Մինչ օրս չպարզաբանված է մնում, թե ժամանակին ՀՀ կենտրոնական բանկը ինչու էր Կառավարության հաստատմանը ներկայացրել մի փաստաթուղթ` «2015թ. դրամավարկային քաղաքականությունը» վերնագրով, որով այս տարվա համար 1-2 տոկոս տնտեսական անկում էր կանխատեսվել:
Ինչպես հայտնի է՝ այդ հանգամանքը զայրացրել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին (խոսքը ՀՀ Կառավարության՝ մայիսի 21-ի նիստում տեղի ունեցած հայտնի պատմության մասին է) եւ նա ԿԲ-ին ու պաշտոնական վիճակագիրներին պատվիրել էր 2-3 տոկոս տնտեսական աճ «կանխատեսել»: Իսկ բոլոր նրանց, ովքեր տնտեսական անկում էին կանխատեսում, Հովիկ Աբրահամյանը որակել էր իբրեւ «չուզողների», որոնք երազում են, թե երբ պետք է իր գլխավորած Կառավարությունը ձախողվի:
Բայց, այնուամենայնիվ, ինչու էր ԿԲ-ն նման վատատեսորեն տրամադրված, եւ արդյոք այդ պատճառները վերացել են, թե նրանց համոզմունքը պահպանվում է, միայն մեկ տարբերությամբ, որ այդ մասին այլեւս չեն բարձրաձայնում:
Երբ ուսումնասիրում ենք այս տարվա անցած վեց ամիսներին հարկերի եւ տուրքերի հավաքագրման դինամիկան, ամեն ինչ հասկանալի է դառնում: Ինչպես հայտնի է՝ այս տարվա առաջին եռամսյակի` հունվար, փետրվար եւ մարտ ամիսների արդյունքներով հարկերի եւ տուրքերի հավաքագրման մասով պետբյուջեի պլանը չնչին ավելցուկով կատարվել էր: Ըստ պետբյուջեի պլանի՝ հարկերի եւ տուրքերի գծով նախատեսված էր եղել հավաքագրել 231 միլիարդ 201 միլիոն դրամ, փաստացի հավաքագրվել էր 232 միլիարդ 462 միլիոն դրամ: Սակայն հարկերի եւ տուրքերի գծով պետբյուջեի մուտքերը ապրիլից սկսած ոչ միայն նախատեսվածից են քիչ եղել, այլ անգամ անցած տարվա ցուցանիշից են պակաս եղել:
Իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու համար ներկայացնենք 2015 եւ 2014 թվականների առաջին կիսամյակում պետբյուջեի հարկերի եւ տուրքերի գծով եկամուտների ցուցանիշների համեմատականը՝
Ամիս 2014թ. 2015թ.
1. 73 մլրդ 83 մլն 75 մլրդ 705 մլն
2. 74 մլրդ 283 մլն 76 մլրդ 741 մլն
3. 76 մլրդ 333 մլն 79 մլրդ 721 մլն
4. 93 մլրդ 833 մլն 90 մլրդ 982 մլն
5. 90 մլրդ 49 մլն 86 մլրդ 574 մլն
6. 91 մլրդ 896 մլն 90 մլրդ 796 մլն:
Այսինքն՝ ԿԲ-ի մասնագետների համար դեռեւս մայիսին արդեն ակնհայտ է եղել, որ ապագայի հետ կապված լավ սպասելիքներ չեն կարող լինել, եւ իրականությունից չկտրվելու համար ճիշտ կլինի ի սկզբանե անկում կանխատեսել եւ դա պայմանավորել Ռուսաստանի տնտեսությունում առկա բացասական միտումներով: Այդ դեպքում պաշտոնական վիճակագիրները ստիպված չէին լինի կաշվից դուրս գալ, որպեսզի աճ «նկարեն»: Բայց, դե, ինչպես վերը հիշեցրել են՝ այդ տարբերակը Հովիկ Աբրահամյանի սրտով չէր, եւ նա այլ «պատվեր» է իջեցրել:
Մյուս կողմից՝ փաստ է, որ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով պետբյուջեի եկամուտները` հարկերի եւ տուրքերի գծով, թերակատարվել են 22 միլիարդ 87 միլիոն 492 հազար դրամի չափով, կամ նույն է թե` 4,2 տոկոսով: Ավելին՝ հիշեցնենք, որ դոլարային արտահայտությամբ պետբյուջեի թերակատարման ցուցանիշը ավելի մեծ է: Պետբյուջեի պլանով նախատեսված 523 մլրդ 559 մլն դրամը անցած տարեվերջին, երբ պլանավորվել է պետբյուջեն, կազմել է 1 մլրդ 273 մլն 868 հազար դոլար: Իսկ այս տարվա առաջին կիսամյակում հավաքագրված 501 մլրդ 472 մլն դրամի հարկերը եւ տուրքերը դոլարային արտահայտությամբ կազմում են 1 մլրդ 44 մլն 733 հազար դոլար: Ստացվում է, որ դոլարային արտահայտությամբ պետբյուջեի թերակատարումը կազմել է մոտ 230 մլն դոլար: Իհարկե, կարող է հարց ծագել, թե ինչ կապ ունի դոլարային արտահայտությունը: Բանն այն է, որ այդ կապն ուղղակի է: Ի վերջո, պետբյուջեի միջոցներով նախատեսվում է Հայաստանի համար ձեռք բերել մի շարք ապրանքներ եւ ծառայություններ, որոնց գները դոլարով կամ եվրոյով են հաշվարկվում: Ուստի, եթե դոլարային արտահայտությամբ պետբյուջեի եկամուտները կտրուկ նվազում են, նշանակում է՝ եղած միջոցներով պետության համար ձեռք բերվող միջոցները եւս նվազելու են: Հենց այս բացը լրացնելու համար էր, որ ՀՀ Կառավարությունը Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկ վերցրեց` զինամթերքի տեսքով: Բայց եթե ռազմական ոլորտի բացն այս կերպ փակեցին, ապա քաղաքացիական ոլորտի բացը դեռեւս մնում է, եւ կասկածից վեր է, որ այդ խնդիրը եւս Կառավարությունը նոր վարկ վերցնելով է լուծելու:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԿՔՆՆԱՐԿԵՆ, ՆՈՐ ԿԱՍԵՆ
Չնայած ՀՅԴ-ն խոստացել էր նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ իր տեսակետը հայտնել մինչեւ օգոստոսի կեսը, սակայն մինչ օրս ՀՅԴ ղեկավար կազմն այդ փաստաթղթի վերաբերյալ ոչ մի հրապարակային կարծիք չի հայտնել: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ դեռեւս չեն ներկայացնում իրենց տեսակետը, քանի որ իրենց առաջարկությունները նախ պետք է քննարկեն Սերժ Սարգսյանի հետ: «Մենք ունենք նախագծի վերաբերյալ որոշակի առաջարկություններ, որը ենթադրում ենք առաջիկայում քննարկել հանձնախմբի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Դիտարկմանը, թե առաջիկայում ՀՅԴ-ն հանդիպելո՞ւ է Սերժ Սարգսյանի հետ՝ Սահմանադրության նախագիծը քննարկելու համար, նա պատասխանեց. «Չեմ բացառում, հավանական է նաեւ, որ նախագահի հետ քաղաքական կոնսուլտացիաներ լինեն ինչպես մեր, այնպես էլ մյուս քաղաքական ուժերի հետ»:
ԱՐԳԵԼԵԼ Է
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօրվանից մեկնում է արձակուրդ եւ կվերադառնա եկող շաբաթվա վերջին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արձակուրդի կարճատեւության պատճառն այն է, որ Աբրահամյանը չի ցանկացել, որ Կառավարության նիստերը ուրիշը վարի: Այսինքն՝ նա իր արձակուրդն այնպես է պլանավորել, որ մինչեւ Կառավարության հաջորդ նիստը Հայաստանում լինի: Ծայրահեղ դեպքում, եթե նա չհասցնի մինչեւ հաջորդ հինգշաբթի վերադառնալ, ապա նիստը կտեղափոխվի եւ տեղի կուենա հաջորդ օրը՝ օգոստոսի 28-ին, երբ վարչապետն արդեն ՀՀ-ում կլինի: Հիշեցնենք, որ նախկին վարչապետները եւ մասնավորապես Տիգրան Սարգսյանը, երբ Կառավարության նիստի օրը Հայաստանից բացակայում էին, ապա նրանց փոխարեն գործադիրի նիստերը վարում էին փոխվարչապետները: Բայց Աբրահամյանը չի ցանկանում այդպես վարվել, քանի որ Վաչե Գաբրիելյանին դժվար թե «ճիշտ հասկանան»:
ԿՆԱԽԱՁԵՌՆԻ՞ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ
ՀՀ Կառավարությունը երեկ հավանություն է տվել բնական գազի առաքման գնի վերաբերյալ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքվելիք արձանագրությանը: Ըստ այդմ, Հայաստան առաքվող բնական գազը սկսած 2015թ. հունվարի 1-ից մինչեւ տարեվերջ կհաշվարկի 1000 խ/մ 165 դոլար: Ներկայումս սպառողին մատակարարվող գազի սակագնում ներկրման գինը սահմանված է 189 դոլար: «Ժողովուրդ»-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից փորձեց պարզել, թե հնարավոր է՝ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վերանայի եւ նվազեցնի սպառողին մատակարարվող գազի սակագինը: Ի պատասխան՝ Նազարյանն ասաց. «Կառավարության այսօրվա նիստին չեմ մասնակցել, տեղյակ չեմ այդ որոշումից»: Մեր այն դիտարկմանը՝ իսկ փաստաթղթերը ստանալուց հետո հնարավո՞ր է՝ սակագինը վերանայեք, նա պատասխանեց. «Պետք է տեսնենք, թե ինչ է գրված, ինչ հիմքերով, ինչ կարգով, ինչ պայմաններով: Մենք անպայման եզրակացություններ կանենք»:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավերով անցկացվող խորհրդատվության անցկացումը պարտադիր է: Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ պետք է սպասել հետագա պատասխաններին: «Խոսքը ՀԷՑ-ի աուդիտի մասին չէ, ուղղակի այդ խորհրդատվությունը վերաբերվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագին բարձրացնելու մասով գործունեությանը՝ արդյունավետ է եղել թե ոչ եւ ինչքանով է հիմնավորված այդ 7-8 դրամը»,-նշեց Մելքումյանը:
ԳՈՒՄԱՐԻ ՀԵՏԵՎԻՑ
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը երեկ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ին վարչապետի հետ մեկնելու են Չինաստան՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար ներդրումների հարցը քննարկելու։ Բեգլարյանի վստահեցմամբ` Չինաստանի նախագահը գումար է հատկացրել, եւ երկաթգծի կառուցման գործում մասնագիտացածները շահագրգռված են, որ իրենց տեղն ունենան այստեղ։
ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը դատապարտում է օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ անդամների նկատմամբ տեղի ունեցած բռնությունը, որն ուղեկցվել է նաեւ գազային ատրճանակի կիրառմամբ:
«Հատկանշական է, որ այն տեղի է ունեցել անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում կատարված բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների քանակի կտրուկ աճման ֆոնին: «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը բոլոր ընդդիմադիր ուժերին եւ պայքարող անհատներին կոչ է անում պատրաստվել համազգային մոբիլիզացիային, իսկ մինչ այդ՝ զգոն լինել, սադրանքի չենթարկվել, չապավինել իրավապահ մարմիններին եւ աջակցել միմյանց»:
ԱՆԽԻՂՃ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով Մարզահամերգային համալիրի վաճառքին, երեկ ասել է.«Այն վաճառվեց 30 մլն դոլարով, երբ իր գնահատված արժեքը նախորդ աճուրդի ժամանակ 60 մլն էր: Հասկանում եմ, որ Մարզահամերգայինի նման մեծ կառույցը պետբյուջեով պահելը երեւի դժվար է, որովհետեւ որտեղ ասես՝ գումար տրամադրվում է. Կառավարության շենքի կահավորման համար միլիոններ են ծախսում, բայց Մարզահամերգային համալիրն իրենց համար «բեռ» էր, դրա համար «վիզ դրած» ուզում էին ազատվել այն կառույցից, որ պատմամշակութային արժեքների ցանկում է գրանցված: Ա՛յ Կառավարություն, մի կողմից քո շենքն ես ոսկեզօծում միլիոններով, մի կողմից վաճառում ես քո հրաշք շինությունը: Հոգի, սիրտ ունե՞ս, Կառավարություն, խղճիդ առաջ ո՞նց ես պատասխան տալու»:
ԿԱԶԻՆՈՆ ԱՐԴԵՆ ՉԱՓԱԶԱՆՑ Է
Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, դեմ չէ, որ Մարզահամերգային համալիրի նոր սեփականատերն ընտանեկան ժամանցի կենտրոն ստեղծի՝ հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, ռեստորաններ, խանութներ, ինչպես գրված է փաստաթղթերում, բայց անձամբ Կառավարությանը կդիմի՝ եթե Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ նաեւ խաղատուն կառուցելու նախագիծը հաստատվի:
«Ես կազինոյին կտրականապես դեմ կլինեմ: Դա այն հարցն է, որտեղ անզիջում կլինեմ», – «Ազատությանն» ասել է Ռիմա Դեմիրճյանը: