Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը, սակայն ընդունում է 1915թ.-ին տեղի ունեցած կոտորածը. իսրաելցի լրագրող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրեական մասնագիտացված 10 լրատվամիջոցներ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին հրապարակել են մի շարք հոդվածներ՝ իրենց հիացմունքն արտահայտելով երկրի գեղատեսիլ վայրերի ու հյուրընկալ ժողովրդի մասին:

Հոդվածներն ուղեկցվում են Հայաստանի տեսարժան բնության լուսանկարներով:
Մեդիա-տուրն ընդգրկել է Հաղպատը, Դիլիջանը, Սելիմը, Տաթևն ու Գորիսը: Այն կազմակերպվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ և «Գարդման Տուր» զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ, հունիսին: Հոդվածներից մեջբերումների՝ եբրայերենից թարգմանությունը կատարվել է Հայաստանում հրեական համայնքի աջակցությամբ:

Globes. Յանիվ Մագալ, «Տարիներ առաջ կորսված քույրիկ» (եբրայերեն)
Հոդվածագիրը նշել է, որ Հայաստանում ճանապարհորդելը կարծես ուղևորություն լինի Աստվածաշնչով, և որ հրեաների նման հայերն էլ սփռված են ամբողջ աշխարհով մեկ, ամենուրեք կարելի է գտնել հայտնի հայերի: Նա հատուկ հիացմունքով պատմել է սփյուռքի օգնությամբ կառուցված Տաթևի համալիր այցելության և Գինեսի գրքում գրանցված ճոպանուղու մասին:

Նշելով, որ Հայաստանը տեսնելու և այստեղ շրջելու լավագույն տարբերակներից է “jeep-tour” ճանապարհորդությունը, Յանիվ Մագալը նաև պատմել է երկրի տարբեր վայրերում իր անցկացրած ժամանակի ու տպավորությունների մասին, ընդգծել, որ Հայաստանում հայտնաբերվել է մարդկությանը հայտնի 6000 տարեկան առաջին գինու մառանը: «Նա, ով կանգ չի առել Սևանա լճի մոտ՝ հենց այդ լճից բռնած թարմ ձուկ ուտելու կամ մոտակա գյուղերից մեկում չի համտեսել ազգային ուտելիքը և ունկնդրել ազգային պարերը, ուրեմն նա Հայաստանի կեսն էլ չի տեսել»,- գրել է իսրայելական «Գլոբսը»: Հոդվածագրի խոսքով. «Մեծ նմանություն կա հայկական և հրեական ճակատագրերի միջև: Իզուր չէ, որ հայերին շատ անգամ անվանել են նաև Կենտրոնական Ասիայի հրեաներ»:

«The Jerusalem Post». Մեյթալ Շարաբի, «Հայաստան. անձեռակերտ գեղեցկություն» (անգլերեն)

Ամսագրի թղթակից Մեյթալ Շարաբին մանրամասնորեն պատմել է իր գունեղ տպավորությունների մասին: «Հայաստանը, տեղակայված լինելով Հարավ-արևմտյան Ասիայում, յուրօրինակ վայր է, որտեղ մարդիկ դեռևս ապրում են իրենց պապերի ավանդույթներով», -նշել է հեղինակը՝ շարունակելով. «Բազմապիսին է Հայաստանի լանդշաֆտը` հարյուրավոր գետերով ու ջրվեժներով, անվերջանալի լեռներով ու դաշտավայրերով»: Այնուհետև հոդվածագիրն անդրադարձել է որոշ պատմական փաստերի. «100 տարի առաջ հայ ժողովուրդը ծանր տառապանք է կրել Օսմանյան Թուրքիայի հալածանքներից, որն ավարտվել է ցեղասպանությամբ: Չնայած Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել ցեղասպանությունը` քաղաքական հանգամանքներից դրդված, սակայն ընդունում է 1915թ.-ին տեղի ունեցած կոտորածը»:

Մեյթալ Շարաբին նաև ընդգծել է հայ ժողովրդի մեծ հոգևոր ժառանգության և հարուստ լեզվի փաստը. «Հայ մշակույթը տարբերվում է արևմտյան հասարակության մշակույթից, որի վառ օրինակն է հայկական խոհանոցը: Գունեղ կոլորիտը, հետաքրքիր մշակույթը և աննկարագրելի լեռնային տեսարանները զբոսաշրջիկներին ստիպում են սիրահարվել այս երկրին»: Հեղինակը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի վանքի, դրա ճարտարապետական առանձնահատկությունների, տեղացիների բառապաշարով ասած, հայկական Շվեյցարիայի՝ Դիլիջանի, այդտեղ գործող միջազգային դպրոցի, Սևանա լճի, 9-րդ դարում կառուցված, Սելջուկների ժամանակաշրջանում զավթված, գրեթե ամբողջությամբ ավերված ու 13-րդ դարում վերակառուցված Տաթևի վանքի, համալսարանի ու 5.7 կմ երկարությամբ ճոպանուղու մասին իր մեկնաբանությունները: Հոդվածագիրը չի շրջանցել Արենի գյուղն իր խաղողի այգիներով, մայրաքաղաք Երևանը, Հանրապետության հրապարակը, Ցեղասպանության հուշահամալիրը և թելավիվյան գիշերներին նմանվող երևանյան գիշերները:

Israel Today. Յաէլ Լեռներ, «Հայաստան, իմ սեր»
Հոդվածագրի մեկնաբանությամբ՝ «Հայաստանը հրապուրիչ է մարդկային և քաղաքակրթական ընթացքի տեսանկյունից. փարթամ բնություն, կլիմայական մեծ փոփոխություններ, ինչը պայմանավորված է տեղանքի՝ ծովի մակերևույթից տարբեր բարձրություններով»:

Հոդվածը մի ուշագրավ հանդիպում է ներկայացնում՝ Հայաստանի ժողովրդի կենսախինդ տեսակը ներկայացնելով. «Սարերում հասնում ենք մի փոքրիկ գյուղ, որը մեզ հիշեցնում է Չիլիի կամ Արգենտինայի նման վայրեր, հանդիպում ենք մի տարեց զույգի՝ 86 –ամյա Նիկոլին և 85-ամյա Զաբելին, ովքեր ամուսնացած են 61 տարի: Երբ նրանց հարցրի, թե որն է ամուսնական կյանքի գաղտնիքը, Զաբել տատը պատասխանեց. «Միշտ ժպտա, և կյանքը կժպտա քեզ», -ապա աչքով արեց»:

Համաշխարհային մշակութային ժառանգության գոհարներից մեկը՝ Հաղպատի վանքը ներկայացնելով, հոդվածագիրը մեջբերել է տեղացիների խոսքը. «Հասնում ենք Հաղպատ գյուղ, որտեղ գտնվում է Հաղպատի վանքը, որն էլ պահպանվում է UNESCO-ի կողմից: Տեղացիներն ասում են, որ մուտքի տապանաքարերի վրա քնելը հավասարազոր է առաքինի օրհնանքի»:

Սևանա լիճը ներկայացնելիս Յաէլ Լեռները նշում է, որ այն բազմիցս փրկել է հայ ժողովրդին պատերազմների ժամանակ: «Գերագույն հաճույք է կանգնել ճանապարհին և համտեսել վաճառվող ուտեստները՝ պահածոները, միրգը, հատապտուղները: Ձեզ միշտ մատչելի գին կառաջարկեն, անպայման խորհուրդ կտան համտեսել և դա կանեն միշտ ժպտալով»,- գրել է «Israel Today»-ը:

«Մենք հասնում ենք Գեղարդի տաճար: Երբ ներս մտանք, շատ անսպասելի լսեցինք հրեշատակային երգի ձայներ՝ աղջիկների երգչախումբը պարապմունքներ էր անցկացնում վանքում: Ի՜նչ հուզիչ ու հրաշալի էր նրանց երգը»,- գրված է հոդվածում: Հոդվածում Երևանը ներկայացվել է որպես կենսուրախ քաղաք մարդաշատ փողոցներով, զվարճանքներով լեցուն գիշերային կյանքով, Հանրապետության հրապարակի երգող շատրվաններով:

Անդրադառնալով, իր խոսքով, Հայաստանի պարծանքներից մեկին՝ հայկական կոնյակին, «Israel Today»-ը նշել է, որ աշխարհի կոնյակի խոշորագույն գործարաններից մեկը հիմնադրվել է 1887 թվականին և արտադրել է «Դվին» կոնյակը, որն այդքան դուր է եկել Ուինսթոն Չերչիլին, որի հավաստմամբ, իր երկարակեցության գաղտնիքներից մեկը հենց այդ կոնյակն է եղել:

«Չի կարելի լինել Երևանում և չայցելել Եղեռնի հուշահամալիր՝ նվիրված 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակին, որոնք սպանվել են 1915-1918 թվականներին՝ թուրքերի կողմից: Իսրայելի Կառավարության լռությունը հայկական Հոլոքոստի վերաբերյալ ցավոտ թեմա է, բայց հայերը համարում են, որ իրենց ճակատագիրը շատ նման է հրեաների ճակատագրին. երկու ազգերն էլ ունեն պատմություն և հիանալի մշակույթ, կարողացել են հաղթահարել վայրագությունները և վերահաստատվել են»:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն




Լրահոս