Ճար չունեն. ստիպված են համաձայնել Լիճքի պղնձի հանքավայրի շահագործմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնապահպանական ճակատը մտահոգված է, քանի որ երկու տարվա ընդմիջումից հետո «Թաթսթոուն» ՍՊԸ-ն նորից մտադիր է շահագործել ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրը: Նշենք, որ այն գտնվում է Լիճքից ընդամենը 500 մետր հեռավարության վրա:

Հայաստանի բնապահպանական ճակատից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Թաթսթոուն» ընկերությունը բնապահպանության նախարարություն է ներկայացրել հանքավայրի շահագործման նոր նախագիծ, որի նախնական գնահատման հայտի` շրջակա միջավայրի վրա ազդեցության շուրջ հանրային առաջին քննարկումները տեղի են ունեցել օգոստոսի 14-ին՝ Լիճքի գյուղապետարանում:

Հիշեցնենք, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ն Լիճքի հանքավայրի շահագործման համար դեռեւս 2013 թվականի հունվարի 23-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից ստացել էր դրական եզրակացություն: Սակայն մեկ տարվա ընթացքում հանքի շահագործման նախագիծը չիրականացնելու պատճառով այն կորցրել էր ուժը:

Ըստ «Թաթսթոուն»-ի` հանքավայրը չի շահագործվել, քանի որ վերագնահատել են պաշարները: Այնուամենայնիվ, բնապահպանության նախարարություն ներկայացրած նոր հայտով նախատեսվող հանքավայրի տարածքում կարմիր գրքում գրանցված տեսակներ չեն հայտնաբերվել, թեպետ հայտում նկարագրված են Մեղրու տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանությունը եւ կարմիր գրքում գրանցված տեսակները: Մեղրու տարածաշրջանի բնության պահպանությունն իրականացվում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մեջ մտնող «Արեւիկ» ազգային պարկի միջոցով: Իսկ հայտում նշված է, որ նախատեսվող գործունեության տարածքը հնարավոր առնչություն կարող է ունենալ միայն «Արեւիկ» ազգային պարկի պահպանման գոտու հետ:

Հանքավայրի ազդակիր համայնքներն են Լիճքը եւ Տաշտունը: Մինչդեռ հայտում չի խոսվում մարդկանց եւ շրջակա միջավայրին սպառնացող ռիսկերի մասին: Բացի այս՝ նշված չէ, թե հանքավայրի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ «Արեւիկ» ազգային պարկի, Լիճք եւ Տաշտուն գյուղերի վրա: Նշված չէ նաեւ, թե հանքավայրը որքան հեռավորության վրա է գտնվում այս գյուղերից եւ «Արեւիկ» ազգային պարկից: Անգամ նշված չէ, թե տարեկան որքան անօրգանական փոշի կարտանետվի մթնոլորտ, որքան ջուր կօգտագործվի, եւ որտեղից այն կվերցվի, ինչ ազդեցություն կունենա հանքավայրը Մեղրի գետի, տեղի կենդանական եւ բուսական աշխարհի վրա, ինչ հետեւանքներ կունենան հանքավայրի պայթեցումները, այն դեպքում, երբ երկրաշարժերի հնարավոր ուժգնությունը հանքավայրի տարածքում կազմում է 8-9 բալ: Բացի այս՝ բնապահպանները մտահոգված են, քանի որ ընկերությունը հայտում չի նշել, թե հանքավայրի շահագործման արդյունքում որքան աշխատատեղ կստեղծվի, եւ ինչ սոցիալական ծրագրեր կիրականացվեն:

Նկատենք, որ այս հանքավայրի տարածքում է նաեւ Մեղրի քաղաքի եւ այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին: Իսկ հանքավայրի շահագործումը կարող է լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի եւ խմելու ջրամատակարարման համակարգի վրա:
Նշենք, որ այս պահին Լիճք գյուղն ունի 115 բնակիչ, մինչդեռ տարիներ առաջ գյուղում ապրում էր 500 հոգի: Գյուղապետ Հովհաննես Միրզոյանի խոսքերով՝ մարդիկ գյուղից հեռանում են աշխատատեղ չունենալու պատճառով: Իսկ հանքավայրի շահագործմանն էլ համաձայնում են միայն աշխատանք ունենալու համար:

Հայտնի է, որ բազմաթիվ հանքարդյունաբերողներ, առիթից օգտվելով, սոցիալապես ծանր պայմաններում ապրող գյուղացիներին խոստումներ են տալիս՝ բարձր աշխատավարձ, երկարամյա աշխատանք եւ այլն: «Ժողովուրդ»-ը Լիճքի գյուղապետ Միրզոյանից տեղեկացավ, որ գյուղապետարանում օգոստոսի 14-ին կայացած հանրային քննարկումների ընթացքում գյուղացիներից եւ ոչ ոք բողոք չի ներկայացրել: «Լուռ էին: Ոչ մի բողոք: Ներկա էր նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Միայն ընկերության ներկայացուցիչները բնակիչներին խոստացան, որ գյուղամիջյան փողոցները կասֆալտապատեն, գյուղի փողոցներում լուսավորություն կապահովեն: Նաեւ աշխատատեղ կստեղծեն, ջրամբար կկառուցեն: Իսկ մարդիկ աշխատատեղի անուն են լսում, դրա համար էլ ստիպված լռում են:

Բայց եթե փողոցում մեկին կանգնեցնես ու հարցնես՝ ինքը ցանկանում է, որ հանքավայրը շահագործեն, միանգամից բացասական պատասխան կտա, իսկ հանրային քննարկումների ժամանակ լռում են»,- նկատեց Լիճքի գյուղապետ Միրզոյանը` համոզմունք հայտնելով, որ եթե անգամ գյուղացիները որոշեն պայքարել, միեւնույն է, նրանց ոչ ոք չի լսի:

«Ժողովուրդ»-ը Լիճքի գյուղապետ Հովհաննես Միրզոյանից տեղեկացավ նաեւ, որ հանքավայրի շահագործման սկզբնական փուլում նախատեսվում է օգտագործել միայն խառը եւ սուֆիդային հանքաքարերը, որոնք ավտոինքնաթափերով տեղափոխվելու են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա` պղնձի խտանյութ արտադրելու համար:

«Պոչամբար, ֆաբրիկա չի լինելու, իսկ հումքն էլ տեղափոխելու են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ եւ այն մշակելու են: Չեմ հավատում, որ հանքավայրի շահագործումը ապագա կունենա: Այն շատ կարճ ժամանակ անց կփակվի, որովհետեւ հնարավոր չէ հումքը 25 կիլոմետր տեղափոխել ոչ սարքին ու քարքարոտ ճանապարհով եւ այդպես եկամուտ ապահովել»,- նշեց գյուղապետը:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Թաթսթոուն» ընկերության հետ, սակայն դա մեզ այդպես էլ չհաջողվեց:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս