ԱՅԴՊԵՍ ԷԼ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀԱՇՎԻՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի ամռանը, երբ Հայաստանում սկսվում է բերքահավաքը, եւ գյուղացիներն իրենց աճեցրած բերքն իրացնելու խնդրի հետ են բախվում, մշտապես նույն պատկերին ենք ականատես լինում. գյուղմթերքը խոստացվածից անհամեմատ ավելի էժան է մթերվում: Այն աստիճան, որ գյուղացիները լավագույն դեպքում մի կերպ կարողանում են իրենց ծախսած գումարները ետ ստանալ, իսկ զարգացման մասին խոսք անգամ լինել չի կարող: Իհարկե, իշխանական լրատվամիջոցներում կարելի է ամեն օր հանդիպել գյուղատնտեսության նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանի հարցազրույցներին, եւ տպավորություն է ստեղծվում, որ նա օր ու գիշեր չի քնում եւ միայն գյուղացիների հոգսերի մասին է մտածում: Սակայն իրականում նա այդպես էլ չի կարողանում մի պարզ հարց լուծել, որպեսզի գյուղմթերքի մթերման ժամանակ վերամշակող ընկերությունները մթերվող ապրանքի գներն արհեստական չգցեն:
Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից «Ժողովուրդ»-ին տրված պարզաբանման համաձայն՝ ցորենը մթերվում է 1 կգ-ը 110-ից 130 դրամ: Սակայն իրականում այդ գնով անգամ ոչ ոք մթերում չի կատարում: Տեղական ցորենը մթերվում է հիմնականում 80 դրամով, լավագույն դեպքում 100 դրամով: Իսկ իրականում նախարարության տված մթերողների ցանկի կոնկրետ երկու ներկայացուցիչ՝ «ԱՏ Գրեյն», «Արնդանե» ընկերությունները, ընդհանրապես հրաժարվում են հացահատիկ մթերել: Սակայն, եթե գնային քաղաքականությունը շուկայական հարաբերությունների արդյունքում ձեւավորվեր, ապա ոչ ոք ոչինչ չէր կարող ասել, բայց ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում գյուղմթերքի վերամշակման շուկան վաղուց կենտրոնացված է, եւ գներն էլ հիմնականում մեկ կետից են թելադրվում: Հիմնական «թելադրողներն» էլ ՀՀ Կառավարությունն ու անձամբ գյուղնախարար Սերգո Կարապետյանն են:

 

 

 
ՀՀԿ-ում այս օրերին ակտիվ քննարկվում է իրենց կուսակից պատգամավորների «մասնակցությամբ» ի հայտ եկած ինտիմ տեսանյութերի հարցը: Իհարկե, խնդիրը դեռեւս Սերժ Սարգսյանի հետ չի քննարկվել, քանի որ վերջինս արձակուրդում է, սակայն ՀՀԿ-ականները փորձում են այս ընթացքում ներքին կարգով խնդիրները լուծել, որպեսզի «շեֆին» ասելիք ունենան: Տեւական ժամանակ է՝ այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձում է զրուցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, բայց ապարդյուն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հ. Սահակայնին «արգելել» են ֆեյսբուքում «ակտիվ» լինել, ինչի համար վերջինս «ջնջել» է իր էջը: Ի դեպ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւս իր ֆեսյբուքյան էջը «ջնջել» է, այժմ գործում է միայն նրա պաշտոնական էջը: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականները սկսել են ֆեյսբուքից արտագաղթել՝ «շառ ու փորձանքից» հեռու լինելու համար:

 

 

 

 

Այն բանից հետո, երբ ՌԴ քաղաքացի, տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանն իր կայքում հայտարարեց, որ Հայաստանը պետք է միացվի Ռուսաստանին, սկսեցին կոչեր հնչել, որ անհրաժեշտ է նրան զրկել ՀՀ ԱԺ նախագահի կողմից եւ ՀՀ ոստիկանապետի կողմից տրված պարգեւներից: Բայց ողջ խնդիրն այն է, որ սույն անձը ժամանակին ՀՀ ողջ իշխանական վերնախավի սիրված հյուրերից էր: Նա քիչ էր մնում Հայաստանում ոչնչից մեդիամագնատ դառնար: Սակայն ամենաողբերգականն այն է, որ Ա. Նիկողոսյանին ոչ միայն ԱԺ նախագահը եւ ոստիկանապետն են մեդալներ տվել, այլեւ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը միանգամից երկու` «Անդրանիկ Օզանյան» եւ «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգեւատրել: Մեկական մեդալ էլ մշակույթի նախարարից եւ Արարատի մարզպետից է նա ստացել: Ու հաշվի առնելով այն փաստը, որ Նիկողոսյանը ինքն է նախաձեռնել իր հարցազրույցը, ենթադրվում է, որ փորձում է ՌԴ իշխանությունների առջեւ արդարացնել իր գոյությունը՝ թերեւս հայտնի բռնաբարության պատմությունը «մաքրելու» եւ նոր ֆինանսավորում ստանալու համար:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը` Սեյրան Խաչատրյանը, նույն ինքն` Աղալարը, անցած շաբաթվա վերջին տեղափոխվել է հոգեբուժարան` սուր պսիխոզ ախտորոշմամբ: Աղալարը փաստացի «հոսպիտալացվել» է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի գործով վերահսկող դատախազը հրահանգել է խստացնել Սեյրան Խաչատրյանի եւ նրա որդու` Էյներ Խաչատրյանի մեղադրանքը: Արդյունքում, նրանց մեղադրանքը 118 հոդվածից (ծեծ) փոխվել է ՀՀ ՔՕ 113 հոդվածով` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը: Նկատենք, որ եթե առաջին մեղադրանքի դեպքում ազատազրկումը որպես պատիժ նախատեսված չէ, ապա ներկա մեղադրանքը մինչեւ հինգ տարվա ազատազրկում է նախատեսում: Սակայն վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ամեն ինչ գնում է Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին պատժից ազատելու ուղղությամբ՝ ընդհուպ մինչեւ անմեղսունակության հիմքով: Կարծես թե նման որոշումը կայացվել է ՀՀ նախագահի նստավայրում:

 

 

 

 

ԼԱՎ Է ՈՒՇ, ՔԱՆ ԱՎԵԼԻ ՈՒՇ

Ուղիղ 7 տարի առաջ այս օրերին ՀՀ իշխանությունները ցայտնոտայիին իրավիճակում էին, քանի որ արդեն չորրորդ օրն ընթացող ռուս-վրացական պատերազմի արդյունքում Հայաստանը զրկվել էր Վրաստանի տարածքով աշխարհի հետ հաղորդակցվելու, ասել է թե` նաեւ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ ներմուծելու հնարավորությունից: Ոչ վաղ անցյալի այդ օրերը վերհիշելով` շատերը կվկայեն, որ գոյացել էին բենզինի մեծ հերթեր, իսկ ալյուրի պաշարներն էլ, ըստ վիկիլիքսյան բացահայտումների, կարող էին սպառվել արդեն 1 շաբաթից: Նույն փաստաղթղերի հաղորդմամբ` այդ օրերին Հայաստանը լրջագույն խնդիր էր ունեցել նաեւ Մեծամորի ԱԷԿ-ի ատոմային վառելիքը ՀՀ ներմուծելու հարցում, եւ դժվար է ասել, թե ինչ կլիներ ՀՀ-ի հետ, եթե ռուս-վրացական պատերազմը տեւեր ոչ թե 5 օր, այլ ավելի երկար:
Համենայն դեպս, այդ 5 օրերին ՀՀ-ի կրած վնասը կազմել էր կես միլիարդ դոլար: Եվ դրանից հետո, թվում էր, ՀՀ իշխանությունները պետք է անեին հնարավորը` Հայաստանը նման խոցելի վիճակում չթողնելու եւ մեր պարենային անվտանգության ուղիները տարազանելու համար: Դա անելու փորձ, իհարկե, եղավ Սերժ Սարգսյանի կողմից` ի դեմս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողված գործընթացի: Փոխարենը Ս. Սարգսյանը, չգիտես ինչու, թերագնահատեց պարսկական ուղղությունը, այն դեպքում, երբ Իրանի հետ լայնամասշտաբ տնտեսական հարաբերություններ հաստատելու հարցում խոչընդոտներն անհամեմատ ավելի փոքր էին:
Ի վերջո, Իրանին պատժամիջոցների ենթարկած Արեւմուտքի ճնշումներին դիմակայելը շատ ավելի հեշտ կարող էր լինել (հատկապես վրացական պատերազմից հետո` դա հիմնավորելով պարենային անվտանգության ապահովման հրամայականով), քան Ցեղասպանություն իրականացրած, հայերին պետական մակարդակով թշնամի ճանաչող եւ Ադրբեջանին հովանավորող երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը:
Այսօր արդեն ակնառու է, որ Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» կարճատես եւ անհաշվենկատ արտաքին քաղաքական քայլ էր, որը հաջողելու դեպքում անգամ էականորեն չէր նվազեցնելու ՀՀ արտաքին ռիսկերը: Ներկայումս Թուրքիան ներքաշվել է երկճակատ պատերազմական գործողությունների մեջ եւ առաջիկայում կարող է վերածվել երկարաժամկետ անկայունության օջախի:
Նույնը չի կարելի ասել Իրանի մասին, որի հետ հարաբերությունների խորացումը, ի թիվս այլ հարցերի, նաեւ պարենային անվտանգության մակարդակի բարձրացման լուրջ եւ հուսալի ճանապարհ է: Եվ այս համատեքստում միայն ողջունել կարելի է երեկ Թեհրանում 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման հայ-իրանական պայմանագրի կնքումը: Հուսանք՝ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, դասեր քաղել են, եւ սա միայն սկիզբն է:




Լրահոս