Եթե էլիտար զուգարանների վրա ծախսված 340 հազար դոլարից մենք էյֆորիայի մեջ ենք ընկնում, ապա կառավարության ընդհանուր անիմաստ ծախսերից կարող ենք տրանսի մեջ հայտնվել: Օրինակ՝ միայն արտաքին հարաբերությունների հետ կապված ծախսերի համար 2012թ. նախատեսված է եղել 9,5 մլրդ դրամ, իսկ թե այդ 9,5 միլիարդի ինչքան մասն է արդյունավետ եւ տեղին ծախսվել, կարելի է եզրակացնել՝ կարդալով ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված տարեկան հաշվետվությունները:
Այսպես, ըստ ԱԳՆ հաշվետվությունների՝ 2012թ. ընթացքում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր պատվիրակությամբ պաշտոնական այցեր է կատարել Վիետնամ, Կորեայի Հանրապետություն, Սինգապուր, Ինդոնեզիա, Ֆիլիպիններ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մեքսիկա, Գվատեմալա, Կոստա Րիկա: Այս ցանկում, իհարկե, կան պետություններ, որտեղ այցելությունը, հարաբերությունների հաստատումը կամ ամրապնդումն ու զարգացումը երկրի համար կարող են կարեւոր նշանակություն ունենալ: Սակայն ոչ այնքան հասկանալի է, թե ինչ կարող են տալ Հայաստանին ԱԳ նախարարի եւ իր պատվիրակության՝ Վիետնամ, Ֆիլիպիններ, Նոր Զելանդիա կամ էլ Գվատեմալայի եւ Կոստա Րիկայի տիպի՝ «Ճ կլասի» պետություններ այցերը: Էլ չենք խոսում այդ այցելությունների վրա կատարված ծախսերի մասին, որոնք հաշվելն անհնարին չէ՝ նախարարի եւ պատվիրակության անդամների ճանապարհածախս, հյուրանոցային ծախսեր եւ այլն:
Նույն հաշվետվության մեջ նշված է, որ 2012թ. դեկտեմբերին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մասնակցել է Մեքսիկայի նախագահի երդմնակալության արարողությանը: Գրեթե համոզված ենք, որ Մեքսիկայի նախագահն առանց Արմեն Գեւորգյանի ոչ կերպ «յոլա գնալ» չէր կարող:
Իսկ Նալբանդյանի՝ Գվատեմալա այցն անպտուղ չմնաց, քանի որ երեկ արդեն կառավարությունը քննարկում էր միջազգային մեծ հեղինակություն վայելող այդ պետության հետ մշակութային հարաբերությունների խորացման հարցը: Չենք զարմանա, եթե մեկ տարի հետո պատմության դասագրքերում կամ տարբեր հոդվածներում գրվի հայ եւ գվատեմալացի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Կամ էլ միգուցե մեր «տաղանդավոր» պետական գործիչները հույս ունեն, որ Գվատեմալայի նման «կորած» պետությունը մի օր կարող է հանդգնել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությո՞ւնը:
Ի դեպ, 2012-ի հաշվետվությունում կար եւս մի ուրախալի եւ հուսադրող լուր՝ Շարմ էլ Շեյխում Էդ. Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Կոնգոյի Հանրապետության նախագահի, Կամերունի, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Սենեգալի, Կոտ դ՛Իվուարի, Բուրկինա Ֆասոյի, Ինդոնեզիայի, Մյանմարի, Նոր Զելանդիայի, Շրի Լանկայի, Բութանի իր գործընկերների հետ: Այսինքն՝ ինչպես ասում են՝ «ջաններս յուղենք», քանի որ ապագայում մեկ էլ տեսար ԱԳ նախարարը պաշտոնական այցերով մեկնի Կոնգո, Սենեգալ, Բուրկինա Ֆասո կամ էլ, ինչո՞ւ չէ, Տուվալու, Ուգանդա, Բուրունդի, Գրենադա, Սյերա Լեոնե, Հոնդուրաս եւ նմանատիպ «հայտնի եւ միջազգային հեղինակություն վայելող» պետություններ: Ամեն ինչ հնարավոր է, իսկ մենք պետք է լինենք ուժեղ եւ միասնական եւ պատրաստ լինենք ապրել, աշխատել ու հարկեր վճարել հանուն զուգարանների եւ Բուրկինա Ֆասոյի:
ՀԱՆՈՒՆ ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈՅԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ