ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ՊԱՀՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՄԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամների եւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Իրենք` միջադեպի մասնակիցները, տրամագծորեն տարբեր բաներ են հայտարարում: ՔԳ անդամ Նարեկ Սամսոնյանի պնդմամբ՝ ինքը հարցազրույցներից մեկում կուսակցություններին աղբ էր անվանել, ինչը դուր չի եկել «Ժառանգության» ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանին: Վերջինս էլ, ըստ Սամսոնյանի, իր կուսակիցների հետ եկել է կազմակերպության գրասենյակ ու հարձակվել իրենց վրա:
«7 հոգով եկան գրասենյակ, իրենց լկտի պահեցին, սադրեցին մինչեւ վերջ, իմ այն կոչերին, որ այստեղ աղջիկներ կան, այստեղ մարդիկ կան, չի կարելի, չլսեցին, ինձ Հովսեփը առաջինը հարվածեց, հենց այս աչքիս տակին, որից հետո իր հետ եկած բոլոր երիտասարդները սկսեցին ամբողջ ուժով հարվածել այդ պահին այնտեղ գտնվող մեր անդամներին»,-հայտարարել է Սամսոնյանը:
Մինչդեռ «Ժառանգության» անդամ Հովսեփ Ղազարյանը, որը դեմքի շրջանում գազային ատրճանակից կրակոց է ստացել եւ գլխի պատռվածք ունի, նշել է, որ գրասենյակ գնալուց առաջ մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Նարեկի հետ, նրան սրճարան հրավիրել, իսկ մերժում ստանալուց հետո Նարեկի հրավերով այցելել է «Քաղաքացիական գիտակցության» գրասենյակ, ընդ որում, ոչ թե 7, այլ 5 հոգով: Ի դեպ, Ղազարյանի հետ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ միջադեպի մասնակից, «Ժառանգություն» կուսակցության անդամ Սեւադա Ղազարյանը՝ քթի կոտրվածքով:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ զրուցել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամների հետ, սակայն վեջիններս հրաժարվեցին խոսել: Իսկ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ իրենց կուսակցության անդամները սադրանքի զոհ են:
-Պարո՛ն Մարտիրոսյան, արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցության ղեկավարությունը տեղյակ էր, որ կուսակցության երիտասարդ անդամները խնդիրներ ունեն «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամների հետ, հնարավո՞ր է, որ այդ կոնֆլիկտը վաղուց էր հասունացել:
-Ո՛չ, որովհետեւ այդտեղ որեւէ կոնֆլիկտային իրավիճակ չի եղել, ընդամենը շատ վատ խոսքեր են հնչել, որի ժամանակ էլ ընդամենը մեր վարչության անդամն ասել է, որ այդպիսի անհեթեթ մտքեր չհնչեցնեն: Ու դրանից հետո մեր վարչության անդամին հրավիրել են իրենց գրասենյակ ու արել են այն, ինչը այսօր բոլորին է հայտնի: Դա սադրանք է եղել, շատ պարզ սադրանք է եղել: Այնպես որ, ինչու պետք է կուսակցությունը տեղյակ լիներ, ինչ է՝ ինչ-որ քաղաքական հարց է որոշվել, ինչ-որ խնդիր է բարձրացվել, որի մասին պետք է կուսակցությունը տեղյակ լիներ:
-Ի վերջո, Ձեր վարչության անդամները «ռազբորկայի» են գնացել, նրանք փորձել են կուսակցության անունը «բարձր» պահել, դրա մասին Ձեր կուսակցությունը տեղյակ է եղել, թե երիտասարդները ինքնաբուխ են «մարտնչել»:
-Կոնֆլիկտ չի եղել, եղել է պարզ պրովակացիա:
-Տեսակետ կա, որ ընդդիմությունը եւս սկսել է հարցերը «լուծել» բռունցքների միջոցով, այլեւս չի հանդուրժում իր հասցեին հնչած քննադատությունները ու «ռազբորկաների» է հրավիրում: Ինչո՞ւ եք սկսել չհանդուրժել այն քննադատությունները, որոնք վերաբերում են Ձեր գործունեությանը:
-Այդ ի՞նչ ենք արել, այդ ո՞ւմ գլխին ենք քարով խփել, եթե ասում ենք՝ հիմար-հիմար բաներ մի խոսի, դա եղավ՝ չհանդուրժո՞ղ ենք դարձել: Եթե ձեզ վիրավորում են, սխալ տեսակ են ասում, ասում ես՝ անհեթեթություն մի՛ ասա, դա եղավ, որ անհանդուրժո՞ղ ես, եթե այո, ուրեմն անհանդուրժող ենք:
-Բայց նույն կերպ անում են նաեւ ՀՀ իշխանությունները, որոնց երիտասարդ թեւի ներկայացուցիչները եւս խնդրում են իրենց կուսակցության հասցեին քննադատական խոսքեր չհնչեցնել:
-Այսինքն, եթե ես իմ քաղաքական գործընկերների հետ ցանկանում եմ հանդիպել, զրուցել քաղաքական հարցերի շուրջ, ուրեմն նշանակում է, որ ես անհանդուրժո՞ղ եմ: Ով որ ծեծել է, նրա մասին ասեք, ես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի դա մեզ հետ, պարզ է, թե այդ սադրանքն ինչի համար է եղել, որ ասեն, թե «Ժառանգություն» կուսակցությունը չի հանդուրժում քննադատությունները: Սա արվել է միտումնավոր, թե չէ ինչ կապ ուներ գազային ատրճանակն այդ վայրում, այդ պահին, ինչու են հրավիրել, հետո գազային ատրճանակ օգտագործել, ինչու են 15 հոգով 3 հոգու ջարդի ենթարկել:
-Իսկ այս հարցի հետ կապված ի՞նչ տեսակետ ունի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Պարոն Հովհաննիսյանին կտեսնեք, հարցը կուղղեք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ԻՆՉՈՎ Է ՀԱՅՏՆԻ «ՏԱՐՈՆ-ԱՎԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Այս օրերին բոլորը քննարկում են, թե ինչու էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ի համար բախվել «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ: Այնինչ՝ եղել է պարզ, հայկական «դատավարություն»:

Այս ընկերությունը երկար ժամանակ չի կարողացել «Էյր Արմենիայի» տնօրենից ստանալ իր գումարը թե ինչպես է կուտակվել այն, հայտնի չէ), դիմել է քրեական աշխարհի ներկայացուցիչներին (տվյալ դեպքում՝ Ռ. Հայրապետյանին), որոնք մեր երկրում հանդես են գալիս «արբիտրաժային» դատարանի դերում: Ըստ այդ «դատարանի օրենքների»՝ քրեականները կանչում, անպարտելի թվացողներից գումարը «ստանում են»՝ ակնկալելով պարտքատիրոջից համապատասխան վերաբերմունք:
Իսկ ո՞ւմ է պատկանում «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն: Տեղեկացնենք, որ 100 տոկոսի փայատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաեւ ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե: Իսկ Տարոնը Գ. Պապիկյանի որդին է:
Իհարկե, հասկանալի է, որ «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ն ունի նաեւ իրական սեփականատեր, որը այնպիսի ազդեցիկ դեմք է, ով կարողացել է տարիներ շարունակ խաբել Հայաստանի Հանրապետությանը եւ մնալ անպատիժ: Հիշեցնենք, որ դեռեւս 2009-ին ՀՀ վերահսկիչ պալատը բացահայտեց, որ մեր երկրում 9 ավիաընկերություն կար գրանցված, որոնք գործունեություն են ծավալում արտերկրում եւ ամիսներով անգամ մեկ դրամ շահութահարկ չեն վճարում: 2007-ի օգոստոսի 10-ին գրանցված «Տարոն-Ավիա» ընկերությունը, որը 2007-ին ունեցել է 1, իսկ 2008-ին՝ 4 ինքնաթիռ, այդ 2 տարվա ընթացքում զրո դրամ շահութահարկ է վճարել: Նույն կերպ են վարվել նաեւ «Էյր Հայնեսսես» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2008-ի ապրիլի 2-ին` ունենալով 4 ինքնաթիռ, եւ «Միապետ-Ավիա»-ն: Իսկ, օրինակ, «Արմ-աէրո» ընկերությունը, որն ունեցել է ընդմանենը 1 ուղղաթիռ եւ Հայաստանի անտառներն է ներարկել, 41 միլիոն 300 հազար դրամ հարկ է վճարել:
Համեմատության համար նշենք, որ եթե այսպիսի ավիաընկերություններ գրանցվեին Արաբական Էմիրություններում, միայն որպես լիցենզավորման վճար պետք է 382 միլիոն դրամ վճարեին, իսկ եթե Մեծ Բրիտանիայում գրանցվեին` 1 միլիարդից ավել: Բայց անվճար հիմունքներով գրանցված ընկերությունները, համաձայն ՀՀ օրենսդրության, իրենց գործունեության ընթացքում պարտադիր պետք է շահութահարկ վճարեն: Սակայն գործարարները մեր երկրի պետբյուջե չեն վճարել նաեւ շահութահարկեր, վճարածներն էլ շատ դեպքերում եղել են սիմվոլիկ գումարներ: Սա նշանակում է, որ կա՛մ տարիներ շարունակ մեր պետությանը անտեսած ընկերությունների մասին հարկային մարմինները տեղյակ չեն եղել, ինչը նշանակում է, որ հարկայինը չի աշխատել, կա՛մ էլ նրանք այս տարիների ընթացքում պարզապես «փայ» են ունեցել եւ լռել են:
Նկարագրված խայտառակության մեջ իր մեղքի բաժինն ունի նաեւ քաղավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը: Այս մարդուն ոչ միայն որպես պաշտոնյայի, այլեւ որպես Հայաստանի քաղաքացու, պարզվում է, երբեւէ չի անհանգստացրել ավիաընկերությունների հանցավոր գործունեությունը:
Հետաքրքիր է՝ Հայաստանի Հանրապետությունը ինչո՞ւ չի դիմել Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս օգնի ստիպել Տարոն ավիա ՍՊԸ-ին՝ վճարելու կուտակած պարտքերը: Թերեւս դրա անհրաժեշտությունը չի եղել: Պետությանը կարելի է «քցել»:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ՄԻՊ-Ը ԽՈՍՏԱՑԵԼ Է ԱՋԱԿՑԵԼ
«Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր եւ գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, երեկ բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ տնօրենին, գլխավոր դատախազին, ոստիկանապետին քննչական կոմիտեի ղեկավարին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Կինն իր նամակում նշված անձանց տեղեկացրել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն օգոստոսի 15-ին ծեծի է ենթարկել իր ամուսնուն եւ փորձել է ստիպողաբար ինչ-որ պարտաթուղթ ստորագրել տալ: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մինչ ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձում էին գործարարից եւ նրա կնոջից բացատրություն վերցնել, հավանաբար գործը քրգործի հիմքով կտեղափոխվի ՀՀ քննչական կոմիտե: Տեղի ունեցած միջադեպի առիթով ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը եւս փորձել է հանդիպել Ավետիսյանների հետ՝ նրանց իր աջակցությունը հայտնելու համար:

 

ՀԵՐԹՈՎ ՍՆԱՆԿ ԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
«Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ «Վենեցիա»-ն պատկանում է ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանին: Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է՝ այս օրերին մի շարք ֆիզիկական անձինք եւ ընկերություններ ինքնասպան եղած գործարարի ընկերությունների դեմ դատական գործեր են հարուցում: Մյուս կողմից էլ սնանկ ճանաչված ընկերությունները եւս իրենց հերթին հայցեր են ներկայացնում այլ՝ իրենց հանդեպ պարտքեր ունեցող ընկերությունների դեմ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ հուլիսի 1-ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լեւոն Պետրոսյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կոմֆորտ Ռ եւ Վ» ՍՊԸ-ն փոխհատուցի պատճառված վնասը: Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Սնանկության գործով կառավարիչը նաեւ միջնորդություն է ներկայացրել դատարան «Կոմֆորտ Ռ եւ Վ» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Աբրամ Ամիրխանյանը ինքնասպան էր եղել իր ֆինանսական խնդիրների պատճառով: Ըստ լուրերի՝ նա մի գրություն էր թողել, որտեղ նշել է այն մարդկանց անունները, թե ում մեղքով է ինքը ծանր ֆինանսական կացությունում հայտնվել:

 

ԳՆՈՒՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴ
«Ժողովուրդ»-ը օգոստոսի 13-ին տեղեկացրել է, որ ՀՀ Կառավարության այս շաբաթվա նիստը տեղի կունենա այսօր եւ ոչ թե հինգշաբթի օրը, ինչպես սովորաբար: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է օգոստոսի 19-ից մեկնել արձակուրդ: Ենթադրվում է, որ այն կտեւի մեկ շաբաթ:




Լրահոս