«ԱՂՔԱՏ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ» ԹԵԿՆԱԾՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2011-ին գրեթե մոռացության մատնված, քաղաքական դաշտում որեւէ դերակատարություն չունեցող Արամ Հարությունյանը, որը նախորդ նախագահական ընտրություններին մասնակցում էր նռան խորհրդանիշով, բոլորի համար անսպասելի այսպիսի հայտարարություն արեց. «Հիմնական ծրագրերը կապված են քաղաքական դաշտում նոր ուժի ձեւավորման նպաստման հետ: Այսօր մեր քաղաքական դաշտում կան իշխանություն, կեղծ ընդդիմություն եւ այն ուժերը, որոնք ուզում են, որ մեր երկիրը զարգանա, որոնք անկեղծ են իրենց տեսակետներում, պետք է համախմբվեն, ու մեր հիմնական խնդիրն այն է, որ նպաստենք այդ ուժի կայացմանը»: Կարելի էր ենթադրել, թե այս մտքի հեղինակը հզոր կուսակցության առաջնորդ է, համազոր մեկը նրանց, ում դեմ  խոսում է…
Իրականում, բոլորին անհայտ մի կուսակցության առաջնորդ, որը ժամանակ առ ժամանակ նետվում է ընտրությունների՝ երեւի կամենալով հիշեցնել, որ ինքը դեռ կա: Ու որպեսզի ավելի կարեւորի իր անձը, այն երեւութականությունը ստեղծի, թե ինքը շա՜տ մեծ գործիչ է, զգուշացնում է. «Եթե ինձ հետ ինչ-որ բան լինի, իմացե՛ք, որ ես սրտի խնդիր չունեմ, ինչպես եղավ Սիրունյանի, Անդրանիկ Մարգարյանի եւ մյուսների հետ: Ես փաստաթուղթ ունեմ, որ սրտի խնդիր չունեմ»… Տեսե՛ք, տեսե՛ք, մարդն ի՜նչ «պլանկա» է վերցնում, իրեն դնում է Անդրանիկ Մարգարյանի կողքին ու դեռ զգուշացնում, որ իր դեմ մահափորձ չանեն… Ժամանակին նման մի հայտարարություն արել էր Արթուր Բաղդասարյանը, ինչին փռթկոցով արձագանքեցին: Բայց Արամ Հարությունյանի դեպքում երեւի փռթկոցն էլ անմեղ բան թվա…
Թե ինչ է իրենից ներկայացնում նրա հիմնադրած ու ղեկավարած «Ազգային համաձայնություն» կուսակցությունը, չկարողացանք իմանալ: Չկարողացանք, որովհետեւ մոտավորապես պարզեցինք, որ սա եւս մարդ-կուսակցություն է, ընդամենը մեկ հոգուց կազմված կուսակցություն, որը երբեք որեւէ գործառույթ չի իրականացրել: Նաեւ դժվար չէր պարզել, որ այս կուսակցության ակունքների մոտ կանգնած է եղել Հովիկ Աբրահամյանը, քանի որ Ա. Հարությունյանն ընկալվում է որպես ԱԺ նախագահի «մարդը»: Իսկ դրա առաջին պատճառներից մեկն էլ այն է, որ Ա. Հարությունյանը եւս արտաշատցի է: Ինչպես նշվում է նրա կենսագրության մեջ, 1975-ին գերազանցությամբ եւ ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը, 1980-ին գերազանցությամբ ավարտել ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը եւ գործուղվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան, իսկ 1984-2008թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում: Պարզ է, որ բանակում չի ծառայել, չնայած կենսագրության մեջ գրել է, որ 1988-ից մասնակցել է ղարաբաղյան գոյամարտին, իր ներդրումն ունեցել Լաչինի ինքնապաշտպանական մարտերին, ազատագրմանը եւ ռազմականացված բնակավայրերի ստեղծմանը: Թե 1988-ին ինչ գոյամարտի է մասնակցել, դժվար է ասել, քանի որ պատերազմական գործողությունները սկսվել են 1990-ից հետո: Իր տեղեկացմամբ՝ 1987-ից զբաղվում է քաղաքականությամբ: Դարձյալ հայտնի չէ, թե քաղաքականության մեջ այդ տարիներին ինչ է արել, որ ուժի ներկայացուցիչն է եղել: Միայն գիտենք, որ 1991-99թթ. եղել է ԱԻՄ անդամ: Գրում է, որ 1996-ին ՀՀ նախագահական ընտրություններում «վճռականորեն պաշտպանել է ժողովրդավարական արժեքները, որի պատճառով ձերբակալվել է»…
Այն բանից հետո, երբ Պարույր Հայրիկյանը նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական, Ա. Հարությունյանն ընդգրկվեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում: Հայրիկյանը վստահել էր նրան ու անգամ 1999թ. խորհրդարանական ընտրություններում «տեղավորել» ԱԻՄ համամասնական ցուցակի երկրորդ տեղում: Սակայն 1999-ի նոյեմբերին, ինչպես վկայում են ԱԻՄ-ին մոտ կանգնած աղբյուրները, բացահայտվել է, որ Ա. Հարությունյանը համագործակցել է իշխանությունների հետ, մասնավորաբար որոշակի ծառայություններ մատուցել Հովիկ Աբրահամյանին, ինչի համար էլ դարձել է «Արտաշատ» կիսավեր հյուրանոցի փայատերերից մեկը: Պ. Հայրիկյանը, անընդունելի համարելով այդ դավաճանությունը, նրան հեռացրել է կուսակցությունից: Ու հիմա Ա. Հարությունյանը որոշել է ելնել հենց Հայրիկյանի դեմ՝ առաջադրվելով ՀՀ նախագահի թեկնածու եւ հրապարակավ խորհուրդներ տալով վերջինիս:
Հարությունյանը 2003 եւ 2008 թվականներին էլ է մասնակցել նախագահական ընտրություններին: Թե որտեղից էր նա ամեն անգամ հայթայթում համապատասխան 8 միլիոն դրամն ու ներկայացնում որպես ընտրագրավ, դժվար է ասել: Փաստորեն, երեք ընտրության մասնակցելու համար նա արդեն վճարել է 24 միլիոն դրամ, իսկ ահա նրա ունեցվածքի հայտարարագիրը շատ համեստ է. «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը 1,6 մլն դրամ եւ 500 ԱՄՆ դոլար ունի, անշարժ գույք` Երեւան քաղաքի Ծարավ Աղբյուրի եւ Լվովյան փողոցներում: Որպես շարժական գույք` 2003թ. արտադրության «ԳԱԶ 3110-101» մակնիշի մեկ ավտոմեքենա: Նախագահի թեկնածուի եկամտի աղբյուր են խնայողություններն ու բանկային փոխառությունները: Ինչպես տեսնում ենք, հազիվ թե նման խնայողություններով մարդը կարողանար վճարել ընտրագրավը, մինչդեռ վճարել է: Ուրեմն ճիշտ են այն բոլոր խոսակցությունները, որ նրան այդ գումարը տվել է Հ. Աբրահամյանը՝ այսպիսով Հարությունյանին դարձնելով նախագահականի հանձնակատարներից մեկը:
Նրա հանձնակատարության վառ դրսեւորումներից մեկն էլ մասնակցությունն էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Գիտենք, որ այս հանձնաժողովը «թաղեց» բոլոր գործերն ու մեծ ծառայություն մատուցեց սպանդը կազմակերպողներին: Ա. Հարությունյանն այդ մարդկանց մեջ էր: Հետեւաբար, այժմ նրա մասնակցությունն ընտրություններին ընդամենը երախտիքի արտահայտություն է: Հավելենք, որ Հարությունյանն իր հայտարարագրում չի նշել արտաշատյան հյուրանոցի մասին, մինչդեռ ցանկացած արտաշատցի գիտի, որ «Նուռը» բաժնետերերից մեկն է…
Ի դեպ, երբ նյութը պատրաստելու համար զանգահարեցինք «Ազգային համաձայնություն» կուսակցության գրասենյակ, մեր հեռախոսազանգին պատասխանեց հենց ինքը՝ ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Նա էլ մեզ հուշեց, թե որտեղ կարող ենք ծանոթանալ իր կենսագրությանը: Զարմանալին այն  էր, որ կուսակցությունը, որը հիմա նախընտրական շտաբի է վերածվել, գոնե մեկը չուներ, որ պատասխաներ նախագահի թեկնածուի փոխարեն: Գործավար պահելու համար նույնիսկ միջոցներ չունեցող կուսակցությունն ինչպե՞ս է թեկնածու ներկայացնում…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս