Դատական վեճում կողմերը տարբեր լեզուներով են խոսում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայանքների ընդհանուր իրավասության դատարանում, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ, կայացավ Պնախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի հայցի քննության հերթական դատական նիստը: «Հրապարակ» օրաթերթն այս առիթով գրում է. «Ռուզաննա Խաչատրյանի եւ մեր թերթի միջեւ դատական վեճում կողմերը եւ դատավորը, կարծես, տարբեր լեզուներով են խոսում։ Երեկվա նիստում հայցվորի փաստաբանը ներկայացնում էր վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցադրումներ, պատասխանողի պաշտպանները՝ ապացուցման ենթակա փաստեր, իսկ դատավորը՝ Ռուբեն Վարդազարյանը, իրար միացնելով այս երկու տերմինները, կողմերից պահանջում էր դիրքորոշում ներկայացնել ապացուցման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների եւ փաստերի վերաբերյալ։ Օրինակ, Ռուզաննա Խաչատրյանին ներկայացնող Կարեն Մեժլումյանն էական է համարում հետեւյալ հարցադրումը․ «Հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյա՞լ է, թե՞ ոչ»։ Դատավորն ուղղում էր․ «Դա հարցադրում է, Դուք պետք է փաստ նշեք՝ էական նշանակություն ունեցող»։

Իսկ պատասխանողին ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը հրաժարվում էր պատասխանել հարցերին, ասելով․ «Ես չեմ հասկանում, թե արդյոք ո՞ղջ հոդվածի մասին է խոսքը, թե՞ կոնկրետ հատվածների։ Մենք չենք պատասխանում այդ ընդհանրական հարցին»։ Նա առաջարկեց դատարանին վերադառնալ Դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգին։ «Մենք հիմա պետք է քննարկենք ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, դրանք ներկայացնում է հայցվորը, կներկայացնենք նաեւ մենք։ Փաստերի հերքում կամ ընդունում մենք այս փուլում չենք իրականացնում եւ չենք հասկանում, թե դատավարական որ ընթացակարգով մենք պետք է հիմա դիրքորոշում հայտնենք այն փաստերի վերաբերյալ, որոնք պետք է դատաքննության ընթացքում հիմնավորենք, ինչո՞ւ պետք է հիմա այս փաստերին անդրադառնանք»։ Ինչին ի պատասխան, դատավորը հորդորեց չուղղորդել դատարանին։ Դահլիճում ներկա լրագրողները խճճվել էին այս իրավաբանական նրբություններում եւ կորցրել էին նյութի թելը։ Կարեն Մեժլումյանը ներկայացրեց ապացուցման ենթակա հիմնական հանգամանքը՝ որ Սյուզան Սիմոնյանի «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում զրպարտություն կա։ «Ո՞ր արտահայտության մասին է խոսքը, ասեք, որ հստակ լինի, թե որ արտահայտությունն եք համարում զրպարտություն»,- ասաց դատավորը։ Եվ Օհանյանի կնոջ փաստաբանը կարդաց «Հրապարակի» հոդվածի հայտնի պարբերությունն այն մասին, որ «որոշ լրատվամիջոցներ խորացան Սեյրան Օհանյանի եւ կնոջ «թեթեւ ծանոթության», 2003 թվականի ավտովթարի մասին, հարբած կնոջ մասնակցությամբ…» եւ այլն։ Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչը կրկին հրաժարվեց կատարել դատարանի հորդորը եւ դիրքորոշում հայտնել։ «Փաստն այն է, որ մեր վստահորդը եւ «Հրապարակ» օրաթերթը կատարել է այս հրապարակումը, փաստն այն է, որ այդ հոդվածում արձանագրված է այն, ինչ ընթերցվեց եւ հրապարակվեց հայցվորի կողմից։ Հիմա զրպարտո՞ղ է, թե՞ ոչ, արատավո՞ր, է թե՞ ոչ․ այս հարցերն ապացուցման ենթակա են դատական քննության ընթացքում։ Այս հարցերի վերաբերյալ մենք նախապատրաստական փուլում պատասխան չունենք»,- ասաց Տիգրան Եգորյանը եւ առաջարկեց լրագրողների համար հետեւյալ էական փաստերը․

  1. «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի առանցքը հանրային շահին վերաբերող խնդիր է, հասարակության շրջանում հանրային նշանակության կարեւոր խնդիրների վերաբերյալ լայն քննարկում խթանող, քաղաքական եւ հասարակական գործիչների կողմից ավելի հանդուրժողական լինելու շեշտադրումով։
  2. Հիշյալ հատվածը հիմնված է որոշակի փաստական հանգամանքների վրա, եւ դրա վիճարկվող հատվածում առկա տեղեկությունների վերաբերյալ մամուլում եղել ենհրապարակումներ։
  3. hzham.am-ը համարվում է ԶԼՄ, քանի որ համապատասխանում է «ԶԼՄ»-ների մասին օրենքով սահմանված չափանիշներին։
  4. Հոդվածում ներկայացված է Ռուզաննա Խաչատրյանի տեսակետը նույնաբովանդակ տեղեկությունների վերաբերյալ։
  5. Ռուզաննա Խաչատրյանը համարվում է հանրային անձ։
  6. Հիշյալ հոդվածից հետո պատասխանողը հրապարակել է հայցվորի դիրքորոշումը ներկայացնող նյութեր, ապահովել է հավասարակշռված լուսաբանում։

Կողմերի ներկայացրած բոլոր կետերից միակը, որի վերաբերյալ նրանք համաձայնության եկան, Մեժլումյանի պնդումն էր, որ «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը հրապարակային է։ Սյուզան Սիմոնյանի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը, սակայն, ուղղում մտցրեց, ասելով, որ ընդունում ենք հայցվորի ներկայացրած այս փաստը, որովհետեւ այն «ուղղակի հանրահայտ հանգամանք է, որն ապացուցման կարիք չունի»։

ՀԳ․ Զարմանալի է, թե ինչու Մեժլումյանն ապացուցման ենթակա հանգամանքների ցանկում չի նշել այլ հանրահայտ փաստեր։ Օրինակ, որ Ռուզաննա Խաչատրյանը Սեյրան Օհանյանի կինն է։ Հետաքրքիր է իմանալ նաեւ, թե որն է ոչ հրապարակային հոդվածը։ Երեւի այն հոդվածն է, որը մարդը գրում է իր համակարգչով եւ կարդում է իր ընտանիքի 2-ից ոչ ավելի անդամների համար։ Դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, 15։30-ին։ Դատավորը կողմերի միջեւ կբաշխի ապացուցման ենթակա փաստերի բեռը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս