ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում
Զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում են ամառային մարզաառողջարանային ճամբարներում: Պատասխանատուները պարբերաբար այցելում են հանգստացող երեխաներին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ նշել, թե օտարերկրացիների համար կացության ինչպիսի կարգավիճակներ են սահմանված Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Հերմինե Գեւորգյան (60 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գեւորգյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետեւյալ կարգավիճակները.
ա) Ժամանակավոր (Տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ):
բ) Մշտական (Տրվում է հինգ տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ):
գ) Հատուկ (Տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ):
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 1922, որոնցից 1171-ն ունեն ժամանակավոր, իսկ 434-ը՝ մշտական կացության կագավիճակ: Նշենք նաեւ, որ նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը կազմել է 6416:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձը մահանում է, նրա կուտակային միջոցներն ինչպես են տնօրինվում եւ ում կողմից: Եվ խնդրում եմ ասեք՝ եթե անձի ժառանգն օտարերկրյա քաղաքացի է, ապա այդ դեպքում ինչպես է նա ստանալու գումարը:
Սուսաննա Մխիթարյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ մինչեւ կենսաթոշակային տարիքը` 63 տարին լրանալը, անձի մահվան դեպքում պարտադիր կուտակային միջոցները ժառանգության կարգով փոխանցվում են անձի ժառանգներին: Վերջինների ընտրությամբ` մասնակցի կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել նրանց կենսաթոշակային հաշիվներին կամ, դիմումի համաձայն, ամբողջությամբ վճարվել միանվագ վճարի տեսքով: Եթե ժառանգը կուտակային բաղադրիչի մասնակից չէ եւ չունի մասնակիցների ռեեստրում բացված անհատական կենսաթոշակային հաշիվ, ապա նրա համար կբացվի անհատական հաշիվ, որի վրա էլ կմուտքագրվեն ժառանգված կուտակային կենսաթոշակային միջոցները:
Եթե ժառանգը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի եւ չունի մասնակիցների ռեեստրը վարողի մոտ բացված կենսաթոշակային հաշիվ, ապա նրա համար մասնակիցների ռեեստրում կբացվի կենսաթոշակային հաշիվ, որին էլ կփոխանցվեն ժառանգին հասանելիք կենսաթոշակային միջոցները, որը նա կարող է օգտագործել միայն 63 տարեկանից հետո: Այնուհետեւ, եթե օտարերկրացի ժառանգն ունի անհատական կենսաթոշակային հաշիվ իր բնակության վայրում, ապա կարող է իր հաշվին առկա գումարը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, միանվագ փոխանցել իր բնակության վայրի անհատական կենսաթոշակային հաշվին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ համակարգի բոլոր մասնակիցները նաեւ կարող են կուտակել իրենց միջոցները, իսկ եթե կուտակողի մահից հետո երեք տարվա ընթացքում ժառանգները չպարզվեն, ապա կուտակումները կփոխանցվեն պետական գանձապետարան: