«ՍԿԶԲՈՒՄ ԿԱՇԿԱՆԴՎՈՒՄ ԷԻ ԽԱՄԱՃԻԿԱՎԱՐ ԼԻՆԵԼՈՒՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի խամաճիկների պետական թատրոնի դերասան, խամաճիկավար Դավիթ Գասպարյանը, ով, ինչպես ինքն է ասում, փորձում է ներկայացման ընթացքում ամեն երեխայից մի ժպիտ կորզել, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է տղա-խամաճիկավար լինելու բարդությունների մասին, անդրադարձել է թատրոնում ժամանակակից երեխաներին գրավելու եղանակներին:

-Դավի՛թ, նախկինում տղա դերասանները բարդույթավորվում էին խամաճիկը ձեռքները վերցնելուց, վերջին շրջանում, արդեն, այդ կարծրատիպերն աստիճանաբար կոտրվում են: Ամեն դեպքում, տղա խամաճիկավարն ի՞նչ խոչընդոտներ է ստիպված լինում հաղթահարել:
-Եթե որեւէ գործ սիրում ես, պետք է դրա համար ներդնում անես, լինի դա քո համբերությունը, սիրտը, թե մեկ այլ բան: Որպես տղա` խամաճիկների հետ աշխատելը դժվար է այն առումով, որ դա նուրբ գործ է, հարկավոր է մանրակրկիտ մոտեցում ցուցաբերել, աշխատել ամեն մի դետալի վրա, որպեսզի տիկնիկը կենդանանա, դառնա իրական: Պետք է, որ երեխան նայի հերոսին ու հավատա, որ նա շնչավոր է: Կարծում եմ` մեծ տարբերություն կա տիկնիկի եւ խամաճիկի միջեւ: Տիկնիկն ավելի սահմանափակ հնարավորություններ ունի, նրան դժվար է դարձնել իրական, իսկ, ահա, խամաճիկի դեպքում հնարավոր է նրա մարմնի գրեթե բոլոր մասերը շարժել: Ինձ դուր է գալիս խամաճիկների աշխարհը, թեեւ, անկեղծ ասած, սկզբում կաշկանդվում էի խամաճիկավար լինելուց, բայց հիմա աշխատանքս սիրով եմ անում ու փորձում եմ ամեն երեխայից մի ժպիտ, ուրախության մի ճիչ կորզել:
-Թատերական ինստիտուտից դեպի Ձեր ոլորտ դերասանների հոսքն ակտիվ չէ: Ի՞նչ եք կարծում` նրանք ինչո՞ւ են նախընտրում թատերական արվեստի այլ ճյուղերը:
-Դե, երեւի թե ուզում են ընտրել մի ասպարեզ, որը հնարավորություն կտա անձամբ իրենց` որպես դերասան, բեմում երեւալու, ոչ թե ետին պլանում: Բացի այդ` խամաճիկավարների աշխատանքը PR-ի կարիք ունի, խամաճիկավարության դասեր, կուրսեր, որպես այդպիսին, չկան, նեղ մասնագիտացման հնարավորություն պետք է ընձեռվի նրանց, ովքեր ուզում են մուտք գործել ոլորտ: Սա անհրաժեշտ է, որպեսզի ծնվի խամաճիկավարների նոր սերունդը:
-Տեխնոլոգիական այս դարաշրջանում երեխաներին հետաքրքրելու եղանակներ գտե՞լ եք, դժվար չէ՞ նրանց խամաճիկներով զարմացնելը:
-Մենք փորձում ենք որոշ չափով հետեւել այսօրվա միտումներին: Օրինակ` ամանորյա ներկայացում ունենք, որի շրջանակում կերպարները ետին պլանում «մտնում են» էկրանի մեջ, այսինքն` տեխնիկական հնարքներ ենք կիրառում: Մենք այն համոզման ենք, որ բեմադրության մատուցումը պետք է հնարավորինս ժամանակակից լինի` ձայնային, լուսային, գունային լուծումներով: Մենք ունենք 10-15 տարի առաջվա ներկայացումներ, որոնց դեկորացիան, օրինակ, արդեն հին է, ասենք` «Պոչատ աղվեսը», թեեւ դա էլի հետաքրքրում է երեխաներին, դրա հետ մեկտեղ ունենք տեխնիկական թարմ լուծումներով ներկայացումներ, որոնք, բնականաբար, երեխաներին ավելի են գրավում: Բայց միեւնույն է՝ արվեստը երբեք չի ծերանում: Ի վերջո, արվեստում ամենակարեւորը մարդն է. որքան էլ գիտությունը զարգանա, կենդանի փոխհարաբերություններից թանկ բան չկա: Իսկ խամաճիկների խաղի միջոցով երեխաների մեջ արթնանում է մարդը, որը հաճախ քնած է լինում:
-Ներկայացումներին ներկա փոքրիկները հետաքրքրություն դրսեւորո՞ւմ են խամաճիկների նկատմամբ: Խամաճիկավարությամբ զբաղվելու ցանկություն հայտնո՞ւմ են:
-Ներկայացումներից հետո գոնե մեկ-երկու երեխա պարտադիր ուզում են գալ, մտնել դերասանական սենյակ, տեսնել խամաճիկին, փորձել խաղացնել: Սա վկայում է այն մասին, որ արվեստի այս ճյուղը նրանց հետաքրքրում է:
-Բայց Ձեր թատրոնը փոքր է, հատկապես` դահլիճը: Դժվար չէ՞ երեխաներին տեղավորելը:
-Իհարկե, մենք կուզենայինք մեծ հանդիսասրահ ունենալ, որտեղ շատ երեխաներ ներկա կլինեին, այնինչ՝ մեզ մոտ 70 հոգի է տեղավորվում: Պետք է նույն ներկայացումը բազում անգամներ խաղալ, որպեսզի այն տարածում գտնի:
-Իսկ մարզերում հետաքրքրվա՞ծ են Ձեր ներկայացրած արվեստով:
-Այո, օրինակ` նախորդ տարի մենք Վանաձորում մի փառատոնի մասնակցեցինք, «Շունն ու կատուն» էինք խաղում, մի ամբողջ դահլիճ էր լցվել, հրաշալի արձագանքներ եղան, ես այդ ոգեւորությունը նկատեցի:
-Եթե Ձեր արվեստի ներկայացուցիչներին հովանավորեն, ի՞նչ եք կարծում` կկարողանա՞ք մեծ դահլիճներ լցնել, մեր հանրության շրջանում այս արվեստի հանդեպ հետաքրքրությունը մեծացնել:
-Ես վստահ եմ, որ այո, դա անպայման կունենա իր արդյունքը, կասկած չունեմ:

 

 

 

 
ՄԵՐՈՆՑ «ԳՈԼՈՍ»-ԻՑ ԱՆՀԻՄՆ ԿԵՐՊՈՎ ՄԵՐԺԵԼ ԵՆ

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Ռուսաստանի ձայնը» երաժշտական նախագծի նոր եթերաշրջանում իրենց ուժերն էին փորձելու Արամ MP3-ն եւ Աննա Խաչատրյանը: Նրանք անցել էին նախընտրական փուլն ու պատրաստվում էին օգոստոսին մեկնել Մոսկվա` մասնակցելու կույր լսումներին: Պարզվում է, սակայն, իրադարձությունները ծավալվել են բոլորովին այլ, անսպասելի ուղղությամբ:

Արամ MP3-ն «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ թե՛ իրեն, թե՛ Աննային չեն կանչել մասնակցելու կույր լսումներին` չներկայացնելով որեւէ հստակ պատճառաբանություն. ««Գոլոս»-ից ինձ հաղորդագրություն էին ուղարկել, որտեղ հայցել էին իմ ներողամտությունը եւ հայտնել, որ չեն կարող կանչել մրցույթին: Իսկ պատճառաբանությունը ոչ պրոֆեսիոնալ էր, խոսվում էր այս տարի նախագծին մեծ թվով հայերի ներգրավված լինելու մասին: Հետո ես կապ հաստատեցի նախագծի ադմինիստրատորի հետ, ով, պարզվեց, իրավասու չէր ինձ պատասխաններ տալու, եւ ասաց` կներեք, ես չգիտեմ պատճառների մասին, ասացի` շատ լավ: Այսինքն` ոչ մի կոնկրետ հիմնավորում չի եղել, ինչը զարմանալի էր: Նույն «ձեռագրով» մերժել են նաեւ Աննային»,-ասաց նա:
Մեր այն հարցին, թե արդյոք նման անհիմն կերպով մերժումը մրցութային կարգի խախտում չէ, Արամը պատասխանեց. «Չեմ կարող ասել, միգուցե նրանք ունեն իրենց օրենքները, որոնց մասին չէին բարձրաձայնել, բայց դա, ճիշտն ասած, այնքան էլ կարեւոր չէ: Ես չխորացա պատճառների մեջ, իրենք էլ չմանրամասնեցին»:
Մենք նաեւ հարցրինք` գուցե «Գոլոս»-ի շրջանակում մրցակցությունն այնքան թեժ է եղել, որ ինքն ու Աննան ավտոմատ կերպով դուրս են մնացել, ինչին երգիչը հակադարձեց. «Չեմ կարծում, թե դա է մերժման պատճառը: Համենայն դեպս, ես իմ ելույթի օրն այնտեղ լուրջ մասնակիցների չտեսա, եւ բացի այդ՝ ժյուրիի անդամներն ինձ շատ ջերմ դիմավորեցին, ճանաչեցին, հիշեցին, անգամ տվեցին անունս եւ առաջարկեցին` իմ ցանկությամբ որեւէ երգ կատարեմ: Հավանեցին ելույթս. ակնհայտ էր, որ նրանք ոգեւորված էին իմ մասնակցությամբ: Խնդիրը, միանշանակ, իմ մեջ չէր»:
Նշենք, որ «Ռուսաստանի ձայնը» նախագծի կույր լսումների նկարահանումները պետք է սկսվեին օգոստոսի վերջին: Մենք փորձեցինք թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալ նաեւ Աննա Խաչատրյանից, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՎԱՆՔԸ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ
Սասունի, Բիթլիսի, Բաթմանի, Մուշի, Վանի, Ստամբուլի հայերի մշակութային դիմակայության միությունը բողոք է ներկայացրել Սասունի Սուրբ Պետրոս հայկական վանքն ու շրջակայքի հայկական գերեզմանները հրդեհելու փաստի առթիվ։ Demokrathaber կայքի փոխանցմամբ` միության ղեկավար Ազիզ Դաղջըն ցանկացել է, որ միջադեպը լուսաբանվի: Ըստ նրա` դեպքի հետեւանքով հայ հոգեւորականների ոսկորներ են այրվել։ Դաղջըն, սակայն, տեղեկացրել է, որ ժանդարմերիան դեպքի վայր չի մեկնել։ Նա պատմել է, որ զանգահարել է Բաթմանի ժանդարմերիա. «Ասացին, որ հրշեջներ են ուղարկել։ Սակայն անհնար էր, որ հրշեջ մեքենան հասներ Սասունի շրջանի Մեշելի գյուղում գտնվող եկեղեցի, քանի որ դրա ճանապարհը դեռ բաց չէ։ Մենք պետք է երախտապարտ լինենք Մեշելի գյուղի ժողովրդին՝ հրդեհը մարելու համար»,-ասել է նա։
 

ՊՂՊԵՂԱՅԻՆ ԳԱԶ Է ԿԻՐԱՌԵԼ
Հանգստյան օրերին Սան Ֆրանցիսկոյի Concord Pavilion արենայում կայացել է ամերիկյան հայտնի երգչուհի Նիքի Մինաժի համերգը, որն ուղեկցվել է տհաճ միջադեպով: Նա ստիպված է եղել ընդհատել իր ելույթը, քանի որ համերգի ժամանակ անհայտ տղամարդը պղպեղային գազ է կիրառել հանդիսատեսի շրջանում։ Արդյունքում` երկրպագուները սկսել են վիճել միմյանց հետ։ ETOnline-ի փոխանցմամբ՝ այս քաշքշուկից տուժել է մի աղջիկ։ Մինաժը բեմ է հրավիրել տուժած աղջկան եւ խնդրել անվտանգության աշխատակիցներին ջուր բերել նրա համար։ Ականատեսներից մեկը նկարահանել է կատարվածը եւ հոլովակը տարածել համացանցում։ Պարզվել է, որ այս իրարանցման հեղինակը 22-ամյա երիտասարդ էր: Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։

 

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՉԿԱՆ
Դաունի համախտանիշով 18-ամյա մոդել Մեդելին Ստյուարտը մասնակցելու է Նյու Յորքի նորաձեւության շաբաթին։ Այս մասին աղջիկը հայտարարել է Instagram-ի իր էջում։ Cosmopolitan-ին տված հարցազրույցում մոդելի մայրը հայտնել է, որ Մեդելինը ջանք ու եռանդ չի խնայել, որ իր դուստրը կարողանա մասնակցել նորաձեւության շաբաթին: Ի դեպ, իր նպատակին հասնելու համար Ստյուարտը նիհարել է 20 կգ-ով։
Նշենք, որ Մեդելին Ստյուարտը ներկայացնելու է Manifesta սպորտային հագուստներն ու everMaya պայուսակները։ Աղջիկը, սակայն, երազում է Gucci, Versace եւ Forever 21 բրենդների հետ համագործակցելու մասին։




Լրահոս