Ծննդկանների մահվան վերջին երկու չարաբաստիկ դեպքերը պետք է քննարկվեն իրավապահ մարմինների կողմից: Օրերս նման հայտարարությամբ է հանդես եկել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ում այս խոսքերն ուղեկցում են յուրաքանչյուր ողբերգությունից հետ. «Եթե այս դեպքերի վերաբերյալ կլինեն խնդիրներ, կարծում եմ` իրավապահները կներկայացնեն դատարան և մենք առաջինը կլինենք, որ օրենքի խստություն կկիրառենք»,- վստահեցրել է նախարարը:
Նկատենք, որ նման հայտարարությամբ Արմեն Մուրադյանն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս: Մինչդեռ, մոտ մեկուկես տարի առաջ, երբ հայրենի իշխանությունը որոշում կայացրեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Արմեն Մուրադյանին, հասարակությունը մտածեց, որ երիտասարդ բժիշկը ոլորտն անպայման «կառողջացնի»: Սակայն Արմեն Մուրադյանն այս ընթացքում զբաղված էր առավելապես սեփական իմիջի առողջացմանն ուղղված փիառ գործունեությամբ:
2014 թվականի ապրիլին ՀՀ առողջապահության նախարարությունում Արմեն Մուրադյանին աշխատակազմին ներկայացնելիս, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ. «Արմեն Մուրադյանն առողջապահության կազմակերպիչ է, եւ համոզված եմ, որ փորձելու է անպայման իրականացնել իր առջև դրված խնդիրները: Այս ոլորտում մենք մեծ անելիքներ ունենք»: Մուրադյանն էլ իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ` ասելով. «Ես լիովին գիտակցում եմ, որ Կառավարության այս կառույցի վրա դրված է մեր ազգաբնակչության համար չափազանց կարևոր առաքելություն` նրանց առողջության պահպանումը, բարձրորակ և մատչելի բժշկական ծառայությունների ապահովումը: Վստահեցնում եմ, որ նախարարությունը կշարունակի իրականացնել հանրապետության նախագահի նախընտրական, ինչպես նաեւ՝ Կառավարության գործունեության ծրագրերն առողջապահության ոլորտում»:
Բայց, կարծես թե, Մուրադյանը մոռացել է իր իսկ հայտարարությունը, քանի որ իր ղեկավարած գերատեսչությունը «առողջացնելու» փոխարեն օր օրի ծայրահեղ վիճակի է հասցնում: Միայն վերջին ամսվա ընթացքում ՀՀ-ում ծննդկանների և նորածինների մահացության մի քանի դեպք է գրանցվել: Ընդ որում, չնայած զոհերի հարազատների պնդումներին և բողոքներին` Մուրադյանի ղեկավարած գերատեսչության ներկայացուցիչները մնում են անպատիժ: Երիտասարդ նախարարն էլ սովորություն է ձեռք բերել նման դեպքերում հայտարարել, որ գործը քննում են իրավապահ մարմինները և առաջիկայում ամեն ինչ կպարզվի:
Ավելին, նախարարը լրագրողներին և հանրությանը մշտապես հորդորում է ամեն ինչում բժիշկներին չմեղադրել, իրադարձություններից առաջ չընկնել, թույլ տալ, որպեսզի իրավապահներն անեն իրենց գործը և բացահայտեն եղելությունը:
Սակայն փորձը ցույց է տվել, որ բուժաշխատողներն իրենց հիվանդի մահվան դեպքում քրեական պատասխանատվության չեն ենթարկվում: Առավելագույն պատիժը, որ կարող են սահմանվել, այն է, որ որոշակի ժամանակահատված կասեցվում է նրանց գործունեությունը՝ մասնագիտական անփութություն դրսևորելու պատճառաբանությամբ:
Սա օրենքի բացթողում է, որը անպատժելիության մթնոլորտի ցայտուն օրինակ է, դժվար է ասել, սակայն փաստն այն է, որ վերջին տարիներին բժիշկների նկատմամբ վստահության պակաս է ձևավորվել:
Վերջում ավելորդ չենք համարում հիշեցնել երեխայի մահվան ելքով ծննդաբերություններից մեկի մասին, որը ըստ երեխայի հարազատների և անկախ ականատեսների՝ բժշկի անփութության հետևանքն էր:
Դեռևս 2011 թվականի օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց էր տեղափոխվել մի կին, սակայն բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանն ասել էր, որ ինքը այժմ չի կարող ծննդատուն գալ, քանի որ բուրդ է չփխում և կնոջը ծննդօգնություն ցույց կտա ժամեր անց՝ երեկոյան:
Այս ամենի հետևանքով երեխան ծնվել էր լրջագույն խնդիրներով, այնուհետև տեղափոխվել Երևանի «Մուրացան» հիվանդանոց:
«Երեխուն թողել է սեղանին, ասում է՝ «թող մահանա»: Մորն էլ է թողել սեղանին՝ արյան մեջ կորած, ասում է՝ «ես գնում եմ, երբ որ երեխու սիրտը կկանգնի, ես կգամ կհերձեմ, կտեսնենք՝ ինչից է, ինչի թոք չունի էդ երեխեն»,- ասել էր ծննդաբերած կնոջ հարազատ Ավետիք Իխպիարյանը: Այս հայտարարությունից օրեր անց երեխան մահացել է:
«Վայքում շատ մասնագետներ կան, բայց մասնագետներին չեն թողնի աշխատեն, որովհետև ինքը մեծահարուստ կին է, եղբայրն էլ ԿԳԲ-ում աշխատող է: Ինքը ինձ ասել է՝ «աղբորս կասեմ, գործ կսարքի՝ զենք կգցի ձեր տունը, քեզ կբռնեն, դու նենց որ խելոք մնա, չբողոքես»,- Մետաքսյա Հովհաննիսյանի մասին ասել էր Ավետիք Իխպիարյանը:
Եվ ահա, անցել է 4 տարի, և Armlur.am-ը հիվանդանոցից տեղեկացավ, որ Մետաքսյա Հովհաննիսյանը շարունակում է աշխատել նույն տեղում, աշխատանքային նույն գրաֆիկով: Եվ սա այն դեպքում, երբ դեպքից հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ և Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հրամանով բժշկական էթիկայի ու նորմերի կոպիտ խախտման Վայքի ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը աշխատանքից հեռացվեց: Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Մ. Հովհաննիսյանը հեռացվեց աշխատանքից, այլ ոչ թե նրա գործունեությունը ժամանակավորապես դադարեցվեց:
Իսկ ոստիկանության Վայոց Ձորի քննչական բաժնում էլ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, այն է «Բժշկակական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»:
Այս օրինակից հետո ներկայիս նախարարը հույս ունի, որ հանրության մոտ վստահությո՞ւն կձևավորվի իր ղեկավարած կառույցի նկատմամբ:
Տաթև Հարությունյան