ՀՀ իշխանություններն անկարող են դիմադրել ռուսների ճնշումներին. «Վիկիլիքս»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» հրապարակած փաստաթղթերի շարքում քանիցս քննարկվում է Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախումը: Այդ թեմայի շրջանակներում ուշագրավ են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսի՝ 2005թ. հեղինակած երկու զեկուցագրերը: Դրանցից մեկը ներկայացնում է ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի տեսակետը ՀՀ Կառավարության վրա բանեցվող ռուսական ճնշումների մասին, իսկ մյուսը քննարկում է Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գնի բարձրացման հիմնահարցը:

Առաջին փաստաթղթում փաստվում է, որ ՀՀ իշխանությունները անկարող են Ռուսաստանին հեռու պահել Հայաստան-Իրան գազամուղից եւ էներգետիկ ոլորտում ապահովել այլընտրանքային հնարավորությունները: Երկրորդում էլ արձանագրված է, որ գազի գնի բարձրացումը իսկական աղետ կլինի ՀՀ Կառավարության համար, որ թույլ դիրքերում գտնվելով` հազիվ թե կարողանա դիմադրել ռուսական ճնշումներին:

Այսպես՝ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ Ռուսաստանը ջանք չի խնայել Հայաստանին համոզելու, որ հարկավոր է փոքրացնել գազատարի տրամաչափը: Ըստ նրա՝ ի սկզբանե այն պիտի լիներ 1 մետր, սակայն Ռուսաստանը պնդել է 253 մմ վրա՝ վերջում համաձայնելով 500 մմ-ին: Մովսիսյանի պարզաբանմամբ, սակայն, Հայաստանին հարկավոր է նվազագույնը 720 մմ՝ տարեկան 2.4 մլրդ խմ. գազ մատակարարելու համար: Ա. Մովսիսյանն արտահայտել է իր թերհավատությունը ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի խոսքերի հանդեպ, թե իրենք շահագրգռված են մասնակցություն ունենալ Իրան-Հայաստան գազատարի կառուցման գործին: Մովսիսյանը վերահաստատել է, որ այդ գազամուղի ամբողջ իմաստը ռուսական կախվածությունը նվազեցնելն է, այնինչ՝ ՌԴ-ի մասնակցությամբ այդ նպատակը ի չիք է դառնում: Նրա համոզմամբ՝ ռուսական հետաքրքրությունը պայմանավորված է տարածաշրջանում ՌԴ-ի ուժեղ դիրքերի անկումը թույլ չտալու հանգամանքով:

Նախկին նախարարը խոստովանել է, որ Հայաստանը իրանյան գազը այլ երկիր փոխադրելու որեւէ ցանկություն ու միտում չունի, ինչն էլ փաստվում է ռուսական ճնշումների արդյունքում գազամուղի նվազեցված տրամաչափի հանգամանքով: Հիշենք, սակայն, որ իշխանական քարոզիչները բազմիցս թմբկահարում էին իրանյան գազամուղի կառուցման պարագան՝ իբրեւ Հայաստանի՝ տրանիզտ երկիր դառնալու առհավատչյա: Իրականում, սակայն, իշխանությունները ոչ միայն չէին պատրաստվում կատարելու իրենց խոստումները, այլեւ գազատարի կառուցմանը ստիպված մասնակից դարձրին նաեւ ռուսներին՝ ոչնչացնելով իրանյան այլընտրանքային գազամուղի տրամաբանությունը: Քոչարյանի վարչակազմը հազիվ թե կարող էր գլխի ընկնել, որ մի քանի տարի անց սկսվելու էր Իրան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորումը, որը մեծագույն նշանակություն կարող էր ունենալ Հայաստանի զարգացման համար:

Ի դեպ, դեսպանը այս փաստաթղթի վերջում նկատում է, որ ՀՀ իշխանությունները բավականին թույլ դիրքերում են գտնվում, որ կարողանան նվազեցնել ՀՀ կախվածությունը Ռուսաստանից: Նրա պնդմամբ՝ Կառավարությունն արդեն իսկ ընկրկել է ռուսական ազդեցության տակ եւ նվազեցրել տրամաչափը՝ ի հեճուկս գազատարի տրանզիտի մասին իր իսկ ամպագոռգոռ հայտարարությունների:

Էվանսն արձանագրում է, որ ՀՀ Կառավարությունը շարունակաբար խոսում է շուկայի դիվերսիֆիկիացիայի մասին, սակայն խոսքից իրական գործի անցնել չի կարողանում:
2005թ. դեկտեմբերին հեղինակած մյուս զեկուցագրում ԱՄՆ դեսպանը քննում է ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի բարձրացման հիմնահարցը: Հղում անելով նույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի հետ իրենց քննարկումներին՝ դիվանագետը հայտնում է, որ փոխնախարարը թվում էր հիասթափված ու զարմացած գազի գնի բարձրացման մասին «Գազպրոմի» հայտարարության առիթով:

Նրա պնդմամբ՝ ՀՀ իշխանությունն այն տպավորության տակ էր, որ գազի գինը առնվազն 2 տարի չբարձրացնելու մասին Քոչարյանի բանավոր պայմանավորվածությունը «Գազպրոմի» ղեկավարության հետ հաստատուն էր: Դեսպանը հավելում է, որ Քոչարյանն այս մասին անգամ տեղեկացրել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրեյդին՝ պնդելով, թե ֆիքսված գնի շրջանակներում լիկվիդացվում էին ՀՀ-ի մի շարք պարտքերը, ինչպես նաեւ մեծանալու էր ՌԴ մասնաբաժինը «Հայռուսգազարդ»-ում: Ինչեւէ, Գալստյանը պնդել է, որ գազի գնի բարձրացումը աղետալի կլինի ՀՀ Կառավարության համար, քանզի իրենց ծրագրերում այդպիսի գնաճ չի նախատեսվել առաջիկա 2 տարիների համար:

Նրա համոզմամբ՝ գնաճը մղձավանջային է լինելու ու քայքայիչ նշանակություն կունենա հատկապես հայաստանյան աղքատ խավի համար:

Զեկուցագիրը Էվանսը ամփոփում է` ՀՀ Կառավարության հնարավորություններն ու գործելակերպը գնահատելով: Նա նկատում է, որ ՀՀ իշխանությունները թեեւ հույս ունեն նվազեցնել գազի գնի բարձրացման ծանր հետեւանքները, սակայն նրանց դիրքերը իրականում բավականին թույլ են: Հեղինակը չի բացառում, որ իշխանություններին կհաջողվի հետաձգել գնաճը, սակայն Հայաստանը դրանից չի դադարի ծանրորեն կախված մնալ ռուսական էներգիայից եւ իրավիճակը, ի վերջո, ստիպելու է հայ սպառողին հարմարվել շուկայի գներին:

Դիվանագետը եզրակացնում է, որ իրենց հետ զրույցներում ՀՀ իշխանությունները մշտապես կարեւորում են Հայաստանի էներգետիկ անկախության անհրաժեշտությունը եւ գուցե «Գազպրոմի» նմանօրինակ պահվածքին հղում անելով՝ փորձեն արդարացնել Իրանի հետ խորացող էներգետիկ հարաբերությունները:

Հարկ է, սակայն, նկատել, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների լավագույն բնորոշումը տվել է հենց Սերժ Սարգսյանը՝ ամերիկացիների հետ իր հանդիպումներից մեկում դրանք անվանելով անլուրջ ու մակերեսային: Այսօր, երբ Արեւմուտքի ու Իրանի միջեւ հարաբերությունները կարծես կարգավորվում են, Հայաստանը հրաշալի հնարավորություններ է ստանում էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ձեռք բերելու համար: Սակայն ՀՀ գործող իշխանությունները բնավ էլ չեն շտապում Իրանի մեկնած ձեռքը սեղմել ու շարունակում են կառչել միջազգային մեկուսացման նոր թիրախ դարձած Ռուսաստանից: Վերոնշյալ զեկուցագրերը վկայում են, որ այն ժամանակ ՀՀ իշխանությունները չեն կարողացել հավասարի պես խոսել Ռուսաստանի հետ, ինչը, ցավոք սրտի, ավելի նվաստացուցիչ ձեւով շարունակվում է այսօր:

Ն. Հովսեփյան




Լրահոս