Նորանկախ Հայաստանի պատմության մեջ Արա Բաբլոյանն այն եզակի գործիչներից է, որը գրեթե միշտ զբաղեցրել է «առաջապահ դիրքեր»՝ ընդունելի լինելով բոլոր իշխանությունների համար: Իհարկե, մենք այն մտքին չենք, որ արժանավոր մարդը պիտի մի իշխանության հետ ջերմ լինի, մյուսի հանդեպ՝ ընդդիմադիր, սակայն հատկապես քաղաքականությունն ու բիզնեսը համադրող անձը հավանաբար պիտի հստակ կողմնորոշումներ ունենա… Երեւի Բաբլոյանն էլ ունի այդ «կողմնորոշումները», որոնք ապահովում են նրա տեղն իշխանության շարքերում:
Արա Բաբլոյանը պրոֆեսիոնալ բժիշկ է՝ կյանքի մեծ ճանապարհ անցած: Չնայած Երեւանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետն ավարտել է 1971-ին, բայց աշխատանքային կենսագրությունը սկսել է 1970-ին՝ աշխատելով թիվ 8 պոլիկլինիկայում: 1972-ից էլ աշխատել է Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցում որպես մանկական վիրաբույժ, ուռոլոգ: 1977թ. Լենինգրադում պաշտպանել է թեկնածուական թեզ, ընտրվել է ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: 1982թ. նշանակվել է Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ: 1987թ. Լենինգրադի մանկաբուժության ինստիտուտում պաշտպանել է դոկտորական թեզ: Նույն տարում դարձել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, 1989թ.՝ պրոֆեսոր, իսկ 1997-2006թթ.` ամբիոնի վարիչ: 1989թ. անցել է երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում եւ Բելգիայում: 1990թ. մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության կենտրոն է հիմնադրել:
Բաբլոյանի համար երջանիկ եղավ 1991թ., երբ նա դարձավ Վազգեն Մանուկյանի կառավարության առողջապահության նախարար, ավելին, ամենաերկարակյացը առողջապահության նախարարների մեջ, քանի որ նա պաշտոնավարեց 7 տարի: Երկրի համար բարդ ու դժվարին ժամանակներ բաժին հասան Բաբլոյանին, բայց նա կարողացավ այնպես աշխատել, որ առաջին հերթին նպաստի իր եւ մտերիմների «առողջապահական բիզնեսին»՝ այսպես կարեւորագույն բժշկական հաստատությունների սեփականաշնորհումն իրականացնելով յուրայինների միջեւ, միաժամանակ ամեն ինչ անելով, որ առողջապահության նախարարության հիմնական միջոցներն ուղղորդվեն իր գլխավորած «Արաբկիր» բժշկական կենտրոնին, որը նրա սեփականությունն է, ինչքան էլ հիմա ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը հայտարարում է, որ ինքը որեւէ սեփականություն չունի եւ առողջապահական բիզնեսով չի զբաղվում:
Հենց Բաբլոյանի նախարարության շրջանում անջրպետ ձեւավորվեց մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ, մարզային նշանակության բժշկական հաստատությունները հայտնվեցին աղքատ ազգականի կարգավիճակում, ամեն ինչ արվեց, որպեսզի միայն Երեւանում գտնվող հիվանդանոցները տեխնիկական հագեցվածություն ձեռք բերեն, աստիճանաբար դառնան հսկաներ՝ կուլ տալով մարզային առողջապահական հաստատությունները: Ամենասովորական բուժզննումներ իրականացնելու համար անգամ մարդիկ ստիպված էին տասնյակ ու անգամ հարյուրավոր կիլոմետրեր կտրել ու հասնել Երեւան: Ա. Բաբլոյանի նախարարության շրջանում նաեւ կտրուկ նվազեցին մի շարք հիվանդությունների համար նախատեսվող անվճար դեղորայքի բաշխումները՝ այսպես մարդկանց զրկելով բուժվելու հնարավորությունից:
Նախարարական պորտֆելը կորցնելուց հետո Ա. Բաբլոյանն ակտիվորեն ներքաշվեց բիզնեսի մեջ՝ ստեղծելով «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, որը բավական մեծ եկամուտներ սկսեց ապահովել: Սակայն վերջերս տեղեկացանք, որ Ա. Բաբլոյանն իր ընկերությունը վաճառել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Ինչո՞ւ: Թերեւս միայն լրագրողական հետաքննությունը կպարզի այս գործարքի դրդապատճառները, մանավանդ եթե հստակեցնենք, թե հատկապես մեր որ պաշտոնյաներն են ուղղորդում այս ընկերությունը, իհարկե, չհաշված Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին…
Վաճառելով մի ապահովագրական ընկերությունը` Ա. Բաբլոյանը շարունակում է տիրապետել իր մյուս ապահովագրական ընկերությանը՝ այսպես դառնալով մեր երկրում ապահովագրական բիզնեսի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Փաստացի նա ղեկավարում է «Գարանտ լիմենս» բժշկական ապահովագրական ընկերությունը` պարտադրելով բոլոր մարզպետարաններին քաղծառայողների պարտադիր ապահովագրության պայմանագրերը կնքել հենց այդ ընկերության հետ: Ի դեպ, «Գարանտ լիմենս»-ը հավաքագրել է 455 մլն դրամ, ինչը Հայաստանում ամենաբարձր ցուցանիշն է: «Գարանտ լիմենս»-ի ամենախոշոր բաժնետերը Ա. Բաբլոյանի կինն է՝ Մանուշակ Բաբլոյանը, որը նաեւ «Արբես» բժշկական կենտրոնի տնօրենն է: «Գարանտ լիմենս»-ի խորհրդի նախագահն էլ Ա. Բաբլոյանի որդին է՝ Արման Բաբլոյանը:
Ճիշտ է, Բաբլոյանը հսկայական ընկերություն է վաճառել, պնդում է, թե «Գարանտ լիմենս»-ի սեփականատերը չէ այլեւս, բայց արի՛ ու տես, որ նաեւ սիրում է ունենալ փոքր բիզնես միջոցներ, ինչպես Փափազյան 32 հասցեում գտնվող ավտոկայանատեղին է, որից նա նույնպես եկամուտներ է ստանում…
Լինելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը` Ա. Բաբլոյանը լուռ վերաբերմունք էր ձեւավորել «Արտոնագրային վճարների մասին» օրենքի հարցում, որի գործարկումից առավելապես տուժեցին ատամնաբույժները: Իսկ հիմա հանկարծ սկսել է ինչ-որ կցկտուր հայտարարություններ անել… Այստեղ եւս հենց այնպես չի եղել նրա լռությունը: Հավանաբար ինչ-որ շահեր, այնուհանդերձ, եղել են: Ի վերջո, այդ օրենքը չի տարածվում «Արաբկիր» բկ-ի վրա, ուստի կարելի էր մեծ թվով ատամնաբույժների զրկել աշխատանքից՝ եկամուտները բերելով սեփական կենտրոն:
ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԲԱԲԼՈՅԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ