ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, մեկ ամսից ավել քննելով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիան բռնի կերպով ցրելու ոստիկանական գործողությունները, վերջապես հանգել է այն եզրակացության, որ բերման ենթարկված 237 քաղաքացիներից 16-ը տուժող են:
Հիշեցնենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները 2015 թվականի հունիսի 22-ին փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին Սերժ Սարգսյանին չեղարկել Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Եվ հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրեցին բողոքի ակցիան՝ բռնություն գործադրելով ինչպես լրագրողների, այնպես էլ՝ քաղաքացիների նկատմամբ:
Ըստ ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պաշտոնական տվյալների` ոստիկանական տարբեր բաժիններ էին տարվել 237 քաղաքացիներ, որոնց մեջ կային նաեւ լրագրողներ: Նշենք, որ մեծամասամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ու կարմիր բերետավորներն էին բռնություն գործադրել լրագրողների ու քաղաքացիների նկատմամբ, կոտրել մեր գործընկերների տեսախցիկները, լուսանկարչական սարքերը, առգրավել հիշողության քարտերը: Այդ ամենը հաստատող տեսանյութերն ու լուսանկարներն առկա են:
Եվ ահա հրապարակված տեսանյութերը տասը օր ուսումնասիրած Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 3-ին պաշտոնական լիազորությունները անցնելու հիմքով քրեական գործ հարուցեց ոչ միայն լրագրողների, այլեւ՝ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների առիթով:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ անցած մեկ ամսվա ընթացքում Հատուկ քննչական ծառայություն են հրավիրվել բազմաթիվ քաղաքացիներ եւ լրագրողներ, որոնք հարցաքննվել են եւ ցուցմունք տվել: Իսկ մինչ այդ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին էր ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակել, որի արդյունքում 12 ոստիկան ենթարկվեցին պատասխանատվության: Նշենք, որ ոստիկանության ծառայողական քննության արդյունքները եւս ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն՝ վերջնական գնահատականը տալու համար:
Եվ ահա, «Ժողովուրդ»-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բռնությունների առթիվ հարուցված քրեական գործի ընթացքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը նշված օրը ոստիկանություն բերման ենթարկված 237 քաղաքացիներից տուժող է ճանաչել ընդամենը 16 անձի: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ տուժողներից 12-ը լրագրողներն են: Ստացվում է, որ հունիսի 23-ին մասսայաբար բռնության ենթարկված քաղաքացիներից ընդամենը 4-ն են տուժող: Մնացած բոլորին «գրկած են տարել» ոստիկանական բաժանմունքներ, ինչպես հայտարարում էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Մինչդեռ բազում հրապարակումներ են եղել այն մասին, որ հունիսի 23-ին Ազատության հրապարակից բերման ենթարկած լրագրողներն ու օպերատորները՝ 1in.am-ից՝ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը, Panarmenian.net-ից՝ Նիկոլայ Թորոսյանը, անկախ լրագրող Գեւորգ Ղազարյանը, «Ազատություն» ռադիոկայանից՝ Արթուր Պապյանը, Սիսակ Գաբրիելյանն ու Գարիկ Ազիբեկյանը եւ ilur.am-ից՝ Հակոբ Կարապետյանը, բռնության էին ենթարկվել: Ըստ էության, նրանք տուժողների ցանկում են:
Նկատենք, որ 3-4 տուժող քաղաքացիներով գործը քննելու ՀՔԾ-ի ձգտումն առնվազն զավեշտալի է, քանի որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից լրատվամիջոցներին դեռ այդ օրերին հայտնել էին, որ տեղի ունեցած բախումներից հետո իրենց մոտ է տեղափոխվել 13 քաղաքացի, որոնք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս էին գրվել: Ընդ որում, նրանց մեջ լրագրողները չկային կամ երկու-երեք հոգի էին: Եվ սա միայն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տվյալներն են, սակայն այլ հիվանդանոցներում եւս, վստահաբար կարելի է ասել, եղել են ոստիկանական գործողություններից տուժածներ: Բայց պարզվում է՝ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի աչքին ընդամենը 4-ն են երեւացել:
Իհարկե, չի բացառվում, որ քաղաքացիներն են հրաժարվել ցուցմունք տալ իրավապահների դեմ՝ հետագա խնդիրներից կամ հետապնդումներից խուսափելու համար: Իսկ ահա լրագրողների դեպքում պատկերն այլ է. նրանք չեն խորշել ոստիկանների դեմ մեղադրական ցուցմունքներ գրել՝ ներկայացնելով իրենց վիճակը, դրա համար էլ բոլորը տուժող են ճանաչվել: Թերեւս, լրագրողներին չի ստացվել «համոզել»:
Ինչեւէ, այս գործով ՀՔԾ-ում դեռես շարունակվում է նախաքննությունը, նշանակվել են մի շարք դատաբժշկական, ինչպես նաեւ՝ այլ փորձաքննություններ, իսկ թե ովքեր պատասխանատվության կենթարկվեն եւ, առհասարակ, դատելով ստեղծված իրավիճակից կենթարկվեն, թե` ոչ, կապրենք՝ կտեսնենք:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
10 ՏԱՐԻ ՏՎԵՑԻՆ
«Ժողովուրդ»-ը դեռեւս օգոստոսի 6-ին գրել էր, որ Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատը ՀՀ իշխանություններն ամեն կերպ ձգտում են մինչեւ Սուրբ Խաչի տոնը՝ սեպտեմբերի 14-ը, ավարտել: Գրել էինք, որ այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ավետիսյանների Սուրբ Խաչի արարողությանը գյումրեցիները եւ Հայաստանի ողջ բնակչությունը առանձնահատուկ նշանակություն է տալու: Եվ ահա երեկ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի դատարանում, հենց առաջին դատական նիստի ընթացքում դասալքության մասով վճիռը հրապարակվեց:
Նշենք, որ մինչ դատական նիստի սկիզբը Պերմյակովը հայտարարել է, որ հրաժարվում է ցուցմունք տալ, թեպետ ամբողջությամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Այս ամենից հետո մեղադրող դատախազը սկսել է կարդալ Մեղադրյալի նախաքննական մարմիններին տրված ցուցմունքները, թե ինչու է լքել ռազմաբազան: Եվ ահա Պերմյակովը հայտնել էր, որ դասալքության գնացել է հարազատների կարոտի պատճառով: Ավելին, ըստ մեղադրյալի, ինքն ընդհանրապես չի ցանկացել ծառայության մեկնել, կարծել է, թե իր հայրենի գուղում կարող է մի տեղ թաքնվել եւ խուսափել ծառայությունից, բայց չի հաջողվել:
Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ Պերմյակովը, լքելով ռազմաբազան, հայտնվել էր հենց Ավետիսյանների տանը: Նա ցուցմունքում հայտնել է, թե Ավետիսյանների տանը փող է փնտրել, ու զարդեր եւ պայուսակներից մեկից գտել է 5000 դրամ: Իր հետ վերցրել է հեռախոսներ, որոնց քարտերը դեն է նետել:
Սակայն նկատենք, որ Պերմյակովի փաստաբանը դատական նիստի ժամանակ ներկայացրել է մեկ առարկություն՝ հորդորելով դատախազին չհնչեցնել Ավետիսյանների սպանության գործի մանրամասները, քանի որ այսօր ռուսական դատարանը նրան դատում է դասալքության եւ զենքի ապօրինի կիրառման համար:
Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ նա հայտնվել էր հայ-թուրքական սահմանին: Պերմյակովն իր ցուցմունքում հայտնել է, թե Թուրքիայի սահմանը հատելու միջոցով ցանկացել է վերադառնալ Ռուսաստան՝ իր հայրենի Չիտա:
Հարցաքննվեցին նաեւ զորամասի հրամանատարները եւ ռազմաբազայի այլ զինվորականները: Դատական նիստին Պերմյակովի պաշտպանը Գումարտակի հրամանատար Դանինից հետաքրքրվել է, թե արդյոք տեղյակ էր, որ Պերմյակովի եղբայրը դատապարտված է: Վերջինս բացասական պատասխան է տվել, ինչին ի պատասխան պաշտպանն ասել է, թե պարտավոր էիք իմանալ. «Դուք Ձեր կողմից արել եք ամեն ինչ՝ հանցագործությունը թույլ տալու համար»:
Եվ այսպես, առավոտյան՝ ժամը 11:00-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայում գործող դատարանում մեկնարկած նիստն ավարտվեց երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, եւ հենց առաջին դատական նիստով էլ վճռվեց Վալերի Պերմյակովին դասալքության համար դատապարտել 10 տարվա ազատազրկման:
Մնում է՝ նրան դատի նաեւ ՀՀ դատարանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ կուսակցության տարածքային կազմակերպությունների շարքը երեկ համալրվել է Արտաշատի տարածքային կառույցով: Նշենք, որ կուսակցությունն ավելի վաղ հիմնել էր Շենգավիթի, Աբովյանի, Գյումրիի, Արմավիրի, Նորատուսի տարածքային կազմակերպությունները։
ՀԵՐՔԵԼ Է
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով իր անվան հետ կապվող «սեքս-սկանդալին», armtimes.am-ին ասել է. «Այդ հրապարակումների հետ կապված կարող եմ ասել, որ իրականությանը չեն համապատասխանում, մնացածը, ով հրապարակել է, նրանցից էլ ճշտեք: Ավելացնելու որեւէ բան չունեմ»:
ՆԵՎՐԱՍԹԵՆԻԿ Է
ՊՆ տեղեկացմամբ` Սյունիքի մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, երկու անգամ բանակից տարկետման իրավունք է ստացել «նեւրասթենիա» ախտորոշմամբ:
«Տիգրան Սուրիկի Խաչատրյանը 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում 13.01.2014թ. ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին: Համաձայն բժիշկ-փորձագետների զննման եւ տրված ակտի` նրա մոտ ախտորոշվել է «նեւրասթենիա, ասթենո-նեւրոտիկ վիճակ», եւ տրվել է տարկետում 6 ամիս ժամկետով: 24.07.2014թ. Տիգրան Սուրիկի Խաչատրյանը ներկայացել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նիստին, զննվել է բժիշկ-փորձագետների կողմից: Նրա մոտ ախտորոշվել է «նեւրասթենիա չափավոր արտահայտված», նա ճանաչվել է «ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը խաղաղ ժամանակ», եւ տրվել է տարկետում 3 տարի ժամկետով»,- ասված է նախարարության՝ «Ազատության» հարցմանն ուղղված պատասխանում:
ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Օգոտոսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Կարեն Պարույրի Հովհաննիսյանը:
ՏՈՒՆ ՉԵՆ ԳՆԱ
«Ոտքի՛, Հայաստան»-ը Հանրապետության հրապարակից տուն չի գնալու եւ շարունակելու է պայքարը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։ Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը խոստացել է մինչեւ օգոստոսի 21-ը աշխատանք տանել, շատ մարդ բերել հրապարակ ու գործողությունների անցնել։ «Էս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում որպես կոնկրետ շարժում «Ոտքի՛, Հայաստան» շարժումն է, որ ամառն անցկացրեց փողոցում. 15 օր մենք Հանրապետության հրապարակում ենք»,- նշել է նախաձեռնության անդամը` կոչ անելով ընդդիմադիր կուսակցություններին՝ «դիտորդի դերում չլինել»։ «Թե իրենք համաձայն չեն մեզ հետ, թող գան, իրենց ավելի համոզիչ պայքարը տանեն, եւ մենք անպայման կլինենք ցանկացած պայքարող մարդու կողքին», – հավաստիացրել է Սանասարյանը:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԴԱՄԸ
Ղրղզստանը երեկ պաշտոնապես դարձավ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Այդ կապակցությամբ ղրղզա-ղազախական սահմանի՝ Բիշքեկ-Ալմաթի մայրուղու հատվածում տեղի է ունեցել մաքսային վերահսկողության կետերի վերացման պաշտոնական արարողություն, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները: Արարողությանը տեսազանգի միջոցով հետեւել են երկու երկրների նախագահները՝ Նուրսուլթան Նազարբաեւն ու Ալմազբեկ Աթամբաեւը: Այսպիսով՝ Ղրղզստանը դարձավ ԵՏՄ հինգերորդ անդամ պետությունը: