Նախկին նախարարի ընկերությունը՝ սնանկացման եզրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանդարյանի բազալտի հանքը շահագործող «Ընդերքաբեր» ՍՊԸ-ն սնանկացման եզրին է. ի թիվս այլ պարտավորությունների՝ այն ժամկետանց պարտքեր ունի նաեւ Երեւան համայնքին: Այս ընկերությունը կապվում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանի անվան հետ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ «Ընդերքաբեր» ընկերությունը հիմնադրվել է Արամ Հարությունյանի բնապահպանության նախարար նշանակվելուց մեկ տարի անց՝ 2008 թվականին, հիմնադիրը նախարարի եղբայր Արայիկ Հարությունյանն է: Մինչեւ 2009 թվականի ամառը ընկերության միակ բաժնետերը «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ն է եղել: Իսկ ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ «Նաիրի ՃՇՇ» ԲԲԸ-ի բաժնետերերից մեկն էլ Արամ Հարությունյանն է: Ներկայումս, սակայն, ՀՀ պետռեգիստրում նշված է, որ «Ընդերքաբեր» ՍՊԸ-ի հիմնադիրը ոմն Գեւորգ Արշակյանն է: Նշենք, որ ընկերությունը Սպանդարյանի բազալտի հանքը շահագործելու բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը ստացել է այն ժամանակ, երբ Արամ Հարությունյանը բնապահպանության նախարար էր:

Սակայն երկու տարուց ավել է, ինչ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի: Ավելին՝ ընկերության դեմ մի քանի դատական հայցեր կան: Շատերն ընկերության խնդիրները կապում են Արամ Հարությունյանի` նախարարի պաշտոնից ազատվելու հետ: Ճիշտ է՝ նա դրանից անմիջապես հետո նշանակվեց Կոտայքի մարզպետի պաշտոնում, սակայն դա նրան չօգնեց ընկերությունը այդ վիճակից դուրս հանելու հարցում: Նշենք, որ Հարությունյանը ներկայումս զբաղեցնում է ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

«Ժողովուրդը» տեղեկացավ, որ «Ընդերքաբեր» ընկերությունը պարտք է նաեւ Երեւան համայնքին: Եւ այս խնդիրը լուծելու նպատակով Երեւան համայնքը նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով: Բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ ընկերությունը ժամանակին չի կատարել հողի վարձավճարների մարումը: Իսկ ահա «Ընդերքաբեր»-ը հակառակն է պնդում` հավաստիացնլով, որ ընկերությունը 2014 թվականի հունվարի 29-ին համայնքի հաշվեհամարին փոխանցել է 7 մլն 100 հազար դրամ:

Տեղեկացնենք, որ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2009 թվականի մայիսի 5-ից մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը վարձակալության իրավունքով «Ընդերքաբեր»-ին է տրամադրել Երեւան քաղաքի Սպանդարյանի բազալտի հանքավայրում գտնվող 24.81 հա մակերեսով հողամասը: Սակայն այս տարվա մարտի 4-ին դատարանը կարճել է վարույթը՝ հայցվորի կողմից հայցադիմումը հետ վերցնելու հիմքով: Ամենայն հավանականությամբ, ընկերությունը վճարել է պարտքը: Սակայն մի քանի ամիս անց՝ հուլիսի 20-ին, Երեւան համայնքը կրկին դիմել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Ընդերքաբեր»-ին սնանկ ճանաչելու պահանջով:

Այս գործով նախնական դատական նիստը նշանակված է այս տարվա հոկտեմբերի 2-ին:
Տեղեկանալու համար, թե այս հայցի հետ կապված ինչ դիրքորոշում ունի ընկերությունը, «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց «Ընդերքաբեր» ընկերության հետ, սակայն մեզ հետ խոսեց ընկերության գլխավոր մեխանիկ Գարիկ Բայրամյանը, ով հայտարարեց, որ տնօրեն Յագոր Խերիմյանը Հայաստանում չէ: Նշենք, որ մեզ հետաքրքրող հարցերին Բայրամյանը խուսափողական պատասխաններ էր տալիս` շարունակ նշելով, որ ոչնչից տեղյակ չէ:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Ընդերքաբեր»-ի սնանկության գործերով կառավարիչ Հովհաննես Եղյանի հետ, ով ասաց, որ այս պահին հստակ տեղեկություն չկա, թե ընկերությունը որքան է պարտք Երեւանի քաղաքապետարանին կամ, առհասարակ, պա՞րտք է, թե՞ ոչ: «Թեեւ նշեմ, որ ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ Երեւանի քաղաքապետարանին ունեցած պարտքը մարել են, սակայն քաղաքապետարանից էլ հակառակն են համոզում: Այս պատճառով էլ Երեւան համայնքը կրկին դիմել է դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Նիստ կլինի, կողմերը կքննարկեն, կհստակեցնեն իրենց պահանջի չափը: Գուցե՞ մուծել են, տեղյակ չեմ, բայց ինքս պարտատոմս ո՛չ ստացել եմ եւ ո՛չ էլ դատարան են ներկայացրել»,- պարզաբանեց Եղյանը:

Նրանից տեղեկացանք, որ «Ընդերքաբեր»-ը ցանկանում է փոփոխել Երեւանի քաղաքապետարանի կողմից ընկերությանը տրամադրված տարածքի չափը: «Ասում են, որ պայմանագրով նախատեսված մակերեսը շատ է: Ըստ այդմ, կնվազի նաեւ Երեւան համայնքի պայմանագրով նախատեսված պահանջի չափը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զանգահարեց նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանին, սակայն վերջինս, ինչպես միշտ, չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս