Ուկրաինայի հակամարտությունն ու Ռուսաստանի ու Արևմուտքի հակամարտությունը անկայունության են հանգեցրել ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում նաև Հարավային Կովկասում, որը Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, գրում են «Անդրկովկասում քաղաքական ռիսկերի գնահատումը» զեկույցի հեղինակները:
Զեկույցի հեղինակները կարծում են, որ տարածաշրջանում ստեղծված ստատուս-քվոյի ցանկացած փոփոխությունը կարող է հանգեցնել նոր հակամարտությունների, կամ «սառեցված» հակամարտությունների էսկալացիայի:
Նրանք հիշեցնում են, որ Կովկասում ԽՍՀՄ փլուզումից հետո 6 զինված հակամարտություն է տեղի ունեցել, իսկ Աբխազիան, Հարավային Օսիան ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները չճանաչված կամ մասնակի ճանաչված պետություններ են մնում:
Նոր ռիսկեր տարածաշրջանի պետությունների համար
Առավել կայուն երկիր են փորձագետները ճանաչել Ադրբեջանը: 0-ից 40 բալային համակարգում, որտեղ 40-ը հանդիսանում է բացարձակ անկայունության ցուցանիշ, Ադրբեջանը ստացել է 22 բալ: Երկրորդ հորիզոնականում է Վրաստանը (25 միավոր), 29 միավորով Հայաստանը զբաղեցնում է վերջին հորիզոնականը: «Դե-ֆակտո» պետությունների շարքում առավել կայուն է իրավիճակը Հարավային Օսիայում, երկրորդ հորիզոնականում է Աբխազիան, իսկ առավել ոչ կայուն է՝ Լեռնային Ղարաբաղում:
Անդրկովկասի պետությունների համար նոր վտանգների թվին են փորձագետները դասել ԼՂ հակամարտության ու հայ-ադրբեջանական սահմանի գոտում բռնության էսկալացիան, Վրաստանի եվրոատլանտյան ձգտումներն ու Մերձավոր Արևելքում «Իսլամական պետության» դիրքերի ամրապնդումն ու դեպի Կովկաս տարածվելու իսլամիստների ձգտումը:
Հայաստան-Մոսկվա բարեկամությունը վտանգվա՞ծ է
Ըստ փորձագետների՝ Հայաստանում իրավիճակը ապակայունացնում են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից քաղաքական ու տնտեսական իզոլացումը, տարիներ շարունակ ձգձգվող ղարաբաղյան հակամարտությունն ու երկրի տնտեսությունում քրոնիկ խնդիրների ֆոնին սոցիալական դժգոհությունների աճը: Միևնույն ժամանակ փորձության է ենթարկվում նաև Ռուսաստանի հետ դաշնակցությունը:
Հանրության շրջանակներում սոցիալ-քաղաքական դժգոհությունների զգալի պոտենցիալ կա, սա հաստատում են 2014 թ ու 2015 թ առաջին կեսին զանգվածային ցույցերի թվի աճը: Հունիս ամսին երկրում լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ էլէներգիայի թանկացման:
Հայաստանում ՌԴ դուստր կազմակերպությունների վարած սակագնային քաղաքականությունը երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններում բացասական ֆոն է ստեղծում: