Ահազանգում են ղազախահայերը. ադրբեջանցի լրագրողները պղծում են հայկական հուշաքարեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի խմբագրություն են դիմել Ղազախստանում բնակվող հայերը՝ հայտնելով այնտեղ հայերի նկատմամբ տեղի ունեցող անօրինականության մասին: Ղազախահայերի փոխանցմամբ` օգոստոսի սկզբին պղծվել է Ղազախստանի Ակտոբե (նախկին՝ Ակտյուբինսկ) քաղաքում տեղադրված Լևոն Միրզոյանի հուշաքարը: Պարզվում է՝ անհայտ անձինք հուշաքարի վրա փակցրել են լրագրային մի հոդված, որի հեղինակն ադրբեջանցի է: Հայերի ջանքերով այս պահին հուշաքարը հնարավորինս մաքրվել է: Սակայն հայկական համայնքի ղեկավարությունը ոստիկանություն չի դիմել:

«Լ. Միրզոյանի դեմ հրապարակային շարժումը չի դադարում արդեն երկու տարի: Այդ ալիքի վրա, Աստանայի քաղաքային իշխանությունների որոշմամբ, վերանվանվեց մայրաքա­ղա­քի՝ Լ. Միրզոյանի անունը կրող փողոցը»,- շարունակեց մեր զրուցակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը։

Իսկ ո՞վ է Լեւոն Միրզոյանը, որի անվան շուրջ Ղազախստանում ժամանակ առ ժամանակ ասպարեզ են նետվում հակահայկական բնույթի հրապարակումներ։

11868764_1012077015511620_1799257561_n

Նա ծնվել է 1897 թ. Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղում (Շուշիի գավառ)։ Աշխատել է Բաքվում, զբաղվել հեղափոխական, ընդհատակյա գործունեությամբ, դարձել բոլշևիկյան կուսակցության երևելի դեմքերից, բարձր պաշտոններ վարել Խորհրդային Ադրբեջանում, ղե­կավարել Ադրբեջանի կոմկուսը, ապա` կուսակցական աշխատանքի նշանակվել Սիբիրում, Ուրալում, իսկ 1933-ից Ղազախստանի կոմկուսի կենտկոմի 1-ին քար­տու­ղար­ն էր։ 1939-ին բռնադատվել է, գնդակահարվել, 1956-ին` արդարացվել:

Ղազախահայերի գնահատմամբ` Միրզոյանն ունի բոլշևիկ ինտերնացիոնալիստի տիպիկ կենսագրություն։

Այսպես, նրանք հատկանշական են համարում այն հանգամանքը, որ հայկական ծագումից զատ` իրեն ծնած ժողովրդի հետ նրա որևէ առնչության մասին կենսագիրները չեն հայտնում: Մինչդեռ նրա «ղազախական էպոպեան» բավականին ուսումնասիրված է ու բնորոշվում է որպես դրվատանքի արժանի շրջան, հատկապես որ խորհրդային այս հանրապետության նախորդ ղեկավար Գոլոշչոկինը հեղափոխականին վայել հախուռն ու անբարո «վճռականությամբ» էր ղազախական տափաստաններում առաջ տանում աուլների կոլեկտիվացման գործը՝ արյան ու արցունքի մեջ խեղդելով ամենաչնչին իսկ դժգոհություն:

11851248_1012076995511622_1831205702_n

«Միրզոյանը անհամեմատ ավելի շրջահայաց ու մեղմ գործեց: Ըստ ամենայնի, «կուսակցության գիծն» էր փոխվել: Զարկ տվեց արդյունաբերությանը (հատկապես՝ հանքային), Մոսկվայից միջոցներ կորզեց անգրագիտության վերացման, կրթական, մշակութային, գիտական օջախների ստեղծման համար: Կոլեկտիվացման արհավիրքից փախած հազարավոր գյուղացիներ վերադարձան իրենց տներ: Մի խոսքով, խաղաղության մի կարճ շրջան ապրեց իր ղեկավարած երկիրը: Այս ամենի շնորհիվ Միրզոյանը «բարի» առաջնորդի համբավ ձեռք բերեց, ղազախների մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր նրան «Միրզաջան» անունով պատվեցին: Ճանաչողները հիշում են նրան որպես համեստ, ժուժկալ անձնավորություն: Զարմանալի ոչինչ չկա. կոմունիստական վերնախավում նման մարդիկ քիչ չէին: Իսկ երբ Ստալինը սկսեց իր ընդդիմադիրների, ապա նաեւ՝ զինակիցների  ջարդը, այստեղ էլ Միրզոյանը անխնա հայտնաբերում ու վերեւից ստացված թվերի գերակատարումով անխնա կոտորում էր «ժողովրդի թշնամիներին»: Ահա այսպիսի մսաղաց էր գործում, որը ո՛չ իրավունք էր ճանաչում, ո՛չ նախկին ծառայություն, ո՛չ, առավել եւս,  կրոն ու ազգություն»,- պատմում են ղազախահայերը։

Վերջիններիս փոխանցմամբ` Միրզոյանն իր մղձավանջային դարի ծնունդն էր, կերտողն ու զոհը: Սա է, որ գիտակցված շրջանցում են Բաքվից ուղղորդվող գրչակները ու հակահայկական տրամադրություններ սերմանելու նպատակով Միրզոյանին ներկայացնում որպես ղազախների թշնամի հայ: Այսպիսով` ազգային թշնամանք է հրահրվում մի երկրում, որի նախագահն ազգամիջյան համաձայնության ու խաղաղության քաղաքական ուղեգիծ է իրականացնում, ընդ որում, բավականին հաջող:

levon mirzoyan

«ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիևին հերոսացնողները, նրա արձաններն ամենուր տիրաժավորողները, բնականաբար, պետք է պղծեն ԿԳԲ-ի զոհերի հիշատակը: Եվ փույթ չէ, որ ադրբեջանցի լրագրողի հիշատակած փաստաթուղթը՝ Միրզոյանի նամակը Ստալինին, չափազանց խոցելի կռվան է Միրզոյանի դեմ պայքարում, քանի որ այդ չարագույժ նամակում Միրզոյանն ընդամենը Մոսկվային է հայտնում Ղազախստանի կոմկուսի բյուրոյի, այլ ոչ թե իր անձնական որոշման մասին: Անհանգստացնողը պատմության ադրբեջանական նենգ մեկնաբանումն է: Բավական է միայն վկայակոչել անցյալ տարի Բաքվի տեղեկատվական գործակալության հաղորդագրությունը.

«Հասարակության տար­բեր խավերի հետ հակամարտության արդյուն­քում, որոնք չէին ուզում հրաժարվել իրենց պատ­մա­կան հիշողությունից, և առաջին հերթին Ղազախստանի բազմա­քա­նակ ադրբեջանական սփյուռ­քի օժանդակության շնորհիվ հաջողվեց հասնել ցանկալի արդ­յուն­քի։ Ուզում ենք հա­վատալ, որ ամենամոտ ժամանակ­նե­րում եղ­բայ­րական ղազախ ժողովուրդը ամբողջությամբ կազատվի միրզոյանական ծանր ժառան­գությու­նից»։

Ինչպես տեսնում ենք, ոգևորված առաջին «հաղթանակով», Բաքվի գործակալները, եթե ղազախական իշխանություններն ու հասարակությունը նրանց չսաստեն, նոր թիրախներ կընտրեն Ալմաթիում, Ուրալսկում, Ակտո­բեում, որտեղ կան Միրզոյանի անունը կրող փողոցներ, հուշաքարեր, միություններ»։

Ղազախստանի հայերը վստահ են, որ սա ամենևին հայ-ադրբեջանական կնճիռ չէ, որ ոմանք կցանկանային անտեսել կամ տուրք տալ դրան: Նրանց խոսքով` Ղազախստանում չդադարող «ապամիրզոյանացման» ընթացքը խիստ վտանգավոր ուղղություն կարող է ստանալ, որը կարող է մեծ վնաս հասցնել Ղազախստանում ապրող ավելի քան 140 ազգերի ու ազգությունների խաղաղ համակեցությանը, զարգացող ու ժողովրդավարական Ղազախստանի միջազգային բարձր հեղինակությանը:




Լրահոս