ԼՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՐԾՈՆ ՉԵ՞Ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» շնորհիվ հայ հանրության ուշադրությանը ներկայացվող սույն զեկուցագիրը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Թեեւ փաստաթուղթը կազմվել է 2006թ. փետրվարին, այն չի կորցրել իր նշանակությունը եւ վերաբերում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների փոխհարաբերություններին:

Ամերիկացի դիվանգետը, քննարկելով այնժամ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի պահվածքն ու ՀՀ իշխանությունների դիրքորոշումը նրա որոշ մեկնաբանությունների շուրջ, համոզված պնդում է, որ Քոչարյանը բացարձակապես իրեն է ենթարկել ԼՂ իշխանություններին եւ վերջիններս պաշտոնական Երեւանի որոշումների վրա մազաչափ ազդեցություն անգամ չունեն:
Այսպես, Էվանսը դիտարկում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի այն հայտարարությունը, որով կոչ էր արվում ՀՀ իշխանություններին դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ՝ որպես նախապայման առաջադրելով ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությունը: Դեսպանն արձանագրում է, որ ինչքան էլ այնժամ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը շտապել էր սրբագրել Ա. Ղուկասյանի խոսքը, այն, Էվանսի տպավորությամբ, լիովին անակնկալ էր ՀՀ իշխանությունների համար: Դիվանագետը նկատում է՝ Ղուկասյանն ու նրա շրջապատը վստահ են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, եւ թվում է՝ կրկին պատրաստակամ են տապալելու հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնությունը: Հատկանշական է, որ ԼՂՀ-ն բանակցային ֆորմատից դուրս թողնելով՝ Ռոբերտ Քոչարյանը կատարեց հայկական կողմի ամենամեծ սխալը, որը ցայսօր շտկել չի հաջողվում: Ցավոք սրտի, ԼՂՀ իշխանություններն էլ այդ հարցում վճռական չեն եւ մինչ օրս լրջորեն չեն բարձրաձայնել բանակցային սեղանի շուրջ իրենց տեղն ունենալու պահանջը: Նման իրավիճակում ԼՂՀ դիրքերը ակնհայտորեն թույլ են, եւ սպասվելիք հանգուցալուծումը պարզապես չի կարող դրական լինել Ղարաբաղի համար այնքան ժամանակ, քանի դեռ դրան հասնելու գործում Ղարաբաղը ուղղակի մասնակցություն չունի:
Անդրադառնալով Ղուկասյանի հայտարարություններին՝ դիվանագետը ծանուցում է վերջինիս համոզվածությունը, որ հրաժարվելով ԼՂ հետ անմիջական բանակցութուններից՝ պաշտոնական Բաքուն դրանք վերածել է քարոզչական արշավի: Ըստ այդմ, միայն ԼՂ-ի հետ անմիջական քննարկման պարագայում է հնարավոր հավատալ, որ Ադրբեջանն իսկապես հետաքրքրված է հակամարտության լուծման հնարավորություններ գտնելու հարցում: Զեկուցագրում մեջբերված է Ղուկասյանի պնդումը, ըստ որի՝ «Հայաստանի իշանությունները պիտի ընտրություն կատարեն՝ կա՛մ շարունակել բանակցությունները, հույսով, որ կգտնվի բոլոր կողմերին քչից-շատից բավարարող լուծում, կա՛մ հրաժարվեն դրանցից, մինչեւ Ադրբեջանը չհասկանա, որ անհնար է հասնել կոնֆլիկտի լուծմանն առանց Ղարաբաղի»: Նկատելի է, որ Ղուկասյանը շրջանցում է իրական փաստերը՝ մոռանալով, որ Ադրբեջանը մինչեւ 1998 թվականը այնքան էլ դեմ չէր ԼՂ-ի հետ բանակցելուն: Անշուշտ, Հայաստանում պալատական հեղաշրջումից հետո, ստանալով իրեն լիովին ձեռնտու բանակցային պայմաններ, Ադրբեջանը կոշտ դիրքորոշում որդեգրեց ԼՂՀ իշխանությունների ներգրավվածության հարցում, ինչը լիովին բնական էր ու տեղավորվում էր Ադրբեջանի պետական շահերի շրջանակում: Այդ Հայաստանի իշխանությո՛ւնն էր պարտավոր ճկուն կեցվածք որդեգրել եւ անարգել իշխանավարության թույլտվության դիմաց պետական շահերը մանրադրամի չվերածել:
Դեսպան Էվանսը հայտնում է, որ Վարդան Օսկանյանը շտապել էր հղկել Ղուկասյանի կարծիքը եւ մեղադրել լրագրողներին՝ հայտարարությունը սխալ հասկանալու համար: Օսկանյանը նշել էր, թե համընդհանուր կոնսենսուս կա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից, որ եթե հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն կայացվի, եւ աշխատանքը սկսվի պայմանագրի մանրամասների շուրջ, ԼՂ-ն միանալու է բանակցություններին: 2008թ. Մայնդորֆյան հռչակագրի ներքո դրված ստորագրություններով Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները պայմանավորվել էին որպես ելակետ վերցնել 2007թ-ին մշակված Մադրիդյան սկզբունքները: Ավելին՝ նույնիսկ անցյալ տարի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ծավալուն ելույթ էր ունեցել հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը, ըստ էության, համաձայնության արժանացավ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այսպիսով` հիմնարար սկզբունքները համաձայնեցված են, մինչդեռ ԼՂ-ն այդպես էլ չի դառնում բանակցությունների մասնակից: Արդյո՞ք սա ապացույց չէ այն բանի, որ ԼՂ հարցում ցայսօր տարվող բանակցություններում Հայաստանը գործնականում տանուլ է տալիս: Իսկ գուցե սա այն գի՞նն է, որ հարկավոր է վճարել սեփական իշխանությունը պահպանելու դիմաց:
Ամփոփելով Էվանսը արձանագրում է, որ Ղուկասյանն իր հայտարարությամբ գծել է այն սահմանները, որոնցից այն կողմ չի անցնելու: Ավելին՝ ամերիկյան կողմը համոզված է, որ «այդ մեկնաբանությունները Երեւանում որոշման կայացման վրա չեն կարող ազդել: Դրանք լոկ կարող են հանդես գալ իբրեւ մասնակի պատրվակ Քոչարյանի համար, եթե նա ցանկանա ձգձգել համաձայնությունը»: Դեսպանը համոզված է, որ Ղուկասյանն ու իր Կառավարությունն ամբողջովին կախված են ՀՀ իշխանությունից, եւ Քոչարյանը կոնկրետ այս հարցում տիրում է բոլոր խաղաքարտերին:
Ահա, թե ինչպիսին է Քոչարյանի վարած քաղաքականության արդյունքը, երբ նույնիսկ օտարներն են լիովին հասկանում, որ ԼՂ-ի իշխանութուններից որեւէ բան կախված չէ, եւ ԼՂ հակամարտության լուծման հացում նրանց կողմից դիմադրություն չի լինելու: Սերժ Սարգսյանն, ըստ էության, էլ ավելի խճճվեց Արցախի իշխանությունների կարգավիճակի նվազեցման գործում, ուստի Էվանսի վերոնշյալ դիտարկումները կարելի է համարել լիովին այժմեական՝ փոփոխելով լոկ անունները:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՆՎԵՐՆԵՐՈՎ ԴԵՊԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1

Տավուշի մարզի Դիտավան համայնքում այս տարի 6 երեխա է գնալու առաջին դասարան: Գյուղապետ Հակոբ Սարիբեկյանի խոսքերով՝ ծնելիության մակարդակը վերջին 3 տարում գյուղում մտահոգիչ է: Թեեւ գյուղն ապահովված է ոռոգման ջրով, որն այսօր հայաստանյան շատ համայնքների համար լրջագույն խնդիր է, այնուամենայնիվ, այս համայնքում եւս կենցաղում հետընթաց կա:

-Պարո՛ն Սարիբեկյան, գյուղում ինչպե՞ս են պատրաստվում սեպտեմբերի 1-ին:
-Սահմանամերձ համայնքների հետ համատեղ ծրագրեր ենք կատարել աշակերտների համար: Ոչ միայն առաջին դասարանցիներին, այլ մյուս դասարանցիներին պատրաստվում ենք նվերներ հանձնել:
-Դպրոցում քանի՞ աշակերտ կան:
-Այս պահին չեմ կարող ասել աշակերտների թիվը, քանի որ դիմում դեռեւս չկա: Ընդհանուր ծնելիության վիճակը վերջին 3 տարում լավ չի եղել: Անցած տարի առաջին դասարանում եղել է 6 երեխա, իսկ ընդհանուր՝ 38:
-Գյուղում ի՞նչ տարիքի մարդիկ են ապրում:
-Այնպես չի, որ մենակ տարեցներ են: Երիտասարդներ էլ կան բավականին, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ, ջերմոցային տնտեսություններով: Ոռոգման ջրով ապահովված ենք:
-Սահմանադրական փոփոխությունների մասին գյուղացիները ի՞նչ կարծիք ունեն: Կո՞ղմ են, թե՞ դեմ:
-Ճիշտն ասած, գյուղացին շատ զբաղված է: Ամռանը գյուղացուն չես գտնի, որ մի բան խոսես: Բայց իմ կարծիքով վատ չեն տրամադրված:
-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում Սահմանադրական բարեփոխումների մասին:
-Դրական: Ըստ իս` վատ չէ:

Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

 

 

 

 
ԳՆԱՑԵԼ Է ԶՈՐԱՄԱՍ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր: Նախագահը ծանոթացել է ծառայության ընթացքին ու պայմաններին եւ զինվորների առօրյային: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, նոր զինտեխնիկայով համալրումը եղել է ու կմնա պետության կարեւորագույն առաջադրանքներից մեկը, եւ այսուհետ էլ կարվի հնարավորն այս ուղղությամբ: Նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Երեւանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում մայրաքաղաքի Իսահակյան 22/10 հասցեի գետնանցումը կահավորվել է հատուկ կարիքներով մարդկանց համար նախատեսված արտասահմանյան արտադրության վերելակով:
Վերելակի աշխատանքը առաջինը փորձարկել է հաշմանդամների «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը, ով իր գոհունակությունն է հայտնել հատուկ կարիքներով մարդկանց համար մայրաքաղաքում կյանքի կոչված հերթական նախաձեռնության առիթով եւ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը վերջին տարիներին լրջագույն ուշադրություն է դարձնում ոլորտի խնդիրներին, որոնք քաղաքային իշխանությունների հետեւողականության շնորհիվ գնալով ավելի նվազում են:
Հարկ է նշել, որ վերելակները նախատեսված են նաեւ մանկասայլակների համար: Վերելակների առկայության վերաբերյալ կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, իսկ կոնկրետ շահառուներին վերելակից ինքնուրույն օգտվելու հարցում կաջակցեն տարածքի անվտանգության ծառայության աշխատակիցները:

 

ԲԱՎԱՐԱՐ
Ընթացիկ տարվա ծրագրերի՝ ներկա դրությամբ արձանագրված արդյունքներն է ամփոփել ու նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներն է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Օգոստոսի 24-ի դրությամբ արդեն 11.234 առաջին դասարանցի է ընդունվել դպրոցներ: 2014 թվականի սեպտեմբերի 5-ի դրությամբ առաջին դասարանցիները 11.502-ն էին: Մասնավոր դպրոցների աճի պայմաններում, անգամ, Գայանե Սողոմոնյանը այս ցուցանիշը բավարար է գնահատում: Այս օրերին ընթացքի մեջ է դասագրքերը, օժանդակ, ուսումնական, մեթոդական նյութերի բաշխումը դպրոցներին. 1-4 դասարանների դասագրքերն էլ անվճար են: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը վստահեցնում է՝ պակասող գրքեր չեն լինի. հակառակ դեպքում պակասը կլրացվի սեպտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում:




Լրահոս