ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԻՆ ՄՆԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի լրատվական դաշտը պարբերաբար ալեկոծվում է նորածնի կամ երիտասարդ ծննդկանի մահանալու մասին հերթական լուրից: Վերջին դեպքը «Շենգավիթ» ԲԿ-ում գրանցվեց հուլիսի 29-ին, երբ «Շենգավիթ» ԲԿ-ում հաշվառված ծննդկան մահացավ, իսկ հաջորդ օրը նաեւ նորածնի մահվան բոթը ստացվեց:
Այս հիվանդանոցում տարօրինակ հանգամանքներում եւս մի կին է մահացել, ինչի մասին «Ժողովուրդ»-ին պատմել են նրա հարազատները: Դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ: Պարզվում է՝ կնոջը վիրահատելուց երկու օր հետո նրան տուն են ուղարկել՝ պատճառաբանելով, թե նրա վիճակն արդեն կարգավորվել է, բայց 54-ամյա կինը վիրահատությունից մեկ շաբաթ անց մահացել է:
Այն, որ հիվանդանոցները պետք է ձգտեն ամեն կերպ թաքցնել եւ արդարացնել իրենց բժիշկների անփութությունը, անմարդկայնությունը, անտարբերությունն ու սառնասրտությունը, անշուշտ, հասկանալի է, հատկապես մահվան դեպքերի մասով: Բայց Հայաստանի առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող տարբեր տեսչությունների խնդիրն էլ հենց նման դեպքերը ստուգելը, բացահայտելն ու բացառելն է: Բայց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ որպես ոլորտի վերահսկողության պատասխանատու, պակաս անփութությամբ աչքի չի ընկնում: Նա սովորաբար արձագանքում է մահվան դեպքերից հետո՝ սրտաճմլիկ ցավակցական տեքստով ու պատասխանատվության ենթարկելու հոխորտանքներով եւ ոչ ավելին: Կասկածից վեր է, որ նույն Արմեն Մուրադյանն իր հիվանդ հարազատներին բուժելու համար նրանց տեղափոխում կամ օգնում է տեղափոխել արտերկիր: Ճիշտ այնպես, ինչպես վերը նշված «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Սերգեյ Ուռումյանը: Նա էլ իր կնոջն է արտերկիր տարել՝ բուժման: Այսինքն՝ առողջապահության ոլորտի կոնկրետ պատասխանատուները՝ վերից վար, հենց իրենք են անտերության մատնում այդ համակարգը՝ հույսները դնելով «դրսի բժշկության» վրա:
Ի դեպ, մամուլի հրապարակումների համաձայն՝ «Շենգավիթ» ԲԿ-ի սեփականատերերից մեկն էլ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ընտանիքն է: Վերջինիս որդին` Տիգրան Քոչարյանը, նշված հիվանդանոցի ախտորոշման բաժանմունքի ղեկավարն է:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայաստանյան կուսակցություններում իսկական խառնաշփոթ է ստեղծվել, քանի որ արդեն իսկ հայտնի է, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի ՀՀ Սահմանադրության նախագիծն անցկացնել, ապա ԱԺ ընտրություններում կիրառվելու է, այսպես կոչված, ռեյտինգային ընտրության համակարգը: Այս պահին, եղած նախնական կցկտուր տեղեկություններով, իշխանությունները ծրագրում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի խառնուրդ կիրառել: Արդյունքում, մեծամասնականով ընտրված ոչ ՀՀԿ-ական պատգամավորներն անորոշության մեջ են եւ չգիտեն, թե իրենց ճակատագիրն ինչ է լինելու: ԱԺ անկախ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելաջիոյի Գրիշը, որը պատգամավոր է ընտրվել Երեւանի թիվ 11 ընտրատարածքից, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ պատկերացնում այդ ամենը: Ռեյտինգային պատգամավորները ովքե՞ր են լինելու, նախկին մեծամասնակա՞ն պատգամավորներն են, եթե միայն մեծամասնական պատգամավորներն են լինելու… չեմ հասկանում, թե ինչու են անունը դրել համամասնական ընտրակարգ…»:

 

 

 

 
Այն, որ իրավապահները հրաժարվելու էին «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու գործով քրեական գործ հարուցել եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին կամ նրա թիկնապահներին պատասխանատվության ենթարկել, ի սկզբանե հայտնի էր: Սակայն ուշագրավ է, որ քրգործ չհարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությունն ինքն է հանցագործության մասին հաղորդում պարունակում: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է. «2015թ. օգոստոսի 15-ին` ժամը 19:30-ին, հաղորդում է ստացվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ իրենց է զանգահարել Իզաբելլա Լեռնիկի Մելքումյանը եւ հայտնել, որ իր ամուսնուն` Արսեն Ավետիսյանին, առեւանգել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը…»: Պաշտոնապես խոստովանում են, որ ոստիկանությունն ահազանգը ստացել եւ ոչինչ չի արել, մինչեւ երեք ժամ անց հիվանդանոցից տեղեկացրել են, որ Ավետիսյանին ծեծված տեղափոխել են իրենց մոտ: Սա անգործություն է, եւ այս դեպքում բացարձակապես կապ չունի՝ Արսեն Ավետիսյանը բողոքո՞ւմ է, ցուցմունք տալի՞ս է Հայրապետյանի դեմ, թե՞ ոչ:

 

 

 

 
Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Պարենային ապահովություն եւ աղքատություն, 2015թ. հունվար-հունիս» անվանումով մի տեղեկագիր: Բայց զարմանալի տրամաբանությամբ, տեղեկագրին ծանոթանալով, ամենեւին հնարավոր չէ պարզել, թե 2015-ի հունիսին կամ նախորդած ամիսներին, ծայրահեղ դեպքում գոնե հունվարին, Հայաստանում պարենի ապահովվածության կամ աղքատության մակարդակն ինչպիսին է եղել: Պարզվում է՝ աղքատության մակարդակի վերաբերյալ 2013 թվականից հետո որեւէ տվյալ չկա: ՀՀ իշխանությունները միտումնավոր թաքցնում են աղքատության մակարդակի պաշտոնական թիվը, քանի որ վերջին` 2013-ի տվյալով Հայաստանում աղքատ է բնակչության 32 տոկոսը: Ուստի չեն ցանկանում խոստովանել, որ վերջին մեկ տարում աղքատության՝ նույնիսկ պաշտոնական մակարդակը շեշտակի աճել է: Ենթադրվում է, որ այն վաղուց արդեն 40 տոկոսից անցել է միայն թվերի մակարդակում: Իսկ իրականում, թերեւս, ավելին է:

 

 

 

 
ԱՆԳԱՂԱՓԱՐ

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը, շատերը հայտարարեցին, որ դա կեղծ օրակարգ է, որը նա ներմուծել է՝ քաղաքական զարգացումներն իր ցանկալի հունով ուղղորդելու նպատակով: Այն, որ դա իրոք այդպես էր, պարզ դարձավ այս տարվա փետրվարին, երբ օգտագործելով սահմանադրական փոփոխություններին ԲՀԿ-ի դեմ լինելու հանգամանքը՝ Սարգսյանը մի ելույթով կազմաքանդեց այդ քաղաքական ուժը, ապա եւ ընդդիմադիր եռյակը:
Եւ այսօր, չնայած երկրում առկա բազմաթիվ կարեւորագույն, անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրներին, բոլորի ուշադրության կենտրոնում նոր Սահմանադրությունն է. այն կյանքի կոչելու կամ տապալելու գաղափարը, նայած թե որ ճամբարից դիտարկենք: Եվ, բնականաբար, թե՛ մեկ, թե՛ մյուս թեւը այդ կեղծ օրակարգը իրագործելու կամ ձախողելու նպատակով հսկայական ռեսուրսներ են ծախսելու, ռեսուրսներ, որոնք բազմաթիվ խնդիրներ ունեցող երկրում ծախսելու հազար ու մի այլ՝ շատ ավելի կարեւոր տեղեր կան:
Առհասարակ, հատկապես վերջին տարիներին գործող իշխանությունների միտքն այն աստիճան է լճացել եւ կենտրոնացել օրվա խնդիրներին կարճաժամկետ լուծումներ տալու վրա, որ նրանց կողմից այլեւս որեւէ ստեղծագործ, ապագային միտված գաղափար կամ տեսլական չի առաջարկվում: Մինչդեռ նախկինում թեկուզ եւ անիրագործելի, սակայն որոշ նպատակակետեր, թիրախներ սահմանվում էին, եւ իշխանությունները գոնե ձեւացնում էին, որ հետամուտ են դրանց իրագործմանը: Հիշենք, օրինակ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից Գյումրիում տեխնոպարկ բացելու կամ էլ Դիլիջանը միջազգային բանկային կենտրոնի վերածելու ծրագրերը: Դա նրան, իհարկե, չհաջողվեց, բայց գոնե նպատակը, դրված խնդիրը ողջունելի էր, եւ հանրության մեջ որոշակի ակնկալիքներ էր ձեւավորում, իսկ իշխանությունների մոտ էլ՝ այդ ակնկալիքները իրագործելուն ուղղված պարտավորվածություն:
Այս առումով հիշարժան է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից 40 հազար աշխատատեղեր բացելու ծրագիրը: Եվ դարձյալ երկու տարի շարունակ բազմաթիվ կեղծ ՍՊԸ-ներ գրանցվեցին, որոնցում բացվեցին տասնյակ, հարյուրավոր կեղծ աշխատատեղեր, իսկ Քոչարյանն էլ մկրատը ձեռքն առած՝ ամեն շաբաթ տարբեր կարմիր ժապավեններ էր կտրում, եւ եթե խոստացված 40 հազարի մեծ մասը բլեֆ էր, այնուամենայնիվ, մի զգալի մասն էլ իրական էր, եւ այդ երկու տարիներին գոնե առկա էր պոզիտիվ մտածողություն եւ հանրային սպասում:
Մինչդեռ հիմա հայաստանցին չգիտի, թե ինչ է իր հետ լինելու, օրինակ, երկու տարի հետո. Կառավարությունը նրան ոչինչ չի առաջարկում, ոչինչ չի խոստանում: Այսօր Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի վարչակարգի կողմից հայաստանցիներին առաջարկվող գաղափարը Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանությունը երկարաձգելն է, իսկ դա, մեղմ ասած, ոգեւորող գաղափար չէ:




Լրահոս