«ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆՔ ԴՊՐՈՑԻ ԿՈՂՔԵՐՔԸ, ԱՌԱՆՁԻՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե չնայած իր հարազատ կուսակցության կողմից նկատողությունն էր ստացել, բայց դրանից հետո արժանացել է պետական պարգեւի:
-Պարո՛ն Այվազյան, տեղեկություններ կան, որ Ձեզ նշանակելու են ՀՀ բնապահպանության նախարար:
-Դա Դուք եք ասում: Ես Ձեզանից եմ լսում:
-Իսկ եթե առաջարկ լինի, կընդունե՞ք:
-Ճիշտն ասած, կոռեկտ չէ, որ ես այդ հարցերին պատասխանեմ, հիմա բնապահպանության նախարարն աշխատում է, ինքն իր պարտականությունները կառավարության գործունեության շրջանակներում նորմալ կատարում է: Իսկ մնացած հարցերի մասին ես լսում եմ լրատվությունից: Որպես կանոն՝ լրագրողներն ինձ նշանակում են, հանում, դատում, նստեցնում, բաց թողնում… Բայց իրականությունն այլ է:
-Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարությանը փոխանցվեց 1 միլիոն եվրո աղտոտման դեմ պայքարելու համար: Որպես բնապահպանության նախկին նախարար՝ խնդրում եմ ասել, թե ինչպես եք պատկերացնում այդ «պայքարը»:
-Գումարը միջոց է մեխանիզմներ ստեղծելու համար: Եթե նման գումար են տալիս, հենց այնպես չեն տալիս, որ ասեն՝ վերցրե՛ք, տարե՛ք, ծախսե՛ք, կա կոնկրետ ծրագիր, եւ այդ ծրագրին են ֆինանսավորում ընդհանրապես: Հավանաբար միջազգային կառույցի միջոցով  հասարակական կազմակերպություններն են նախարարության կառույցների հետ միասին անում: Այդ մարդկանցից որեւէ մեկն այդ գումարից չի օգտվում: Մեր ժամանակ եւս նման գումարներ են փոխանցվել, եւ նման կազմակերպությունների միջոցով հսկվել է, թե նախարարությունն ինչպես է այդ ծրագիրն իրագործում:
-Նախագահական ընտրությունների քարոզարշավն արդեն վաղուց մեկնարկել է, Դուք կուսակցությունից կոնկրետ հանձնարարություն ունե՞ք, թե ինչ պետք է անեք:
-Այո՛, ես քարոզչական խմբի պատասխանատուն եմ Կոտայքի մարզում: Գնում ենք, ազգաբնակչության հետ հանդիպում ենք, որտեղ պատահի՝ դպրոցի կողքերքը, առանձին, ասենք՝ առանձնացված շենքերում: Հանդիպում ենք, բացատրում մարդկանց, խոսում, զրուցում, եթե ինչ-որ հարցադրումներ կան, այդ հարցադրումները գրառում ենք, ներկայացնում նախընտրական շտաբ, որովհետեւ մարդիկ բազում հարցեր ունեն՝ սկսած իրենց սոցիալական, կենցաղային, պետական ու քաղաքական հարցերից: Արդեն շուրջ 40 համայնքում հանդիպումներ ենք ունեցել: Ծրագիրն ենք որոշակիորեն ներկայացնում ու այսպես շարունակ մեր աշխատանքներն ենք իրականացնում:
-Տարիներ առաջ Ձեր հարազատ կուսակցությունը Ձեզ նկատողություն էր տվել ԲՀԿ-ամետ դիրքորոշման համար: Այժմ ինչպե՞ս են Ձեզ վստահում:
-Չէ՛, չէ՛, ԲՀԿ-ի դիրքորոշումը պաշտպանելու մեջ չէր խնդիրը, խնդիրը ներքին էր՝ կուսակցական: Այդ նկատողությունից հետո ես արժանացել եմ պետական պարգեւի:
-Ինչի՞ համար:
-Իմ աշխատանքի համար, աշխատանքում լինում է, որ ե՛ւ նկատողություն են տալիս, ե՛ւ պարգեւատրում են: Ես հենց նկատողությունից հետո եմ ստացել, ո՞նց կարող է կուսակցությունը չվստահել, եթե չվստահեր, ապա չէի կարող լինել ՀՀԿ խորհրդի անդամ, համամասնական ցուցակում լինել 25-րդ տեղում եւ այլն, եւ այլն:
-Իսկ չե՞ք հոգնել այդքան պաշտոններ զբաղեցնելուց, գուցե թողնեք այս ամենը ու գնաք Ձեր ունեցվածքը վայելելո՞ւ:
-Առաջին հերթին պաշտոնը պատասխանատվություն է: Օրինակ՝ իմ եւ մեր սովորական պատգամավորի միջեւ ի՞նչ տարբերություններ կան. հանձնաժողովի նախագահ եմ, տարբերությունն այն է, որ աշխատավարձը 5000 դրամով ավելի է, բայց իմ աշխատանքն ավելի քան 20 անգամ շատ է: Իսկ եթե քեզ նման պատասխանատու պաշտոն են առաջարկում, եւ եթե դու մտել ես քաղաքական գործընթացի մեջ, բնականաբար, պետք է պատրաստ լինես դա կատարելու: Ես շնորհակալ եմ վստահության համար: Եթե բիզնեսով զբաղվես, պիտի սրանով չզբաղվես: Կարող է ոմանց մոտ դա ստացվում է, նրանց ձեռքերն ուժեղ են:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս