Կարճվել է փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կարճել ՀՔԾ քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով (Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը) հարուցված քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդում չիրականացնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով տուժողի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու և գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը պարզելու նպատակով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որի հերթական նիստի օրը նշանակվել է 2015թ. մայիսի 21-ին՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում։

ՀՔԾ քննիչի զեկուցագրի համաձայն՝ փաստաբանը, մասնակցելով հանձնաժողովի նիստին, «հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է՝ նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը»:

2015թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատախազության միջոցով այն ուղարկվել ՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Հարցաքննվել են հանձնաժողովի տվյալ նիստին ներկա անդամները, ՀՔԾ քննիչը, տուժողը, ում նկատմամբ նշանակվել էր փորձաքննությունը։ Հարցաքննության է հրավիրվել նաեւ փաստաբանը, ով, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննարկելով փաստաբանի գործողությունները՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում տուժողին ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նիստի ժամանակ, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը եկել է այն եզրահանգման, որ փաստաբանի կողմից գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը չի հիմնավորվել:

Քննությամբ պարզվել է, որ ամբուտալոր հանձնաժողովի նախագահն ի սկզբանե նշանակված է եղել Վ.Բաբայանը, ում տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը, բացարկ է հայտնել եւ վիճարկել նրա օբյեկտիվությունը՝ արձանագրելով, որ նա ժամանակին փորձաքննության է ենթարկել տուժողին, հետեւապես կարող է կաշկանդված լինել իր նախկին դիրքորոշմամբ։ Փաստաբանի բացարկը բավարարվել է եւ հանձնաժողովի կազմը՝ փոփոխվել:

Դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի հերթական նիստի օրը նշանակվել է 21.05.15թ.՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում։ Նիստին փաստաբանը ներկայացել է փոքր-ինչ ուշացումով, իսկ մինչ նրա գալը հանձնաժողովի անդամները մի քանի ներածական հարցեր են ուղղել տուժողին՝ մասնավորապես կապված նրա ձախ թևի կոտրվածքի հետ: Փաստաբանի՝ աշխատասենյակ մուտք գործելուն գրեթե զուգահեռ հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է. «ես ավարտեցի, ամեն ինչ պարզ է», ինչից փաստաբանը վրդովվել է, բողոքել, որ առանց իրեն են սկսել փորձաքննությունը, վիճարկել փորձագետների օբյեկտիվությունը եւ հետաքրքրվել Վ.Բաբայանի հետ նրանց առնչությամբ։ Փաստաբանը հայտարարել է, որ տուժողը նախկինում հարկադրաբար բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, իսկ կենտրոնի աշխատակիցները տվյալ հանձնաժողովի անդամների գործընկերներն են, ուստի օբյեկտիվ եզրակացություն հանձնաժողովը տալ չի կարող:

Ձեռք բերված ապացույցները վկայում են, որ փաստաբանի արարքի հիմքում եղել է ոչ թե փորձաքննության կատարումը խափանելու և այդպիսով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը, այլ իր կողմից ներկայացվողի օրինական շահերը պաշտպանելը, որն առաջացել է հանկարծակի՝ փորձագետի հայտարարության կապակցությամբ: Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության կատարման սենյակ մուտք գործելուն զուգահեռ լսելով հանձնաժողովի անդամի արտահայտությունը, որ ավարտել է իր աշխատանքը՝ փաստաբանը դա ընկալել է որպես կողմնակալ վերաբերմունք տվյալ փորձաքննության իրականացման կապակցությամբ եւ փորձել է պաշտպանել իր կողմից ներկայացվողի օրինական շահերը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա, որպիսի հանգամանքն առկա է տվյալ դեպքում, այսինքն՝ առկա է քրեական վարույթը բացառող հիմք՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը եւ փաստաբանի նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:




Լրահոս