ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի արտահայտություն կա. «Մի գիժ քարը գցում է փոսը, 100 խելոք չեն կարողանում հանել»: Գրեթե նույն իրավիճակն է Հայաստանում՝ ՌԴ քաղաքացի Անդրանիկ Նիկողոսյանի կողմից հնչեցված հայտարարության մասով:

Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հայտարարել էր, որ «Ռուսաստանը պետք է ձեւավորի կայսրություն, որովհետեւ Դաշնությունը Ռուսաստանի համար շատ փոքր է, եւ նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, եւ որեւէ անհատ չէ, որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը. դա պետք է որոշի հայ ժողովուրդը` հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետեւում չէ, եւ Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի»: Իհարկե, Նիկողոսյանը մի պարզաբանում էլ է տարածել՝ ասելով, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել եւ վերջ:
Բայց ո՞վ է Անդրանիկ Նիկողոսյանը, որ իրեն թույլ է տալիս նման հայտարարություն անել: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին անտեղյակ մեկը, եթե վերցնի ու ընթերցի նրա կենսագրությունը, ծանոթանա Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից նրան տված մեդալների ու պարգեւների ամբողջությանը, կարող է պնդել, թե նա լուրջ գործիչ է, եւ արտահայտած կարծիքը պետք է առնվազն չանտեսել:
Տեղեկացնենք, որ Անդրանիկ Նիկողոսյանը ՀՀ ՊՆ-ի կողմից երկու մեդալ է ստացել՝ «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», ՀՀ «Ոսկե զինանշան», ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի կողմից հաջորդաբար երկու ոսկե եւ մեկ ոչ ոսկե մեդալով է պարգեւատրվել: Պատվավոր դիպլոմներ է ստացել Ռուսաստանի դեսպանատնից, ռուսաստանյան 102 ռազմակայանի ղեկավարության եւ ՌԴ կառավարության կողմից: Երախտագիտության մեդալ է ստացել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ից եւ մի պարգեւ էլ՝ ՌԴ պատրիարք Կիրիլի կողմից:
Նիկողոսյանը պարգեւ է ստացել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ «Մարշալ Ժուկովի», «Բարեկամության» շքանշանների տեսքով:
Ուշագրավ է, որ բացի ՌԴ մարզային իշխանության ու զինվորական դաշտի ներկայացուցիչներից՝ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդն էլ «Սուրբ Ջորջ» մեդալ տվել Նիկողոսյանին:
Թվում է, թե այսքան բարձրագույն պարգեւների արժանացած մարդը պետք է ինչ-որ գործառույթներով հայտնի լիներ ու իրապես հայ-ռուսական բարեկամությանն ուղղված ռեալ քայլեր կատարեր: Բայց նա այս ընթացքում միայն հաջողացրել է ընդամենը թեթեւ շոուներ կազմակերպել՝ «Պուտին» ակումբ, մեդիամագնատ դառնալու ձախողված փորձեր, ինչ-որ շնորհանդեսներ եւ այլն: Ու այդ բոլոր գործողություններն իրականացրել է բացառապես անձնական շահերի նպատակով՝ ավելացնելով իր մեդալների ու դատարկ պարգեւների քանակը: Թերեւս որեւէ լուրջ ծրագիր Նիկողոսյանը դեռ Հայաստանում չի իրականացրել:
Եւ ցավալին այն է, որ օտար երկրի քաղաքացու հայաստանյան հյուրախաղերով մինչ օրս ՀՀ պետական գերատեսչություններից որեւէ մեկը չի հետաքրքրվել: Նա անարգել մտել է ամենատարբեր պետական հաստատություններ, գլխից մեծ խոստումներ տվել ու իր անձնական գործերն է կարգավորել: Եւ հիմա, երբ նա ակնհայտ հակապետական մի հայտարարությամբ է հանդես եկել, մեր ողջ երկրի պետական մարինները անհարմար իրավիճակում են հայտնվել. ի՞նչ անել տարիներ առաջ նրան տրված պետական պարգեւների ու մեդալների հետ: Եւ փոխանակ անմիջապես վերցնեն ու մեկ այլ որոշմամբ Նիկողոսյանին տված պարգեւների մասին որոշումները չեղյալ հայտարարեն, ՀՀ թվարկված գերատեսչությունների ղեկավարները ջայլամի պես գլուխներն ավազի մեջ են թաղել ու լռում են:
Դատելով ռուսական լրատվամիջոցների երեկվա հրապարակումներից, կարելի է կարծել, որ ՌԴ իշխանության ներսում եւս քննարկում են փուչիկի էֆեկտ ունեցող այս գործչի գործողություններն ու փորձում վերանայել հանձնված պարգեւների հարցը: Նշենք, որ հուրախություն մեզ, ՀՀ ՊՆ-ն Նիկողոսյանին տված անվանական զենքը հետ է վերցրել՝ նրա լկտի պահվածքի համար: Իսկ թե կոնկրետ ինչ է արել, ՊՆ-ն չի գաղտնազերծում: Նշենք, որ Երեւանի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանն էլ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով հետ վերցնել Նիկողոսյանին տված քաղաքապետի բարձրագույն պարգեւը:
Հավելենք, որ արձակուրդում է նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով դեռ չի քննել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ուղարկած դիմումը՝ Նիկողոսյանին ԱԺ բարձրագույն կոչումից զրկելու մասին:
Եվ արդեն երեկ «Երիտասարդ հայրենապահների միավորում» անվանումով անհայտ մի խումբ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերը քրեորեն պատժելի են: Անդրանիկ Նիկողոսյանի վերջին հայտարարությունները՝ կապված Հայաստանը Ռուսաստանին միացնելու հետ, ամբողջովին տեղավորվում են այս հոդվածի տրամաբանության մեջ (տարածքային ամբողջականությունը խախտելը): Ուստի պահանջում ենք քրեական պատասխանատվության կանչել Անդրանիկ Նիկողոսյանին ՀՀ ՔՕ 301 հոդվածի հատկանիշներով»: Սակայն մինչ օրվա վերջ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ որեւէ կերպ չէր արձագանքել:
Հուսանք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածն այս դեպքում գործի կդրվի՝ փարատելով այն կասկածները, որ այդ հոդվածը օգտագործվում է բացառապես ընդդիմադիր գործիչներին լռեցնելու դեպքում միայն: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամներից շատերի նկատմամբ հենց այս հոդվածով էր հրահանգել քրեական գործ հարուցել: Բայց այս դեպքում գործ ունենք կոնկրետ տարածքային ամբողջականությունը խախտելու մասին հայտարարության հետ:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ՝ ՍՈՒՊԵՐՆԱԽԱՐԱ՞Ր
Օգոստոսի 8-9-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Տավուշի մարզ: Նախարարին ուղեկցել են ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: ՊՆ ղեկավարությունն այցելել է Ադրբեջանի հետ սահմանի առաջնագիծ, որից հետո Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետարանում հանդիպում է ունեցել սահմանամերձ Բաղանիսի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Կոթիի, Բարեկամավանի, Կիրանցի, Բերքաբերի, Վազաշենի գյուղապետերի հետ: Քննարկվել են սահմանային գոտում առկա իրավիճակը եւ սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցեր: Ս. Օհանյանը անսալով սահմանամերձ համայնքների ղեկավարների խնդրանքներին՝ խոստացել է դիզելային վառելիքի հարցում աջակցություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերին՝ ներհամայնքային ճանապարհները նորոգելու, որոշ բնակավայրերում գիշերային լուսավորություն անցկացնելու համար: Նշենք, որ Ս. Օհանյանը պարբերաբար օգնում է սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծմանը, եւ գյուղապետերը գոհ են պաշտպանության նախարարի նման վերաբերմունքից: Սակայն հարց է ծագում՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը սահմանամերձ համայնքների խնդիրները լուծելու համար ֆինանսներ ունի՞: Ս. Օհանյանը պետք է իր ուշադրությունը ավելի շատ ուղղի սահմանագոտու պաշտպանությանը: Ի դեպ, հենց նախարարի այցի ժամանակ՝ օգոստոսի 8-ին, Իջեւանի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Նվեր Սահակյանը: Օգոստոսի 4-ին էլ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի սահմանագոտում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Սամվել Խարազյանը: Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն այդ դեպքերի մասին պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չէր եկել:

 

ՀԱՑԱՀԱՏԻԿ ԿԱ, ԱՂԱՑ՝ ՈՉ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում ավարտվել է ցորենի հունձը: Նոյեմբերյանի տարածաշրջանից մարդիկ նաեւ մեկնում են Լոռու մարզի Մղարթ գյուղ, հացահատիկահավաք կոմբայնի բունկերից կիլոգրամը 100 դրամով ցորեն գնում: Ցորենը մաքրելուց, աղալուց հետո ալյուր են ստանում, նաեւ անասնակեր: Երբ խանութներում մեկ կիլոգրամ անասնակերի՝ հացահատիկի, թեփի կիլոգրամը 120 դրամ է, 100 դրամով գնված ցորենը գյուղացուն շատ ձեռնտու է: Խնդիրն այն է, սակայն, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում հացահատիկի աղացներ չեն գործում: Նախկինում Ոսկեպարում, Բաղանիսում, Կողբում հացահատիկի աղացներ էին աշխատում: Ոսկեպարի աղացի սեփականատեր Վերան Հարությունյանը մշտական բնակության է մեկնել ՌԴ, եւ նրա աղացը չի գործում: Բաղանիս գյուղում «Սանի գրեյն» ընկերության աղացը 2008թ.-ից փակ է, չի գործում նաեւ Կողբ գյուղի հացահատիկի աղացը: Գյուղացիները չգիտեն, թե իրենց ցորենը որտե՞ղ պետք է աղան, ինչքա՞ն ծախս են անելու այն այլ համայնքներում գտնվող ալրաղաց տանելու եւ բերելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉՈՒՆԵԻՆ
Պարզվում է, որ ՀՀ-ն մինչ այս պահը չունի պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձեւավորման, պահպանման, բացթողման կարգ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կառավարությունն իր վաղվա նիստում որոշում կընդունի վերը նշված կարգը սահմանելու մասին: Նշենք, որ այս կարգով ակնկալվում է արագ արձագանքման պաշարում արագ պատրաստվող սննդամթերքի, առաջին բժշկական օգնության ապրանքների, անհատական պաշտպանության միջոցների եւ այլ ապրանքների պաշարների առկայություն եւ արտակարգ իրավիճակներում տուժած բնակչության կյանքի, առողջության եւ գույքի փրկության համար արագ եւ անհատույց օգնության, ինչպես նաեւ մարդասիրական օգնության ցուցաբերում:

 

ՆՈՐ ՀՍԿԻՉ ԿԵՏ
Այս տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ Կառավարությունը գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կհատկացնի 16 մլն 800 հազար դրամ: Տրամադրվող գումարով հողամասի ձեռքբերման արդյունքում ՍԱՊԾ-ն կիրականացնի «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի կառուցման աշխատանքները:
Տեղեկացնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կառավարության եւ մեր Կառավարության միջեւ «ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում ՀՀ-ին տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» այս տարվա մայիսի 21-ի համաձայնագրով եւ ՀՀ ԵՏՄ անդամակցության ճանապարհային քարտեզով նախատեսված են սանիտարական, բուսասանիտարական եւ անասնաբուժասանիտարական միջոցառումների իրականացում: Իսկ հայկական կողմը պարտավորված է ապահովել վերը նշված համաձայնագրով նախատեսված միջոցառումները: Նախ պետք է իրականացվեն «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման աշխատանքները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան սահմանային հսկիչ կետերը հնարավոր է վերակառուցել Տավուշի մարզի, Այրում համայնքի Երկաթուղային փողոց 32 եւ 34 հասցեներում: Սակայն նշված տարածքները ներկայումս պատկանում են Էլլա Գեորգիի Մահտեսյանին եւ Գագիկ Մահտեսյանին: Իսկ դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ է 16 մլն 800 հազար դրամ, որն էլ Կառավարությունը կհատկացնի ՍԱՊԾ-ին իր վաղվա նիստում:




Լրահոս