած պիտի նստենք: Այսինքն՝ ես մի անհավանական բան եմ ասում, բայց ուզում եմ ուղղակի սրանով շեշտել, որ այո՛, մենք միասնական ենք, միակամ ենք, եւ բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք այդ խնդրի խաղաղ կարգավորմանը»: Ս. Սարգսյանի այս մտավարժանքներից հետո ցանկացած բանական մարդու մոտ միանգամից մի քանի հարց է առաջանում: Նախ` ի՞նչ կարիք կա Ղարաբաղն Ադրբեջանի կազմում մնալու մասին անհեթեթություններո՛վ փորձել ցույց տալ, որ ինքը հայաստանցի է: Հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում երկու ղարաբաղցիների միջեւ պայքարի անթույլատրելիության մասին դատողություններով արջի ծառայություն մատուցեց իր ղարաբաղցի ընկերոջը` շեշտելով, որ Հայաստանն արդեն 15 տարի է՝ ղեկավարում են երկու ղարաբաղցիներ, որոնց միջեւ պայքարն անընդունելի է, քանի որ նրանք դրանով կուրախացնեին ոչ ղարաբաղցիներին, այսինքն` հայաստանցիներին: Եվ հիմա իրեն ղարաբաղցիներից տարանջատելով եւ հայաստանցիների դիրքերից խոսելով` Ս. Սարգսյանը պարզապես փորձում է հարթել այդ տհաճ նստվածքը: Սակայն հարկ է նկատել, որ իր՝ վերը նշված դատողություններով նա շատ վտանգավոր հայտարարություն է անում` ըստ էության ընդգծելով, որ Ղարաբաղը Հայաստան չէ: Սա, կարծում ենք, անթույլատրելի սխալ է պետության ղեկավարի համար: Սրանից բացի, առաջանում է նաեւ մեկ այլ` ոչ պակաս կարեւոր հարց. եթե Ս. Սարգսյանին դուր չի գալիս վերը նշված դրույթը, ապա ինչո՞ւ եւ ինչպե՞ս  է այն տեղ գտել նրա ծրագրում: Նման հայտարարությունից հետո մարդիկ իրավունք ունե՞ն մտածել, որ Ս. Սարգսյանը ոչ միայն իր նախընտրական ծրագիրը չի գրել, այլեւ անգամ չի կարդացել: Հակառակ դեպքում կարելի էր այդ դրույթը պարզապես փոփոխել` չհայտնվելու համար նման ծիծաղելի վիճակում:
Հ.Գ. Եվ մի փոքրիկ դիտարկում էլ ծրագրի իրական հեղինակների համար. ներկայացված «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է» ձեւակերպումը բավական անհեթեթ է ստացվում. արժե օգտագործել կա՛մ Ղարաբաղ, կա՛մ Արցախ անվանումները:




Լրահոս