Երեկ ՀՀ դատական դեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, թե «Ժողովուրդ» օրաթերթին որեւէ վտանգ չի սպառնում, եւ այն չի կարող փակվել, քանի որ միայն գույքի վրա դրված արգելանքը չի կարող փակման առիթ հանդիսանալ: Ստորեւ ներկայացնում ենք դատական դեպարտամենտի եւ «Ժողովուրդ» օրաթերթի հայտարարությունները, որպեսզի ընթերցողը որոշի, թե կողմերից ով է ճիշտ:
…Հաշվի առնելով տարատեսակ մեկնաբանությունները, դրանցում արտահայտված անիրավաչափ կարծիքները, որոնք կարող են մոլորեցնել հանրությանը, ինչպես նաեւ կարեւորելով հանրության` ստուգված, օբյեկտիվ եւ հավաստի տեղեկատվություն ստանալու իրավունքը` պարզաբանում ենք. նախ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հայցի ապահովման դատավարական ինստիտուտի էությունը, հիմքերը, միջոցներն ու կիրառման կարգը:
Այսպես, քաղաքացիական գործերով հայցի ապահովման ինստիտուտի կարգավորումները նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ գլխում: Հայցի ապահովման հիմքերը նախատեսված են Օր. 97-րդ հոդվածում, որի համաձայն` «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում»: Նույն հոդվածի 2-րդ մասն էլ սահմանում է, որ հայցի ապահովման միջնորդությունը դատարանը քննարկում է այն ստանալու օրը եւ կայացնում է որոշում: Վերոգրյալ իրավանորմերի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Այսինքն, եթե գործն ավարտվի հայցի բավարարմամբ, ապա պահանջի կատարումը կլինի երաշխավորված, ինչի շնորհիվ հայցվորը կկարողանա փաստացի ստանալ վնասների փոխհատուցում կամ վերականգնել խախտված ցանկացած իրավունք: Միաժամանակ հարկ է նկատել, որ «միջոցներ է ձեռնարկում» եզրույթն ունի իմպերատիվ բնույթ, ինչն ամբողջությամբ բացառում է դատարանի կամայականությունը: Այսինքն, եթե դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոցներ չձեռնարկելու արդյունքում կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը, ապա հայցվորի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ, դատարանը պետք է ձեռնարկի միջոցներ, այսինքն` կիրառի հայցի ապահովման միջոց:
Քաղաքացիական դատավարության օր. 98-րդ հոդվածով նախատեսված են հայցի ապահովման այն միջոցները, որոնք դատարանը պետք է կիրառի վերոհիշյալ հիմքերի առկայության դեպքում. դրանք են` 1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը, 2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը, 3) այն անձանց կողմից վեճի առարկայի վերաբերյալ որոշակի գործողությունների կատարումն արգելելը, 4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը եւ 5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
Տվյալ քաղաքացիական գործով հայցվորները միջնորդել են միաժամանակ կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց…
Այսպիսով, ներկայացված միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակիորեն, որոշելով` «Հայցագնի` երեք միլիոն ՀՀ դրամի չափով արգելանք դնել «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին եւ Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի` բացառությամբ դրամական միջոցների վրա»: Հավելենք նաեւ, որ միայն պատասխանողների դրամական միջոցների վրա արգելանք դնելու միջնորդության մերժումն ամբողջությամբ բավարար է, որ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերության բնականոն գործունեությունը չխոչընդոտվի հայցի ապահովման կիրառման հետեւանքով: Պատասխանող ընկերությունը տնօրինում է իր դրամական միջոցներին ամբողջությամբ, այնպես` ինչպես տնօրինում էր մինչեւ հայցի ապահովման միջոցի կիրառումը, ուստի կարող է կատարել իր գործունեությունից բխող ցանկացած վճարում, ինչպես նաեւ ստանալ օգուտներ: Բացի այդ, դատարանը մերժել է նաեւ հայցվորի միջնորդության` «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ընկերությանը եւ Սոնա Գրիգորյանին մինչեւ վեճի ավարտը «Ժողովուրդ» օրաթերթում կամ այլ լրատվական միջոցներով սույն գործով քննարկվող խնդիրը, այդ թվում նաեւ` դատական վեճի ընթացքը լուսաբանելն արգելելու մասով հայցի ապահովման միջոցի կիրառումը: Այս հանգամանքներում հրապարակվող այն կարծիքները, թե իբրեւ խմբագրության հետագա գործունեությունը վտանգված է, անհիմն են ու մտացածին…
Ի գիտություն դատական դեպարտամենտի եւ մյուսների՝ պարզաբանում ենք.
1. Դատական դեպարտամենտը դատարանի փաստաբանը չէ, ուստի իրավասու չէ հանդես գալու նրա շահերի պաշտպանի դերում: Եւ անհասկանալի է, թե ինչն է հայտարարություն տարածելու բուն նպատակը:
2. ՀՀ քաղ. դատ. օր. 97 հոդ. համաձայն՝ «դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը»:
Դատարանը նախ պետք է համոզված լինի, որ միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել դատական ակտի կատարումը:
3. Մեր օրաթերթը Հանրապետությունում լուրջ պահանջարկ վայելող պարբերական է: Եւ դժվար է պատկերացնել, թե 3 միլիոն ՀՀ դրամի համար մենք դատական քննության ընթացքում կհրաժարվենք մեր պրոֆեսիոնալ գործունեությունից եւ այլ նպատակների համար կօգտագործենք մեր գույքը: Ավելին, մենք կատարել ենք մեր մասնագիտական պրոֆեսիոնալ պարտականությունը՝ էթիկայի բոլոր նորմերի պահպանմամբ եւ չենք պատրաստվում լռել:
4. Հայցի ապահովման համար արգելանք դնելը, ինքնին, ոչ այլ ինչ է, եթե ոչ հարկադրանքի միջոց (գույքի օգտագործման իրավունքի սահմանափակում): Դատարանը կարող էր հայցի ապահովման միջոցներ չձեռնարկել, քանի որ դատական ակտի կատարումը դժվարացնելը հիմնավորող որեւէ փաստարկ չուներ:
5. Այն, որ դատական դեպարտամենտը տեղյակ է դատարանի կայացրած որոշումներից, մեզ հիմք է տալիս պնդելու, որ նա իր մասնակցությունն ունի «արդարադատության իրականցմանը»:
6. Ինչ վերաբերում է մեր գործողություններին՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությանը, ապա այն սահմանված է ՀՀ քաղ. դատ. օր. 101 հոդվածով: Ուստի մեկ անգամ եւս տեղեկացնում ենք, որ վաղը՝ ժամը 11.30-ին, Աբովյան 22ա հասցեից (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ) կմեկնարկի բողոքի երթ? դեպի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք: Երթի մասնակիցները դատարանին կներկայացնեն միջնորդության փաստաթուղթ՝ պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի:
Իհարկե, զարմանալի չէ, թե ինչու է դատական դեպարտամենտը ատամներով պաշտպանում Խաչիկ Խաչատրյանին: Դատարանն ու դատական դեպարտամենտը գերադասում են հաճոյանալ օլիգարխին եւ նրա քաղաքական կնքահայրերին:
Հ. Գ. Հասկանալի է, որ դատական դեպարտամենտը պիտի ասեր, թե «Ժողովուրդ» օրաթերթի հետագա գործունեությանը վտանգ չի սպառնում: Բայց մեկ անգամ եւս կրկնում ենք, օրաթերթի գործունեությունը կարող է խոչընդոտվել ցանկացած պահի, երբ որ ԴԱՀԿ-ն կատարի իր պարտականությունը ու կապարակնքի «Ժողովուրդ»-ի եւ լրագրող Ս. Գրիգորյանի գույքը: