2009թ. ապրիլի 30-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, իր տան շքամուտքի մոտ անհայտ անձինք հարձակվել էին Armenia Today (Արմենիա Թուդեյ) ինտերնետային լրատվամիջոցի համակարգող Արգիշտի Կիվիրյանի վրա: Դեպքից անցել է 4 տարի, սակայն հանցագործները մնացել են անպատիժ:
Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 30-ի լուսաբացին անհայտ անձինք դաժան ծեծի էին ենթարկել ու այնուհետեւ կրակել Armenia Today լրատվական գործակալության համակարգող, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի վրա: Վերջինիս կինը՝ Լուսինե Սահակյանը, պատմել էր, որ ժամը 5-ի մոտ աղմուկ էր լսել. «Դուրս եկանք, ներքեւում կռվի ձայներ էին, արդեն զգացինք, որ ինչ-որ մեկին ծեծում են, եւ քանի որ Արգիշտիի տուն գալու ժամն էր, ես եւ Արգիշտիի քույրը վազելով իջանք ներքեւ: Երբ ես, Արգիշտիի անունը գոռալով, իջնում էի, 3 կրակոց լսեցի: Մինչեւ հասա, արդեն Արգիշտին արյան մեջ կորած էր: Մտածեցինք, որ հրազենային վնասվածք է ստացել, արագ տեղափոխեցինք հիվանդանոց»:
Ա. Կիվիրյանը, սակայն, կարողացել էր կնոջը բացատրել, որ իրեն փայտե մահակներով (բիտա) էին ծեծել, եղել էին երեք հոգի (այդ մասին, ըստ Լ. Սահակյանի, վկայել էին նաեւ հարեւանները), իսկ կրակոցներն ուղղված էին եղել իրեն, բայց ձեռքով կարողացել էր իրենից հեռացնել զենքը, եւ կրակոցները ընթացել էին տարբեր ուղղություններով:
Ավելի ուշ արդեն հիվանդանոցում հարազատները պարզել էին, որ փաստաբանը հրազենային վնասվածք չէր ստացել: Լ. Սահակյանը չէր ցանկացել կատարվածի համար որեւէ մեկին մեղադրել: Նա ասել էր միայն, որ այդ հարձակումը Կիվիրյանի մասնագիտական գործունեությամբ է պայմանավորված:
Նշենք, որ դեպքի առթիվ քրեական գործը նախ հարուցվել էր ոստիկանությունում, ապա տեղափոխվել ազգային անվտանգության ծառայություն եւ վերաորակավորվել որպես մի խումբ անձանց կողմից սպանության փորձ:
Ավելի ուշ արդեն հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Ա. Կիվիրյանը, որը կատարվածի պատճառը համարել էր իր մասնագիտական գործունեությունը, մասնավորապես հոդվածներն Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի վերաբերյալ: «Ես չունեմ անձնական թշնամիներ,-ասել էր Կիվիրյանը,-ես դա կապում եմ միայն իմ լրագրողական գործունեության հետ: «Բագին»-ում հիմնականում եւ Armenia Today-ում ներկայացվել է ճշմարտությունը Ախալքալաքի ոստիկանապետի անձի մասին»:
Քրգործի շրջանակներում մեղադրանք էր ներկայացվել Վլադիկ Սերոբյանի եւ Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ: Ա. Կիվիրյանը պատմել էր, որ վերջիններս դեպքից երկու օր առաջ մեկնել էին Ախալքալաք եւ հանդիպում էին ունեցել Ս. Պետրոսյանի հետ:
Կիվիրյանը ասել էր, որ Գուրգեն Կիլիկյանի հայրը մահափորձից առաջ ձերբակալվել էր Վրաստանում՝ կաշառք տալու եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով. հինգ իրաքահայերի համար կեղծ անձնագրեր էր պատրաստել եւ նրանց տեղափոխել Վրաստան: Իսկ Վլ. Սերոբյանը Ս. Պետրոսյանի ազգականն է: «Մահափորձից առաջ, ըստ ճշտված տեղեկությունների, նրանք երկուսն էլ այցելել են Ախալքալաք եւ հանդիպել Սամվել Պետրոսյանին ու նրա որդուն»,-ասել էր Կիվիրյանը: Նա նշել էր նաեւ, որ Ս. Պետրոսյանը մի քանի հոգու մոտ սպառնալիքներ էր տեղացել իր հասցեին:
2009թ. հուլիսին Սերոբյանն ու Կիլիկյանը կալանավորվել էին, սակայն 2010-ի մարտի 8-ին կալանքը չէր երկարաձգվել, եւ նրանք ազատ էին արձակվել:
Այդ կապակցությամբ լրագրողները հարց էին ուղղել Կիվիրյանին, թե արդյոք նշված անձանց ազատ արձակվելուց հետո լրագրողն իրեն ապահով է զգում: Ա. Կիվիրյանը պատասխանել էր. «Իսկ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մեկն իրեն ապահով է զգում»:
Եվ այսպես, դեպքից անցել է 4 տարի: «Ժողովուրդ»-ը փորձեց հետաքրքրվել, թե ինչ փուլում է գտնվում գործը: Մեզ հետ զրույցում Ա. Կիվիրյանը միայն նշեց, որ գործը կասեցվել է. «Այդ գործով խոսելու որեւէ ցանկություն չունեմ: Այնպես որ, մանրամասները ճշտե՛ք ԱԱԾ-ից»:
Ազգային անվտանգության ծառայությունից նույնպես հաստատեցին, որ Ա. Կիվիրյանի գործը կասեցվել է:
Մեր տեղեկություններով` գործը կասեցրել են, քանի որ հանցագործներ չեն հայտնաբերվել:
Հ.Գ. Ինչեւէ, ցավով պետք է փաստենք, որ այս ընթացքում լրագրողի դեմ բռնություն կիրառած որեւէ հանցանք, որի հետեւանքով լրագրողը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ, չի բացահայտվել: Այս ամենը խոսում է մի բանի մասին, որ կա՛մ իրավապահներն են այս հարցում ոչ պրոֆեսիոնալ գործում, կա՛մ առհասարակ լրագրողների հետ կատարված ցանկացած միջադեպ մատնված է անտարբերության:
ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԱՊԱՀՈՎ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ