Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը, ով Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, Պատանի հանդիսատեսի պետական թատրոններում կերտել է բազմաթիվ դերեր, հեռուստադիտողներին էլ հայտնի է սերիալներից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ հազվադեպ է այցելում հարազատ Գյումրու թատրոն. պատճառն այնտեղի հետ կապված հիշողություններն են:
Նա խոսել է ստեղծագործական կյանքի նորությունների, մայրաքաղաքում միայն թատրոնում աշխատելու դժվարությունների եւ այլ թեմաների շուրջ:
-Պարո՛ն Հակոբյան, հեռուստադիտողներից շատերը կարոտով են հիշում հատկապես «Վերվարածները» սերիալում Ձեր կերտած կերպարը: Ինչո՞ւ վերջին շրջանում չեք նկարահանվում սերիալներում, չեք երեւում էկրաններին, տպավորություն է, թե գործազուրկ եք:
-(Ծիծաղում է): Ես գործազուրկ եմ, եթե խոսքը վերաբերում է հեռուստաֆիլմերին կամ գեղարվեստական ֆիլմերին: Բայց թատրոնի իմ աշխատանքը ոչ ոք չի կարող իմ ձեռքից խլել: Թեեւ նշեմ, որ իմ մասնակցությունն ունեմ նոր գեղարվեստական ֆիլմում, որի մասին մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Ավելի վաղ էլ նկարահանվել եմ «Ճամբարում» մանկապատանեկան, «Նախաճաշ երկուսի համար» ֆիլմերում: Ցավոք, դերասանների կենսագրության զգալի հատվածը մեծ մասամբ կախված է ռեժիսորներից. պետք է հրավիրեն, որ գնաս ֆիլմերում, սերիալներում խաղալու: Այնպես չէ, որ իրենք կանչում են, ես չեմ գնում: Բայց մի խնդիր էլ կա. եթե ունենամ հրավեր, սակայն նկարահանման հրապարակում տեսնեմ դրսից բերված, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, չեմ նկարահանվի, որքան էլ դրա կարիքն ունենամ: Աչքիս պոչով հետեւում եմ այսօրվա դերասանների գործունեությանը, տաղանդավորների, ջահելների էլ եմ նկատում, ոչ պրոֆեսիոնալների էլ ու այս վերջին հանգամանքից ահավոր նեղսրտում եմ: Պարտադիր չէ` նրանք թատերական ինստիտուտն ավարտած լինեն. ավարտածներ կան, որ ոչ պրոֆեսիոնալներին ոչնչով չեն զիջում: Ես խոսում եմ Աստծո կողմից տրված շնորհքի մասին:
-Գիտենք, որ հազվադեպ եք այցելում Ձեր հարազատ Գյումրու՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, ինչո՞ւ:
-Չեմ կարողանում, այնտեղի հետ կապված լիքը հիշողություններ ունեմ, չեմ ուզում ամեն անգամ ինձ քայքայել: Բայց խոսքս վատ հիշողությունների մասին չէ… Այնտեղ եմ մեծացել, սովորել եմ թատրոնին կից գեղարվեստական ստուդիայում, աշխատել եմ այդ թատրոնում, իսկ հիմա աշխատում եմ Երեւանում, ուստի չեմ կարողանում Գյումրիում խաղալ, հազվադեպ եմ մտնում այնտեղի թատրոն, բայց Գյումրի հաճախ եմ գնում:
-Հիմա միայն թատրոնում աշխատելով` դժվար չէ՞ մայրաքաղաքում վարձով ապրելը, հատկապես, երբ ուսանող զավակներ ունեք:
-Թատրոնի ընձեռած հնարավորություններն, իհարկե, այդ առումով քիչ են, սակայն այստեղ էլ քո ամբողջ ներաշխարհն է զարթոնք ապրում. բեմը քոնն է, դու ես դրա տերն ու տիրակալը: Բայց ֆինանսական առումով, իհարկե, թատրոնում դժվար է, հատկապես երբ կողքից այլ աշխատանք չունես, իսկ ես բիզնես չունեմ: Բայց դա ոչ ոքի չի հետաքրքրում. հանդիսատեսին քո գործունեությունն է հետաքրքրում: Այս իրավիճակի համար ումի՞ց վիրավորվեմ, կարո՞ղ եք մեկին մատնանշել:
-Նրանից, ով թատրոնի դերասանի համար սահմանել է նման ցածր աշխատավարձ:
-Լավ…Ով այդ գումարը սահմանում է, պետք է դա տաս իրեն, ասես` 3 ժամ ապրիր, 3 ժամ, ոչ թե մեկ ամիս. հաստատ չի կարողանա:
-Ձեր զավակները մասնագիտական ի՞նչ ուղի են ընտրել: Ձեր ճանապարհով գնացող կա՞:
-Աղջիկս խելքը գլխին մարդ է, իմ ճանապարհը չընտրեց, մասնագիտությամբ հոգեբան է, բայց որդիս, կարելի է ասել, ընտրեց իմ ուղին, ռեժիսուրա է սովորում: Ես չէի ուզում, բայց ինքը պնդեց: Աստված տա` հետագայում ապրելն ու գոյատեւելը ավելի հեշտ լինի, քան հիմա: Իսկ իմ ժամանակն անցավ…Այն դերերը, որոնք ես դեռ կուզենայի խաղալ, տարիքիս պատճառով այլեւս չեմ կարողանա խաղալ, դրա համար մի քիչ ցավ եմ ապրում, բայց հետո խնդում եմ…
-Հիմա որ գնում եք հայրենի Գյումրի, կա՞ մի բան, որի համար Ձեր սիրտը ցավում է:
-Այդ քաղաքի վրա մեծ տխրություն կա` 88-ի երկրաշարժից հետո մնացած. դա իր նստվածքը տվել է. այսօր շատ դժվար է Գյումրիում ապրելը: Շատ կուզենայի, որ ոչ միայն մայրաքաղաքին ուշադրություն դարձվեր, այլեւ մյուս բոլոր քաղաքներին` հավասարաչափ:
Աննա Բաբաջանյան