«Արարատ իշխան» ընկերության տնօրեն Արամ Մանուկյանն ավելի քան երկու շաբաթ է, ինչ սպասում է 200 կգ թառափը ոչնչացրած ռուսական կողմի պարզաբանմանը: Ըստ ռուսական կողմի՝ ձկան ոչնչացման պատճառը եղել է այն, որ ընկերությունը համապատասխան փաստաթուղթ չի ունեցել՝ դեպի ՌԴ ձուկ արտահանելու համար: Հիմա ընկերությունը հայտնվել է դժվարին կացության մեջ. առաջիկայում հնարավոր է՝ կորցնի իր ռուս գործընկերներին: Հենց այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության տնօրեն Արամ Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ նորություններ ունեք ռուսական կողմից:
-Դեռ ոչ մի նորություն չկա: Ի՞նչ անեմ, ամբողջ Կառավարությունը զբաղվում է այս գործով: Իրենց անելիքն է, ես ի՞նչ ունեմ անելու:
-Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Կառավարությունը զբաղվում է այս հարցով, բայց ոչ մի առաջընթաց չկա…
-Ես դեմ չեմ, բայց հասկանում եք, որ հայկական կողմից ոչ մի խոչընդոտ, սխալ բան չի կատարվել, այլ ռուսական կողմից է այն եղել: Հիմա մերոնք ասում են, որ զբաղվում են, իսկ ես էլ այս երկրի քաղաքացի եմ ու հավատում եմ իրենց՝ իմ Կառավարությանը: Ասում են՝ սպասի, ես էլ սպասում եմ: Թե ինչին եմ սպասում, ես ինքս էլ չգիտեմ: Պուտինին կարո՞ղ եմ դատի տալ (ժպտում է-Ս.Հ.):
-Իսկ նոր խմբաքանակ արտահանելու մասով ի՞նչ եք մտածում:
-Հիմա ի՞նչ արտահանեմ, չեմ կարող, մինչեւ չկարգավորվեն այս հարցերը: Տանեմ, նորից 1.5 մլն գցե՞մ ջուրը: Դեռ նախորդի պարտքերը չեմ կարողանում մարել, սոված-ծարավ նստած եմ տանը:
-Մեկ այլ երկիր չե՞ք պատրաստվում արտահանել: Օրինակ՝ Վրաստանի Հանրապետություն:
-Վրաստանի հետ երբեւէ չեմ աշխատել եւ ծանոթ չեմ իրենց օրենքներին: Մենք ՌԴ-ում, մասնավորապես Սոչիում եւ Մոսկվայում գտել էինք համապատասխան մարդիկ եւ պետք է պայմանագրեր կնքեինք: Բայց այնպես ստացվեց, որ ամեն ինչ մնաց կիսատ:
-Պարո՛ն Մանուկյան, իսկ կրած վնասների փոխհատուցման մասով ոչ մի խոսակցություն չի՞ ընթացել:
-Ձեր կարծիքով՝ ո՞վ պետք է իմ վնասները փոխհատուցի: Հայկական կողմն ասում է, որ սխալ բան չի արել: Մարդիկ ասում են, որ զբաղվում են: Ես էս երկրի քաղաքացի եմ, հարկերը պարտաճանաչորեն վճարում եմ, ոչ մի օրենք չեմ խախտել, իսկ պետությունը պարտավոր է իր օրինավոր քաղաքացուն պաշտպանել: Մութ ու ցուրտ տարիներին ապրել ենք, յոլա գնացել, տալոնով ենք ապրել, հիմա չե՞նք կարող:
-Ուղղակի հարցի լուծումը, չգիտես թե ինչու, ձգձգվում է, եւ սրա արդյունքում տուժում է ընկերությունը:
-Այսպես թե այնպես տուժում ենք: Իսկ ես ոչինչ չեմ կարող անել, ստիպված եմ սպասել: Չեմ էլ կողմնորոշվում, թե ինչ անել:
-Հնարավո՞ր է, որ այս ամենի արդյունքում կորցնեք Մոսկվայի, Սոչիի Ձեր գործընկերներին:
-Բնական է, որ կկորցնեմ: Ամեն օր Սոչիի գործընկերների հետ վիճաբանության մեջ եմ, որովհետեւ մարդիկ ծախսեր են արել՝ հույս ունենալով, որ ես ապրանք կուղարկեմ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ